• Mon. Mar 8th, 2021

Ալիևը վախերի մեջ է․ Արցախի կարգավիճակը շարունակում է դիտարկվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունից» դուրս

Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւը հայտարարություն է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ստեփանակերտի այց եւ դեպի Նախիջեւան միջանցքի բացման մասին։ Դատելով Ալիեւի նյարդայնությունից՝ նա հասկանում է, որ անգամ ահաբեկչական պատերազմը չի լուծել Ադրբեջանի խնդիրները։

Մասնավորապես, Արցախի կարգավիճակը շարունակում է դիտարկվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունից» դուրս։ Բացի այդ, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ հաղորդակցության բանալին Նախիջեւանով շարունակում է մնալ Հայաստանի ձեռքում:

Պատերազմը, փաստացի, ոչ մի հիմնարար խնդիր չի լուծել, փոխարենն Ալիեւին զրկել է փաստարկներից ապագա բանակցություններում՝ ոչ թե ռուս-թուրքական, այլ միջազգային ձեւաչափում։ Հայկական կողմի համարժեք դիրքավորման դեպքում Ալիեւի քաղաքական մերկությունը կարող է ավելի ակնհայտ դառնալ։

«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտաքին գործերի նապարարը Ստեփանակերտում է։ Թող նրանք չմոռանան պատերազմի մասին։ Այդ այցերին պետք է վերջ դրվի․․․ Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը, որը վերջերս եղել է Հայաստանում ու Ադրբեջանում, հիմնական այդ թեմաներն է քննարկել։ Եթե հարաբերությունները կարգավորվելու են, ապա ո՞րն է նման սադրիչ այցերի անհրաժեշտությունը։ Ի՞նչ են նրանք ուզում ցույց տալ։ Այդ պատճառով պետք է վերջ դրվի բոլոր այցերին», ասել է Ալիեւը՝ ավելացնելով, որ շարունակելու դեպքում «պատասխանը շատ կոշտ է լինելու»։

Ալիեւը հայտարարել է նաեւ, որ «կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այդ պատճառով միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այս ճանապարհից օգտվելու են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Իրանը: Այս ճանապարհն առանձնահատուկ կարեւորություն կունենա բազմակողմ համագործակցության համար»:

Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունում խոսք չկա Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի մասին։ «Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու»,  ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանով Ռուսաստան եւ Նախիջեւանով Իրան բեռների տեղափոխմամբ:

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում»:

«Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,  նշել է նա:

Նա նշել է նաեւ, որ ադրբեջանական կողմը խախտել ու խախտում է եռակողմ համաձայնության մի շարք առանցքային դրույթներ։ «Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարուցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը», – ասել է Նաղդալյանը: