• Wed. Jan 20th, 2021

Իրավիճակը պատերազմի էր հասել վաղուց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, թե ինչու եղավ 44-օրյա պատերազմը, ու ինչու հնարավոր չէր խուսափել դրանից, արժանացել է հասկանալի ուշադրության և բուռն քննարկումների: Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի ավելի քան քառորդդարյա տրամաբանությամբ է պայմանավորում այն, որ իրավիճակը հասել էր այն կետին, որտեղ չկային այլևս հայկական իրավունքներ բանակցային սեղանին, և քննարկվում էր միայն Ադրբեջանի իրավունքը՝ տարածքների և անգամ կարգավիճակի որոշման հարցում:

Անկասկած է, որ հոդվածով Նիկոլ Փաշինյանը փորձում է առավելագույնս ցույց տալ, որ իրավիճակը պատերազմի էր հասել վաղուց, և իր պատասխանատվությունը չէ պատերազմի հասցնելը, ինքը պարզապես չի կարողացել անել այնպես, որ խուսափենք պատերազմից կամ հաղթենք այդ պատերազմում: Գուցե ժամանակի ընթացքում կլինեն հոդվածի առանձին հատվածներ ու հանգամանքներ դիտարկելու առիթներ և անհրաժեշտություն, սակայն ակնառու է, որ հոդվածի բուն նպատակն ու տողատակը դա է: Հավատա՞ հանրությունը դրան, թե՞ ոչ. սա, իհարկե, ամենաբարդ հարցն է:

Կա փաստ, որ բանակցային գործընթացը իսկապես քառորդդարյա տրամաբանության մեջ կառուցվել է ադրբեջանական իրավունքների արձանագրման տրամաբանությամբ, ինչը բավականին տարօրինակ է, եթե նկատի ունենանք, որ հաղթողը եղել է հայկական կողմը: Կա միաժամանակ նաև փաստ, որ քառորդդարյա այդ տրամաբանության պայմաններում չի եղել պատերազմ կամ չի եղել լայնամասշտաբ պատերազմ: Մյուս կողմից՝ կա նաև փաստ, որ սկսած գործնականում 2012-13 թվականներից Ադրբեջանը սկսել է, այսպես ասած, սողացող պատերազմ՝ շփման գծում և հայ-ադրբեջանական Տավուշի սահմանին մեծացնելով լարվածությունը, հրադադարի խախտումների ինտենսիվությունը, տրամաչափը: Դա բերել է զոհերի թվի մեծացման, միջադեպերի ավելացման: 2013-ից մինչև 2015-ի ապրիլ կարող ենք թվարկել բազմաթիվ լոկալ բախումներ, որոնք հանրագումարում կազմում են սողացող մեծ պատերազմ: Այդ ամենում Ադրբեջանը չի արժանացել Մինսկի խմբի համանախագահության կոշտ և միարժեք դիտողության, ինչը հատկանշական է: Այդպիսով, պատերազմի հասունացումն ու հիբրիդային բնույթով ընթացքը ակնհայտ էին: Եվ ակնհայտ էր, որ միջնորդ համանախագահները չէին բռնում Բաքվի ձեռքը:

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը թե՛ ապրիլյան պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո հրապարակ էր բերել հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցը: Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում դրան և չի անդրադառնում հանգամանքին, թե օրակարգում ինչ դեր և նշանակություն է ունեցել այդ հարցը, և թավշյա հեղափոխությունից հետո Երևանն ինչ ծավալի աշխատանք է փորձել կատարել այդ ուղղությամբ: Թե՞ ԱՄՆ նոր վարչակազմը կորցրել էր հետաքրքրությունը Օբամայի վարչակազմի այդ գաղափարի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը բավականին թափանցիկ ակնարկով ցույց է տալիս, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ուներ Հայաստանի ռազմավարական շահին ու անվտանգությանը հակասող քաղաքական դիրքորոշում ու պլան: Թե ինչու էր այդպես կամ ինչով էր դա պայմանավորված, այլ հարց է: Մեղմ ասած, միամտություն կամ գիտակցված նենգափոխում է կարծել, թե դա պայմանավորված էր թավշյա հեղափոխությամբ, որովհետև այդ դիրքորոշումն ու պլանները Ռուսաստանն ուներ դրանից առաջ:

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ չի հաջողվել ձևավորել հակակշիռ, որն իհարկե կարող էր լինել միայն Միացյալ Նահանգները: Հայաստանի նոր իշխանությո՞ւնը չի աշխատել բավարար, թե՞ Նահանգները Թրամփի վարչակազմի ժամանակահատվածում բավարար շահագրգռված չի եղել Արցախում հայկական ստատուս քվոն պահելու հարցում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •