• Tue. Jan 19th, 2021

Արցախի նախագահը այնքան էլ հակված չէ իշխանությունը զիջելու

Հունվարի 3-ին Հայաստանում վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակի, հետպատերազմական խնդիրների, մարտահրավերների և այլ հարցերի առնչվող թեմաներ:

Հանդիպմանը Արայիկ Հարությունյանի մասնակցությունը մի կողմից բնական է՝ եթե քննարկվում են Արցախի իրավիճակին և այնտեղ Հայաստանի օժանդակությամբ անելիքներին վերաբերող հարցեր, մյուս կողմից տալիս է հատկանշական դիտարկման առիթ Արցախում առկա քաղաքական իրողությունների առումով, մասնավորապես Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին ելույթների: Այդ ելույթներով Բալասանյանը ակնհայտորեն ստեղծեց տպավորություն, որ իշխանությունն Արցախում այլևս պատկանում է իրեն՝ Անվտանգության խորհրդի խողովակով, իհարկե: Այդ տպավորությանը որոշակիորեն նպաստել էր նաև դրան նախորդած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի ուղերձը, որը կարծես թե լիներ հրաժեշտի նախերգանք:

Միևնույն ժամանակ, սակայն ուշադրության է արժանի այն, որ Վիտալի Բալասանյանի հայտնի հարցազրույցին հաջորդեց նաև նրա գլխավորած կուսակցության և Արցախի ՀՅԴ հայտարարությունը, որտեղ նշվում էր, թե Արայիկ Հարությունյանը խախտում է իր իսկ հռչակած Ազգային համաձայնության սկզբունքը: Նշանակո՞ւմ էր դա արդյոք, որ Արցախի նախագահը այնքան էլ հակված չէ իշխանությունը զիջելու: Արցախի նախագահի խոսնակը հայտարարում է, որ նախ Սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահին հրաժարական տալ առնվազն մինչև մայիսի 26: Հետո ասվում է, որ կան բազմաթիվ խորքային անելիքներ նոր ընտրության միջավայր նախապատրաստելու համար:

Կա՞ Արցախում Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան դիմակայություն կամ պայքար իշխանության համար, թե՞ այստեղ երկու անձի խնդիր չէ, այլ մոտեցումների և քաղաքական հոսքերի, ընդհուպ Ռուսաստանից եկող: Այն, որ Վիտալի Բալասանյանի պարագայում դա նշմարվում է, վկայում են նրա մոտեցումները Արցախի հետագա ընթացքի վերաբերյալ, որտեղ նա կարծես թե ավելի մեծ դեր է տալիս Ռուսաստանին, քան Հայաստանի հետ ռազմա-քաղաքական կոմունիկացիային:

Մի կողմից դա ներկայիս իրավիճակով պարտադրված օբյեկտիվ իրողություն է, մյուս կողմից սակայն խնդիրն էլ թերևս նոր ստատուս-քվոյի պայմաններում Հայաստանի հետ կոմունիկացիայի վերականգնումն ու վերստեղծումն է:

Մինչդեռ հայտնի է, որ Արցախի ԱԽ քարտուղարը առաջարկում է արցախյան ռազմուժի անկախություն Հայաստանից: Իր հերթին, Հայաստանի ԱԽ նիստին Արցախի նախագահի մասնակցությունը առնվազն հարց է առաջ բերում, թե արդյո՞ք այդ մասնակցությունը խոսում է Արայիկ Հարությունյանի անհամաձայնության, կամ Արայիկ Հարությունյանի միջոցով պաշտոնական Երևանի անհամաձայնության մասին:

Իրավիճակը խոշոր հաշվով ցավալիորեն օրինաչափ է պատերազմի և դրա հետևանքի համատեքստում: Մյուս կողմից սակայն, ակնառու է, որ այստեղ Երևան-Ստեփանակերտ որևէ դիմակայության խորացումը, կամ այդ համատեքստում Արցախի ներքին կյանքում որևէ ինտրիգի խորացումը կարող է ձեռնտու լինել միայն հայկական պետականության ու սուբյեկտության հակառակորդներին: Իսկ պատերազմը բավականին պարզորոշ արեց այդ շրջանակը հերթական անգամ: Ըստ այդմ, ակնառու է, որ իրավիճակը ուզենք, թե ոչ, չի կարող ենթադրել նախկին իրողությունների վերականգնում, սակայն առավել քան պահանջում է Հայաստան-Արցախ ներդաշնակ ռազմավարության առկայություն, իհարկե տակտիկական ճկունության տարբեր սցենարների տնօրինումով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •