• Tue. Jan 19th, 2021

Հայաստանի մանևրի տարածքը, հատկապես Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում

Ինչո՞ւ եղավ պատերազմն ու ինչո՞ւ չստացվեց խուսափել դրանից: Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցադրումն է արել հոդվածի տեսքով և փորձել հանրությանը ներկայացնել պատասխաններ՝ նույն հոդվածում: Խոշոր հաշվով, նրա բացատրությունը հանգում է մտքի, որ 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը կառուցվել է հայկական իրավունքների սեղմման և անգամ բացասման, ու ադրբեջանական իրավունքների ընդլայնման տրամաբանությամբ: Փաշինյանն այդ հարցում իրավացի է:

Ընդ որում, այդ թեմայով մի շարք մեկնաբանություններում՝ 44-օրյա պատերազմին նախորդած տարիներին, առիթ եմ ունեցել դիտարկել պարադոքսալ մի իրողություն. պատերազմ, անգամ անհավասար պատերազմ հաղթած հայկական կողմը զինադադարից հետո ընթացող բանակցային գործընթացում անմիջապես ճանաչում է Ադրբեջանի իրավունքը հաղթանակի մի մասի՝ ազատագրված տարածքների հանդեպ: Հնարավոր է այդ առնչությամբ ունենալ ամենատարբեր ռազմավարական պատկերացում հետագա քաղաքական հորիզոնի առնչությամբ, բայց առնվազն տարօրինակ է, երբ հաղթանակից անմիջապես հետո հաղթող կողմը փաստացի ճանաչում է պարտվողի շատ կոնկրետ իրավունքը, դրա դիմաց չստանալով իր որևէ իրավունքի արձանագրում պարտված կողմում: Հայաստանը փոխել է առնվազն երեք «բանակցող»-նախագահ, բայց, խոշոր հաշվով, չի փոխվել այդ տրամաբանությունը:

Նկատելի էր, որ տրամաբանությունը փոխելու փորձ արեց չորրորդը՝ Փաշինյանը: Արվեց ամեն ինչ, արվեց հնարավորը, ինչ ճիշտ արվեց, ինչը՝ սխալ, ասելը բավականին բարդ է: Անկասկած է, որ հրապարակի վրա եղած իրողություններից բացի, գործընթացը ունի թերևս առավել էական անտեսանելի մաս: Որ պատերազմը հասունանում էր, անկասկած էր, տեսանելի անզեն աչքով, ու լայն պատերազմի անխուսափելիության մասին դեռևս 2016-ին հայտարարում էին գործիչներ, որոնք 2020-ին արդեն Փաշինյանին մեղադրում են պատերազմի համար: Բայց խուսափելու հնարավորության, այդ հարցում ամեն ինչ արած լինելու կամ չլինելու, ճիշտ կամ սխալ արածի մասին առավելագույնս ստույգ դատողության համար անհրաժեշտ է տիրապետել ամենաբարձր մակարդակի շփումներում եղած խորհրդապահական տեղեկատվության: Ընդ որում` ոչ միայն Փաշինյան-Պուտին կամ Փաշինյան-Ալիև, այլ նաև Պուտին-Էրդողան, Էրդողան-Թրամփ, Պուտին-Թրամփ, Պուտին-Էրդողան-Ռոհանի, Պուտին-Նեթանյահու:

Աներկբա է, որ աշխարհակարգի փլուզումն ու նորի կառուցման բավականին կոշտ ու դաժան պայքարը էապես սեղմել էր Հայաստանի մանևրի տարածքը, հատկապես Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում: Բայց կար փոքր շանս, թե ոչ, հնարավոր է ասել այդ վերին շերտում կոնֆիդենցիալ տեղեկատվության պայմաններում: Բայց այդ հանգամանքը ինքնին հանրային և պետական տեսանկյունից առավել կարևոր է դարձնում քննարկումը ընթացիկ խնդիրների և ապագայի հարցերի շուրջ: Որովհետև խորհրդապահական այդ տեղեկատվությունը հանրությանը միևնույն է չի լինելու հասանելի: Ըստ այդմ, հետհեղափոխական իշխանությունն ու նախահեղափոխական համակարգը փորձելու են պայքարել իշխանության և պատերազմի պատասխանատվությունից խուսափելու համար: Այդ պայքարը հանրության համար լինելու է անվերահսկելի, որովհետև հանրությունը չի տիրապետում և չի տիրապետելու ելակետային այդ ամենակարևոր տեղեկատվությանը: Իհարկե, այդօրինակ տեղեկատվություն առկա է լինելու միշտ և այդ թվում նաև ներկայիս ու ապագայի հարցերում: Բայց այս դեպքում հանրությունը առնչվում է շատ կոնկրետ խնդիրների, և դրանք ելակետ են, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ, գնահատականներ և լուծումներ պահանջելով՝ մարդիկ կարող են վերահսկել քաղաքական սուբյեկտներին, որոնք իշխանության կամ ընդդիմության կարգավիճակով ներգրավված են քաղաքական գործընթացում: Առավել ևս, որ աշխարհակարգի համար պայքարն ու աշխարհաքաղաքական միջավայրը շարունակում են լինել սեղմման գործընթացում, այդպիսով մեծ հարաբերականություն հաղորդելով նոյեմբերի 9-ի զինադադարին: Ըստ այդմ` ներկայումս շատ ավելի արդիական ու առարկայական է քննարկումը նոր որևէ պատերազմի կամ ռազմական լարման հավանականության կամ դրանից խուսափելու հնարավորությունների շուրջ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •