• Tue. Jan 19th, 2021

ԱՄՆ հետքաշում, վակուումների առաջացում, որոնք փորձեցին լցնել այլ տրամաչափի ուժային կենտրոններ

Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է հունվարի 7-ին Կապիտոլիումում անկարգությունների հետևանքով հինգերորդ զոհի մասին: Նա ոստիկան է, որն, ըստ տեղեկության, ստացել էր լուրջ վնասվածքներ, այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին նախագահի ընտրության արդյունքի հաստատման հարցով նիստ անցկացնող Կոնգրես, ներխուժել էին Կապիտոլիումի շենք:

Տեղի ունեցածը, անշուշտ, լոկ ողբերգություն կամ զանգվածային անկարգություն չէ: Միամիտ կլինի այն դիտարկել լոկ այդ համատեքստում: Տեղի ունեցածը, մեծ հաշվով, գրոհ է այսպես ասած ավանդական ինստիտուցիոնալ Ամերիկայի, ըստ այդմ նաև դրա համաշխարհային դերի դեմ: Այդ իմաստով, Վաշինգտոնում կատարվածը կարող է համեմատվել ընդհուպ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ, երբ 2001 թվականին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մահապարտները ձեռնարկեցին օդային գրոհը ԱՄՆ խորհրդանիշների դեմ: Իհարկե, ողբերգության մասշտաբները բոլորովին համեմատելի չեն, սակայն տվյալ պարագայում խոսքը վերաբերում է տեղի ունեցածի բնույթին և քաղաքական նպատակադրումներին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին էլ դրված էր, ըստ էության, Ամերիկան խոցելու խնդիր, նաև Ամերիկայի միջազգային ընկալումը, այդ թվում նաև հենց անխոցելիության ընկալումը թիրախավորելու խնդիր, ինչը պետք է իր ազդեցությունն ունենար ԱՄՆ միջազգային դերի վրա: Ընդ որում, առանձին քննարկման առարկա է, թե որքան է այն ունեցել ազդեցություն: Նույն տրամաբանությամբ, Կապիտոլիումի դեմ գործողությունների նպատակը ԱՄՆ միջազգային ընկալումը փոխելը, հետևաբար՝ ԱՄՆ միջազգային դերակատարման վրա ազդեցություն գործելն էր: Ահա այդ իմաստով է, որ 2021-ի հունվարի 7-ը բավականաչափ համեմատելի կամ նույնական է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, խորհրդանշական՝ 20 տարի տարբերությամբ: Ինչ դեր ունի այդտեղ նախագահ Թրամփը, դա, իհարկե, կարևոր է, նկատի ունենալով այն, որ Թրամփը կարող է և չհեռանալ քաղաքականությունից: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ամերիկյան քաղաքական կյանքը ավանդական ինստիտուցիոնալ մեխանիզմից դուրս բերել ցանկացող, ըստ էության, նախագահական քառամյակը հենց այդ ուղղությամբ գործածող Թրամփը ինչ հարթության վրա է մնալու քաղաքականության մեջ: Եթե նա որոշում է մնալ, ապա, մեծ հաշվով, նա մնալու է ի հեճուկս ոչ թե դեմոկրատական կուսակցության, այլ, ըստ էության, ի հեճուկս ամերիկյան քաղաքական համակարգի, այսինքն` թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների: Իսկ դա արդեն կնշանակի քաղաքական ամերիկյան համակարգի քայքայում կամ ապամոնտաժում՝ կախված, թե ինչ մեթոդաբանությամբ կգործի Թրամփը, որը վերջին ընտրությանը ստացել է գործող նախագահների համար աննախադեպ թվով՝ ավելի քան 71 միլիոն ձայն: Եթե նա գնա այդ ձայները հետագայում կապիտալիզացնելու և 2024 թվականի ընտրությանը վերստին առաջադրվելու ճանապարհով, ապա դա կարող է լիովին նոր ներքին իրավիճակ ստեղծել ԱՄՆ քաղաքական կյանքում, իր հերթին ազդելով նաև ԱՄՆ արտաքին դերակատարության վրա:

Ակնառու է, որ դա թուլացնելու է ԱՄՆ արտաքին դերակատարությունը, ինչն իր հերթին բավականին անորոշություններ է ստեղծելու միջազգային քաղաքականության համակարգում: Թրամփի նախագահության քառամյակը ինքնին աչքի ընկավ հենց այդ միջազգային կամ աշխարհաքաղաքական հատկանիշով, ինչի ցավագին ծանրությունը զգացող պետություններից և ժողովուրդներից մեկը դարձավ հայությունը:

Դա Թրամփի անկեղծ մտածողությունն է, որն օգտագործվում էին ավելի ազդեցիկ և խորքային խմբերը, թե Թրամփը միանգամայն գիտակցված ներգրավված էր այդ մեծ խաղի մեջ, բարդ է ասել: Բայց հետևանքը, ցավոք սրտի, բավականին պարզ է՝ ԱՄՆ հետքաշում, վակուումների առաջացում, որոնք փորձեցին լցնել այլ տրամաչափի ուժային կենտրոններ, իսկ Կովկասում դա եղավ Թուրքիան: Եթե Միացյալ Նահանգներում առաջանում է խնդիր ինստիտուցիոնալ Ամերիկայի վերականգնման իմաստով, եթե շարունակվում է ամերիկյան համակարգի ապամոնտաժումը, ապա դա նշանակում է, որ շարունակվելու է նաև միջազգային վակուումը, որ առաջացել էր Թրամփի նախագահության ընթացքում: Այն շարունակվելու է նաև Թրամփի նախագահական հավակնությունների պահպանման ընթացքում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •