• Tue. Jan 19th, 2021

Ռուս-թուրքական նոր և էական պայմանավորվածությունների կարիք՝ առավելապես Մոսկվայի համար

2020 թվականի ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպումներով: Նախ հանդիպեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Դրանից հետո հանդիպել են Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Ծառուկյանը: Բոլոր կողմերը կրկնել են մինչ այդ իրենց դիրքորոշումները, մի կողմից՝ վարչապետի հրաժարականի, մյուս կողմից՝ հրաժարական չտալու և հանգուցալուծումը ժողովրդական կամարտահայտման միջոցով իրականացնելու վերաբերյալ:

Այդ ընթացքում, երբ Հայաստանում տեղի էին ունենում Մարուքյան-Փաշինյան կամ, առավել ևս, Փաշինյան-Ծառուկյան հանդիպումները, ՌԴ Սոչի քաղաքում հանդիպում էին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Լավրովն ու Չավուշօղլուն, որոնք քննարկում էին արցախյան գոտում ստեղծված իրավիճակը, դրանում ռուս-թուրքական հարաբերությունը, պայմանավորվածությունը: Չավուշօղլուն հանդիպման մեկնարկին հիշատակել էր, որ 2021 թվականը ռուս-թուրքական հարաբերության հոբելյանական տարի է: Նկատի է առնվում Մոսկվայի պայմանագիրը, որ կնքվել է 100 տարի առաջ, և որով ձևավորվել էր ռեգիոնալ որոշակի ստատուս-քվո: Մեծ հաշվով, այդ պայմանագիրը ռուս-թուրքական ռեգիոնալ հարաբերության քաղաքական և իրավական հենքն է, թեև ներկայում ռեգիոնալ պատկերը շոշափելիորեն տարբեր է պայմանագրից՝ Թուրքիան զգալիորեն եկել է առաջ:

Դա է նաև պատճառը, որ Անկարան առաջ է քաշում ռեգիոնալ նոր ալյանսի գաղափար, որը պատկերացնում է Թուրքիա, ՌԴ, Իրան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան ձևաչափով: Այդ ալյանսը լինելու է Կովկասում Թուրքիայի նոր ձեռքբերումների ամրագրումը: Որքան էլ տարօրինակ հնչի, թուրքական գաղափարին առայժմ դեմ է արտահայտվել միայն Վրաստանը՝ Ռուսաստանի հետ իր խնդիրների համատեքստում: Մեծ հաշվով, ալյանսի գաղափարով Թուրքիան ոչ միայն փորձում է վերակառուցել ռուս-թուրքական պայմանագիրը իր համար առավել շահեկան նոր ձևաչափով, այլև իմաստազրկել Մինսկի համանախագահության ձևաչափը, որը հետխորհրդային ժամանակաշրջանում փաստացի ստվերել էր ռուս-թուրքական պայմանագիրը: Ռուսաստանը եթե անգամ ունի ցանկություն, ապա չունի Թուրքիայի ցանկություններին դիմակայելու կարողություն:

Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը դեկտեմբերի 29-ին հանդիպել էին միմյանց նույն բանն ասելու համա՞ր: Ունե՞ն նրանք որևէ ասելիք ռուս-թուրքական հարաբերության 100-ամյա հոբելյանի և դրա իրավաքաղաքական հիմքի կամ հիմնանորոգումների մասին: Բանն այն է, որ 2021 թվականին այդ հարցը հայկական պետականության համար կարող է լինել առաջնահերթ քաղաքական մարտահրավերների շարքում կամ նույնիսկ ռազմաքաղաքական, եթե ոչ՝ ձևով, ապա առնվազն իր խորքային բնույթով:

Իհարկե, շատ բան կախված է այն հանգամանքից, թե արդյոք կառաջանա՞ ռուս-թուրքական նոր և էական պայմանավորվածությունների կարիք՝ առավելապես Մոսկվայի համար: Եթե այդ կարիքն առաջանա, ապա 2021 թվականին մեծ հավանականությամբ կլինի ոչ միայն ռուս-թուրքական պայմանագրին երկկողմ հավատարմության արտահայտում, ինչպես, օրինակ, 90-ամյակի դեպքում, այլև թերևս կլինի հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերագործարկման, այսպես ասած, յուրօրինակ ֆուտբոլային դիվանագիտության փորձ: Այդ փորձով կարող է օրակարգ բերվել հայկական հարցի հետ կապված հայկական իրավունքների մի որոշակի շրջանակ և դրանից հրաժարվելու հարցադրում, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի ճանաչման տեսքով:

Կրկնենք՝ դա կարող է տեղի ունենալ՝ ա. եթե այդ պայմանավորվածությունն արդեն իսկ առնվազն չբարձրաձայնված ձևով առկա է հետնոյեմբերյան իրողություններում, և բ. եթե առաջիկա ռեգիոնալ քաղաքական զարգացումներում Թուրքիան կարողանա Մոսկվային դնել նոր խնդիրների առաջ և հետևաբար բերել նոր պայմանավորվածությունների անհրաժեշտության: Իսկ դա ունի բավականին բարձր հավանականություն:

Հայաստանին պետք է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթաց, սակայն ոչ՝ հայկական հարցի և իրավունքներից հրաժարման հաշվին, որովհետև դա արդեն լինելու է ոչ թե հարաբերության կարգավորում, այլ Հայաստանի կամ հայկական պետականության պարզապես «քաղաքակիրթ» չեզոքացում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •