• Wed. Jan 20th, 2021

Որքան հեռու են պատրաստ գնալ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ Արցախի հարցում

Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական հայտարարությունները վկայում են, որ արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դերի առավելագույնս արագ և ընդգրկուն վերականգնելը Հայաստանի և Արցախի համար ընդհուպ ազգային անվտանգության հարց է:

Այստեղ, սակայն, հարկ է իհարկե արձանագրել, որ ձևաչափի վերականգնումը կախված է ոչ միայն Երևանից կամ Ստեփանակերտից, թեև Երևանն ու Ստեփանակերտը դրա համար պետք է անեն իրենցից կախվածն ու անգամ անհնարինը: Բայց ակնառու է, որ այստեղ առանցքային նշանակություն ունենալու է այն, թե համանախագահության ձևաչափի աշխուժացման ինչպիսի ծրագրեր ունեն հենց համանախագահներն իրենք: Ռուսաստանի հարցը այստեղ, կարծես թե, առավել պարզ է: Ռուսաստանը ներկայումս աշխատում է Անկարայի հետ, երբեմն Բաքվով միջնորդավորված: Մոսկվայի համար խնդիրը կենսական նշանակության ռեգիոնում կառավարելի իրավիճակի պահպանումն է, որը նա կարողանում է կամ ձգտում է անել Թուրքիայի հետ:

Ցավոք սրտի, Մոսկվան այստեղ այնպիսի թույլ և աննպաստ դիրքերում է, որ նա ստիպված է լուծել այդ հարցերը Թուրքիային Կովկաս մուտք տալով, ինչն էլ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հաշվին: Իհարկե, դա նաև Ադրբեջանի ռազմավարական սուվերենության հաշվին է, սակայն դա մեզ քիչ է մխիթարում, եթե մարտավարական առումով այսօր մենք պարտված կողմում ենք: Ինչ են ուզում Մինսկի խմբի մյուս համանախագահները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նրանց համանախագահ դիվանագետները այցելել էին ռեգիոն գործընթացը աշխուժացնելու համար, սակայն ավելի մեծ հավանականությամբ այդ այցը ուղղակի նոր իրավիճակին ծանոթանալու այց էր, ոչ ավելի: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեռևս չունեն նոր իրավիճակում գործողությունների ճանապարհային քարտեզ, չունեն կարևոր որոշումներ հետագա քաղաքականության վերաբերյալ, ընդ որում՝ թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին:

Այլ կերպ ասած, նրանք բարձրացնում են Հայաստանի համար կարևոր հարցեր՝ կարգավիճակ, դեօկուպացիա, սակայն առայժմ չի նշմարվում, թե ինչ պատկերացումներ ու քաղաքականություն են մշակում լայն իմաստով:

Հայաստանի համար այստեղ առաջանում է երկակի վիճակ: Մի կողմից կարևոր օրակարգային հարցեր, որոնք Երևանի համար խիստ էական են, մյուս կողմից պարզ չէ, թե այդ հարցերում որքան հեռու են պատրաստ գնալ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որպեսզի նրանց հետ գնա նաև Երևանը: Ի վերջո, հնարավոր է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ենթարկվելու է տրանսֆորմացիայի, և գործ կարող ենք ունենալ ձևաչափային բոլորովին այլ հեռանկարի հետ: Ըստ այդմ, որքան Երևանը պետք է ջանք ու եռանդ չխնայի համանախագահության ձևաչափի վերականգնմանը նպաստելու, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային շահագրգռելու համար՝ անշուշտ շարունակելով շահագրգիռ աշխատանքը Ռուսաստանի հետ, քանի որ այլ կերպ հնարավոր չէ, այդքան էլ Երևանը պետք է ի վերջո պատրաստ լինի ձևաչափային նոր իրողությունների և դրանց ուղղությամբ աշխատանքային սցենարների:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •