• Wed. Jan 20th, 2021

Ռուսաստանի գնալով ավելի թուրքահաճո եւ թուրքահպատակ քաղաքականությունը

Խոսվում է Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման մասին: Եռակողմ հայտարարությունից հետո «բանավոր պայմանավորվածությունները» Հայաստանի մասով ճշգրտելու կարիք կա, հնարավոր է նաեւ՝ ինչ որ փաստաթղթի ստորագրմամբ կամ դրա նախապատրաստմամբ:

Կարեւոր է, որպեսզի Հայաստանը գրավոր հրաժարվի իր իրավունքներից ու սուբյեկտությունից: Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շտապում են այս հարցում, նրանք կախված են Երեւանի ստորագրությունից, թեեւ այս հանգամանքը Հայաստանում չի գիտակցվում պրիմիտիվ քաղաքական սխեմաներին ու մեկուսացմանը քաղաքական դասի հակվածության ուժով:

Ռուսաստանը մտնում է «իշխանության տրանզիտի» ժամանակաշրջան ներքին անկայության ու փլուզումների եւ արտաքին հնարավոր ճնշումների պայմաններում: Ռուսաստանը կարող է դասվել ահաբեկիչ պետությունների շարքին, որի համար նախադրյալներ են ստեղծվել Նավալնու թունավորման հարցում միջազգային բացահայտումներով: Ըստ էության, դրան կարող է գումարվել Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի հանգամանքը: Մի շարք երկրների խորհրդարաններում ընդունված բանաձեւերը Բաքվի ագրեսիայի վերաբերյալ, Մինսկի խմբի համանախագահների հարցադրումները ՌԴ-ին Արցախի օկուպացիայի եւ կարգավիճակի, Թուրքիայի դերի վերաբերյալ նախադրյալներ են ձեւավորում նաեւ այդ հարցում:

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն ու հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը չեն լուծում խնդիրը: Նույնիսկ եթե Հայաստանը «լեգիտիմացնում է» Մոսկվային ու Բաքվին անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները եւ հրաժարվում իր իրավունքներից, Արցախի կարգավիճակի հարցը մնում է ունիվերսալ լծակ Ռուսաստանի ու «Ադրբեջանի» հանդեպ քաղաքականության մեջ: Դա են վկայում ոչ միայն վերոհիշյալ բանաձեւերն ու հարցադրումները, այլեւ ԱՄՆ հետախուզության առաջնահերթություններում Ղարաբաղի կարգավիճակի ու պատերազմական հանցագործությունների խնդիրները: Ավելին, Հայաստանի «համաձայնությունը» կարող է հակառակ էֆեկտ ունենալ:

Ռուսաստանի գնալով ավելի թուրքահաճո եւ թուրքահպատակ քաղաքականությունը միայն բարդացնում է նրա իրավիճակը եւ նույնացնում ՌԴ-ին որպես պատերազմի կողմ եւ ոչ հավասար հեռավորություն պահող միջնորդ: ՌԴ-ն իրեն մատնեց նաեւ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի տարածք հայտարարելով, թեեւ Ալիեւը տարիներ շարունակ տրտնջում էր այդ նույն միջազգային իրավունքից, որը չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նման պայմաններում, «Ադրբեջանի» էքզիստենցիալ նշանակությունը Ռուսաստանի համար խնդիր է դառնում երկուսի համար էլ: 2021-ը նոր արհավիրքների տարի է լինելու բոլորի համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •