• Mon. Mar 8th, 2021

Ռուսաստանը Ղազախստանին պարբերաբար ակնարկում է տարածքային հավակնության մասին

Byhttp://Mitk.am

Jan 7, 2021

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հոդված է հրապարակել, որում փաստացի անդրադարձել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուսական հեռուստատեսությամբ պրոպագանդիստական հարթակներից մեկի մոդերատոր Վյաչեսլավ Նիկոնովի հայտարարությանը, թե Ղազախստանի տարածքը նվեր է Ռուսաստանից:

Նիկոնովի այդ խոսքից հետո երկրի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովին: Նրան հանձնվել է բողոքի նոտա: Նիկոնովն ավելի ուշ պարզաբանել է, որ իր հայտարարությամբ նկատի է ունեցել, որ երկրի շահերը լիակատար պահպանվել են Ղազախական ԽՍՀ-ի սահմանները որոշելիս: Ղազախստանի նախագահն իր հոդվածում գրում է, որ ղազախական հողը նախնիների թողած սուրբ ժառանգություն է: Այս թեման ռուս-ղազախական հարաբերություններում սպրդում է պարբերաբար, այն նոր չէ և անգամ Պուտին-Նազարբաև հարթությունում եղել է հեռակա բանավեճի առարկա: Ռուսաստանը Ղազախստանին պարբերաբար ակնարկում է տարածքային հավակնության մասին, ինչին Ղազախստանը փորձում է պատասխանել համարժեք կոշտությամբ:

Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի այլ համատեքստում: Ռուսաստանը գործնականում թեժ կետեր է ստացել Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս: Առերևույթ, Մոսկվան այստեղ ունի ձեռքբերումներ՝ Ղրիմ, Դոնբաս, Արցախում ռազմական ներկայություն, բայց խորքային առումով այդ կետերը նաև նման են ականների, որոնց վրա կանգնել է Մոսկվան: Այսինքն՝ ոտքը տարածքի վրա է, սակայն էապես սահմանափակված են շարժվելու կարողությունները, քանի որ բավականին սուղ են Ռուսաստանի ռեսուրսները: Այդ ձեռքբերումները պահանջում են մեծ ծախսեր, իսկ Ռուսաստանը միջազգային պատժամիջոցների տակ է, և դրանք ոչ միայն չեղարկվելու միտում չունեն, այլ միտված են խորանալու: Այդ իմաստով, հերթում, այսպես ասած, Կենտրոնական Ասիան է, որը, թերևս, կարող է վերածվել ՌԴ համար ամենամեծ գլխացավանքի, հաշվի առնելով այդ ռեգիոնում շահերի և խաղացողների բազմությունը՝ թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ էթնոքաղաքական իմաստով:

Ռուսաստանը փորձում է ռեգիոնի առանցքային դերակատարներից մեկին՝ Ղազախստանին, այսպես ասած, սպառնալ, մյուս կողմից, սակայն, այդ սպառնալիքները կարող են ուղղակի բերել ռեգիոնի պայթեցման, որի դետոնացիան, դժբախտաբար, մեծ հավանականությամբ, զգալի է դառնալու նաև Կովկասից մինչև Արևելյան Եվրոպա: Մինչդեռ, Մոսկվայում շարունակում են այդ հարցերը դիտարկել կայսերական նոստալգիայի, մեծապետական բարդույթների կամ խորհրդային իներցիայի համատեքստում: Նիկոնովի հայտարարությունը դրա վկայությունն է:

Եվ այդ մտայնության հետևանքն է, որ Ռուսաստանը թվում է թե արձանագրում է ձեռքբերումներ, անում է մի քանի քայլ առաջ, սակայն ռազմավարական իմաստով կանգնում է ականների վրա, որոնք ավելի ու ավելի են բարդացնում հետագա շարժը և ճկունությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա հետևանքով ավերակների կամ փլատակների է վերածվում այսպես կոչված՝ ռուսական ազդեցության գոտին, իսկ Մոսկվան աստիճանաբար անցնում է հենց այդ փլատակների, ոչ թե իր ազդեցության գոտիներում բարեկեցության և անվտանգության վրա խաղադրույք կատարելու քաղաքականության: