• Mon. Mar 8th, 2021

Վիտալի Բալասանյանի կոչը հազիվ թե «մտքափոխի»՝ Հայաստան-Արցախ տիրույթում հակասական զգացումներ

Արցախի խորհրդարանի «Արդարություն» կուսակցությունը, որը առաջնորդում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, կոչ է արել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ժամ առաջ հասնել Հայաստանի վարչապետի հրաժարականի, պետական շահերի պաշտպանության համար:

Վիտալի Բալասանյանը, Արցախի դեմ պատերազմին նախորդած ժամանակաշրջանում Արցախի ներքաղաքական կյանքում դիրքավորվելով իբրև ընդդիմություն, առաջին անգամը չէ, որ կոշտ քննադատության է ենթարկում Հայաստանի վարչապետին: Ներկայիս իրավիճակում, սակայն, քաղաքական դիրքավորումները դառնում են առավել զգայուն՝ հաշվի առնելով թե՛ պատերազմի պարտության, թե՛ նոր ստատուս-քվոյի և նոր իրավիճակում Արցախի ու Հայաստանի համար նոր մարտահրավերների հանգամանքը:

Դրանք առավել քան երբևէ պահանջում են Հայաստան-Արցախ աշխատանքի և հարաբերության կոորդինացիա: Այն կոչը, որ անում է «Արդարություն» կուսակցությունը, բացարձակապես հակասում է այդ տրամաբանությանն ու խնդիրներին, որովհետ այն առաջացնում է Հայաստան-Արցախ քաղաքական լարվածության հիմքեր կամ նախադրյալներ: Պետք է հաշվի առնել այն, որ «Արդարություն» կուսակցությունը այլևս ընդդիմադիր կուսակցություն չէ, այլ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջնորդությամբ կուսակցություն, ընդ որում՝ ԱԽ, որն օժտվել է բավականին մեծ լիազորություններով:

Ավելին, այդ կուսակցության առաջնորդ Բալասանյանը տարեվերջին իր տված հայտնի հարցազրույցում, ըստ էության, ներկայացնում էր Արցախի իշխանության հայտ: Ըստ այդմ, երբ նրա կուսակցությունը անում է Հայաստանի վարչապետի հրաժարականի կոչ, այդ կոչը կարող է ծառայել Հայաստան-Արցախ հակասությունների թեմայի վրա քաղաքականապես մակաբուծողների ակտիվության, եթե, իհարկե, կոչն ինքն արդեն իսկ այդ ակտիվության դրսևորում չէ: Իսկ այդպիսի շրջանակներ կան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում:

Պատահական չեն ռուսական անգաժավորված մամուլում մտայնությունները, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկել ոչ թե Մինսկի խմբի համանախագահության, այլ Մոսկվա-Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով: Ավելին, Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում արտահայտել էր մտքեր, որոնք թույլ են տալիս առնվազն դիտարկել այդ գործչի մտապատկերում ռուսական այդօրինակ մտադրությունների պարարտ հողի առկայության մասին՝ կամա, թե ակամա: Այն, որ Վիտալի Բալասանյանն ու նրա կուսակցությունը կարող են ունենալ լրջագույն մտահոգություններ հետագա զարգացումների, Հայաստանի ու Արցախի անվտանգության հետագա ապահովման իմաստով, անկասկած է և օբյեկտիվ, այդպիսի մտահոգություն այսօր չունենալ հնարավոր չէ:

Այսօր հնարավոր չէ նաև չաշխատել Ռուսաստանի հետ այդ հարցերում արդյունքի հասնելու համար: Մյուս կողմից, սակայն, պետք է բարձրաձայնել այդ մտահոգությունները Հայաստանի իշխանության առաջ թեկուզ ամենախիստ շեշտադրումներով, սակայն ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական պայքարին և իշխանության խնդրին, ինչն առանց այդ էլ գտնվում է բավականին լարված և բարդ փուլում: Այստեղ վարչապետի հրաժարական պահանջողները պահանջում են առանց Վիտալի Բալասանյանի էլ, իսկ ովքեր չեն պահանջում, Վիտալի Բալասանյանի կոչը նրանց հազիվ թե «մտքափոխի»: Այն ընդամենը պարունակում է Հայաստան-Արցախ տիրույթում հակասական զգացումներ բորբոքելուն և մանիպուլյացիաներ առաջ բերելուն: Հայաստանի և Արցախի շահով մտահոգ որևէ սուբյեկտի համար դա չի կարող լինել անհրաժեշտ: