• Wed. Jan 20th, 2021

Ռուսաստանը հանձնում է բոլոր նրանց, ում անվտանգության համար ստանձնում է պատասխանատվություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 2021 թվականին մոտ 5 հազար զորավարժություն անցկացնելու ծրագրերի մասին, որոնցից առանցքային են դիտարկում ռուս-բելառուսական Արևմուտք-2021 վարժանքը:

Նախորդ տարի ռուսական պաշտպանական գերատեսչության առանցքային վարժանք էր Կովկաս-2020-ը: Դա տեղի ունեցավ ՀԱՊԿ, ԱՊՀ և Շանհայի գործակցության կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ: Ընդ որում, հատկանշական է, որ դրան մասնակցությունից հրաժարվեց Ադրբեջանը:

Ինչն էր Ռուսաստանի նախաձեռնած Կովկաս-2020 զորավարժության նպատակը՝ կիմանան թերևս Մոսկվայում, սակայն դրանից կարճ ժամանակ անց Կովկասում պատերազմ սկսեցին Թուրքիան ու Ադրբեջանը, որն ավարտվեց Կովկասում ՌԴ միակ դաշնակից համարվող Հայաստանի պարտությամբ, Արցախի զգալի մասի կորստով, մարդկային հազարավոր կորուստներով: Դրա՞ն էր պատրաստվում Մոսկվան Կովկաս-2020-ի շրջանակում:

Ընդ որում, այդ ժամանակագրությունն առավել խոսուն է դարձնում Ադրբեջանի բացակայությունն այդ զորավարժությանը: Թվում է, որ Կովկասում անվտանգային համակարգի, այսպես ասած, գերակա խաղացող համարվող Ռուսաստանի կազմակերպած զորավարժությանը չմասնակցելը պետք է դարձներ ավելի անպաշտպան, մինչդեռ ստացվում է, որ պարտվում են նրանք, ովքեր մասնակցում են այդ վարժանքին: Դա բերում է պարզ հետևության՝ կա՛մ Ռուսաստանը հանձնում է բոլոր նրանց, ում անվտանգության համար ստանձնում է պատասխանատվություն, կա՛մ Ռուսաստանը պարզապես ի վիճակի չէ ստանձնել անվտանգային պատասխանատվություն իր տարածքից դուրս, ըստ այդմ՝ այդ հույսին մնալու հետևանքը ժամանակի հարց է: Ավելի շուտ, հնարավոր է՝ իրավիճակը թե՛ մեկն է, թե՛ մյուսը:

Այսինքն՝ Ռուսաստանը ի վիճակի չէ լայն իմաստով պաշտպանել իր դաշնակիցներին, ինչն էլ բերում է իրավիճակի, երբ իրադրության սրացումների պայմաններում ստիպված է պարզապես հանձնել նրանց շահերը: Դե, իսկ եթե Ռուսաստանն ի վիճակի է պաշտպանել, բայց չի անում դա, ապա այստեղ իհարկե հետևությունն ավելի պարզ է՝ Ռուսաստանը պարզապես դաշնակից չէ, այլ դահիճ:

Թե ինչ էր Մոսկվան Հայաստանի համար 2020 թվականի Կովկասում՝ ունի թերևս լուրջ վերլուծության անհրաժեշտություն, որովհետև Հայաստանի համար անվտանգային խնդիրները Կովկասում, մեղմ ասած, ավարտված չեն, մինչդեռ ներկայումս դրանց դիմագրավելու հարցում Հայաստանն առավել քան մնացել է Ռուսաստանի դիրքորոշման հույսին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •