• Mon. Mar 8th, 2021

Ալիևը դիմում է պարզունակ շանտաժի

Հայաստանի արտաքին գործերի նախարարի արցախյան այցի առնչությամբ Ալիևի հայտարարությունը և սպառնալիքը, թե այդպիսի այցերը շարունակվելու դեպքում Ադրբեջանը կպատասխանի կոշտ, ունի թերևս ներքին և արտաքին երես:

Ներքինը բնականաբար այն է, որ Բաքվի ղեկավարը փորձում է այդպիսով ցույց տալ, թե հաղթանակը, որ տարել է ռազմաճակատում, իրական է և նաև քաղաքական: Բանն այն է, որ այս խնդիրը նրա առաջ է ոչ միայն այն բանի պատճառով, որ այդ հաղթանակի համար ոտքով ու գլխով պարտական է դարձել Էրդողանին, այլ նաև այն պատճառով, որ Բաքվում ավելի ու ավելի բարձր են հնչում ձայներ, որ Արցախը զիջել են Ռուսաստանին:

Այստեղ է նաև Ալիևի հայտարարությունների արտաքին երեսը պարունակող հանգամանքներից մեկը: Բանն այն է, որ Բաքուն Մոսկվայի հետ պայմանավորվել է քնեցնել Արցախի կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտարարեց նաև Պուտինը՝ նշելով, որ պայմանավորվել են ընդունել առկա ստատուս-քվոն, իսկ կարգավիճակի հարցը մնում է ապագայի, երբ կլուծվեն հաղորդակցության և համակեցության ռեգիոնալ հարցերը: Բաքվի սուր արձագանքը պայմանավորված է թերևս Մոսկվայի երկակի խաղի կասկածով:

Այսինքն՝ Ալիևը ակնկալում է, որ Մոսկվան բանեցնի իր ազդեցությունը Երևանի վրա՝ Արցախի սուբյեկտայնության միտված քայլեր թույլ չտալու համար: Այդ իմաստով, Ալիևը դիմում է պարզունակ շանտաժի, որի լրջությունը կախված է իհարկե այն հանգամանքից, թե ինչպիսին է լինելու դրա հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը: Այսինքն՝ դա միայն Բաքվի՞ շանտաժն է, թե՞ նաև Թուրքիայի: Եթե միայն Բաքվի, ապա այստեղ, իհարկե, ամեն ինչ, թերևս, գերազանցապես հռետորաբանության տիրույթում է: Իսկ եթե դրա տակ Անկարայի շանտաժն է նաև, ապա այստեղ առաջանում են ռիսկեր, մասնավորապես ոչ միայն ուղղակի լարվածության իմաստով, այլ այդ լարվածությունից խուսանավելու ռուսական հնարավոր առևտրականության, երբ դարձյալ սակարկության կարող են դրվել հայկական շահեր:

Պուտինն, իհարկե, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների ուղղությամբ կրակոցը կարող է բերել Արցախի ճանաչման: Բայց ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունն ու ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերության մեխանիկան թույլ է տալիս խոսել ռեգիոնում Ռուսաստանի ոչ թե կարմիր գծերի, այլ կարմիր կետագծերի մասին: Սա է, որ Երևանից պահանջում է աչալրջություն, միաժամանակ, իհարկե, հերթական անգամ հաստատում, որ մենք տանուլ ենք տվել խոշոր ճակատամարտ, բայց ոչ պատերազմ՝ լայն իմաստով: