• Tue. Jan 19th, 2021

Պատերազմից հետո Հայաստանում աշխատելը պետք է տոն լինի

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ներմուծվեց խայտառակ մի ավանդույթ` մեռելոցները դարձել ոչ աշխատանքային օր: Այս խնդիրը քննարկման անհրաժեշտություն ունի մի քանի հարթության վրա:

Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը մեր պետության մեջ, մեղմ ասած, համարժեք մակարդակի վրա չէ և դրան մեծապես նպաստում է իշխանության քաղաքականությունը, որը, կարծես թե, առիթներ է փնտրում մարդկանց «հանգիստը» խրախուսելու համար:

Տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորվել է ծույլ, աշխատանքի նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեցող հասարակություն: Սա անխուսափելիորեն բերելու էր արժեքային համակարգի, սոցիալական հարաբերությունների դեգրադացիայի: Երբ մարդը հետ է վարժվում աշխատանքից, նրա մոտ մեռնում են ստեղծագործելու տաղանդը, արժեք ստեղծելու ձգտումը: Նման հասարակությունները շատ արագ զրկվում են ամբիցիաներից, երազանքներից: Եթե աշխատանքը չէ մարդկանց եկամտի աղբյուրը կամ հասարակության մեջ նրանց գնահատման չափանիշը, ապա օբյեկտիվորեն պետք է աճեն հանցագործությունները, որովհետև թամբալությունն ու օրվա հացի կարիքը մարդկանց մոտ ծնում են ստոր բնազդներ:

Պատերազմից հետո Հայաստանում աշխատելը պետք է տոն լինի, որովհետև ամեն մի հանգստյան օր ավելի անպաշտպան է դարձնում Հայաստանը: Մենք պետք է աշխատենք նույնիսկ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոներին, որովհետև չարդարացված հանգստի ամեն ժամն ավելի է մեծացնում մեր ու քաղաքակիրթ աշխարհի խզվածությունը: Խնդրի մյուս կողմը վերաբերում է պետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերություններին, որոնք վերաիմաստավորման կարիք ունեն, որովհետև Հայաստանն աշխարհիկ պետություն է և չի կարող խտրական վերաբերմունք ցուցաբերել իր քաղաքացիների նկատմամբ կրոնական հողի վրա: Օրինակհասարակության մեծ մասը առաքելական է և գուցե նրան դուր է գալիս մեռելոցներին չաշխատելու ավանդույթը(չնայած վստահ ենք, որ ծուլությունը քողարկվում է կրոնական աստառով), սակայն հասարակության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, եթե նույնիսկ հավատացյալ են, իրենց քաղաքացիական, աշխատանքային իրավունքներն ոտնահարված են համարում, երբ պետությունը եկեղեցո հորդորով կամ քմահաճույքով ոչ աշխատանքային օրեր է սահմանում: Գլոբալ առումով մեր եկեղեցին պետք է հասկանա, որ մարդկանց սրտերը և վստահությունը կարող է շահել ոչ թե արտոնյալ կարգավիճակի, այլ` հոգևոր շիտակ ծառայության շնորհիվ:

Մենք, որպես հասարակություն, պետք է կարողանանք հաղթահարել պատմության գերին դառնալու, մեռելապաշտության բարդույթներն, այլապես երբեք չենք կարող ապագայի տեսլական ու երազանք ունենալ:

Դրան, առաջին հերթին, պետք է նպաստի կառավարությունը` վերջնականապես հրաժարվելով ոչ աշխատանքային մեռելոցների խայտառակ ավանդույթից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •