• Wed. Jan 20th, 2021

Սահմանների փոփոխություն տեղի չի ունենում. ՀՀ արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա

Սահմանների փոփոխություն տեղի չի ունենում, այսօր Արդարադատության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց նախարար Ռուստամ Բադասյանը։

«Խոսք չի կարող գնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, ոչ մի նման պրոցես տեղի չի ունենում»,- նշեց Բադասյանը։

Նախարարն անդրադարձավ նաև հարցին, թե վարչապետն իրավասություն ունե՞ր առանց Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի վավերացման ստորագրել ու ուժ տալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, արդյոք այն հայտարարություն է, թե միջազգային պայմանագիր։

«Նշված փաստաթղթի հետ կապված պարզաբանումներ հնչել են։ Դա մտադրությունների մասին հայտարարություն է։ Եթե ուսումնասիրեք միջազգային պայմանագրերի հետ կապված կարգավորումները՝ որակելու որևէ փաստաթուղթ որպես միջազգային պայմանագիր կամ չորակելու, այնտեղ կան հստակ սահմանումներ՝ ինչն է համարվում որպես մտադրությունների մասին հայտարարություն, որպես բանակցությունների մաս, ինչն է համարվում միջազգային պայմանագիր», ասաց նա։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա։ Այս մասին ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում։ Դրանք հետո տարածում են մեր մյուս լրատվամիջոցները և հասարակությունում առաջանում են անհանգստություններ։ Կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,֊նշեց Բադասյանը։

Նախարարն ընգծեց, որ որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի նախարարությունում։

Նրա խոսքով՝ եթե լիներ միջազգային պայմանագիր, ինքը՝ որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի դրա գոյության մասին, Կառավարությունում նման հարց չի քննարկվել, ես որևէ տեղեկատվություն նման պայմանագրի գոյության մասին չունեմ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ քաղաքացիներն ակցիա են իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել Նիկոլ Փաշինյանի հունվարի 11-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին, իսկ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով:

Արդարադատության նախարարությունը այսօր հերքել էր շրջանառվող լուրերը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •