• Mon. Jan 18th, 2021

Կրեմլը եռակողմ հանդիպման մասին. Ինչ հարցեր են քննարկվելու Պուտինի ու Ալիեւի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին Մոսկվայում կքննարկի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը:

Հանդիպումը կկայանա ՌԴ նախագահի նախաձեռնությամբ:

Կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացումն ու տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հատուկ ուշադրություն կհատկացվի մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացմանն ու ապաարգելափակմանը:

Բացի այդ, նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց կունենա Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը գրել է․

Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •