• Tue. Jan 19th, 2021

Մաշվող կայսրությունների արանքում

Մի քիչ հեռվից գամ, եթե դեմ չեք, շատ բան է կուտակվել ասելու: Համառոտագրի սիրահարներին խնդրվում է բավարարվել վերնագրով:

Ստացվել է այնպես, որ ապրում ենք մեր հարեւան եւ երբեմնի երկու խոշոր կայսրությունների արանքում: Թուրքիան եւ Ռուսաստանը մաշվող կայսրություններ են, ժամանակին մեծացել, նորանոր տարածքներ են գրավել, ժողովուրդների են առել իրենց կայսրության տիրույթները, իսկ մի 150 տարի առաջ սկսել են մաշվել: Հին մոդելի, թույլ տվեք այդպես ասել, կայսրությունները այդպես մի քանի հարյուր տարի զարգանում, կլանում, մեծանում են, ապա էլի մի քանի հարյուր տարի մաշվում են, տարածքներ եւ ազդեցություն են կորցնում: Հանդուրժել ու հաշտվել այն մտքին, որ նախկին գաղութները անկախանում են, ձգտում են ինքնիշխանություն, եւ հասնում են դրան, չեն կարողանում:

Շատ բնական է, որ մաշվող կայսրությունները, դրանց իշխանությունները շարունակ ջանում են վերականգնել կորսվող տիրույթները, պետությունները եւ քվազիպետությունները, դրանք հնարավորության դեպքում վերակցել իրենց, ջանալ պահպանել ազդեցությունը դրանց վրա, դրանցում: Մեր տարածաշրջանի դեպքում, աշխարհագրական տարածքին փաստացի տիրապետող երկուսը՝ Թուրքիան եւ Ռուսաստանը ե՛ւ այստեղ են պարբերաբար բախվել, ե՛ւ Բալկաններում, ե՛ւ Ղրիմում, երկուսին էլ օբյեկտիվորեն հասկանալի է եղել, որ տարածքների պահպանման, ազդեցությունների գոտիների պահպանման եւ ընդլայնման համար պիտի անզիջում լինեն, այնքան անզիջում, որքան թույլ կտա իրենց համախառն ներուժը՝ բնակչություն, տնտեսություն, զենք, զորք, գիտություն, կրթություն եւ այլն:

Ռուսաստանը առաջին աշխարհամարտի ընթացքում եւ 1917 թվի հեղափոխություններից հետո կորցրեց իր եզրային տարածքների մի մասը, որտեղ հիմնական էթնոսները նորանկախ պետություններ ստեղծեցին, այդ թվում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուրկաինան, Ֆինլանդիան, Լեհաստանը եւ այլք: Շատ չանցած, արդեն բոլշեւիկյան Ռուսաստանը կարողացավ ետ նվաճել մի շարք տարածքներ, նախկին գաղութային տարածքների մի շարք անկախ պետություններ ետ բերվեցին կայսրության տարածք եւ հայտարարվեցին որպես միութենական հանրապետություններ առանց միջազգային իրավունքի սուբյեկտայնության: Այսինքն, Հայաստանի խորհրդային հանրապետություն կոչված վարչատարածքային միավորը 1918-1920 թթ. առաջին հանրապետության իրավահաջորդը չէր: Հայաստանի առաջին հանրապետությունը փաստացի օկուպացվել է Ռուսաստան-Թուրքիա համաձայնությամբ, զորքով եւ տեղական գործակատարների օգտագործմամբ: (Տարբեր պատմաբաններ այլեւայլ կարծիքներ ունեն, իսկ ես կաշկանդված չեմ գիտականության կարեւոր բեռով, սա մասնավոր տեսակետ է, թեթեւ տարեք):
Երկրորդ աշխարհամարտից առաջ Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնագրով կամ Ստալին-Հիտլեր համաձայնությամբ Ռուսաստանը կարողացավ ետ նվաճել էլի մի քանի տարածք իր արեւեմուտքում՝ Ուկրաինայի եւ Բելառուսի արեւմուտք, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, իսկ իրենից անկախացած Ֆինլանդիայում հանդիպելով լուրջ ռազմաժողովրդական դիմադրության, ձախողվեց: Հասկանալի է, որ այս զարգացումներում իրենց մասնակցությունն ու ազդեցությունն ունեին արեւմտյան երկրները, Անտանտի մյուս անդամները, նույնպես փլուզվող Ավստրահունգարական կայսրությունը, Գերմանիան եւ այլն:
Ռուսաստանի կայսրության անկման կամ մաշման երկրորդ փուլը սառը պատերազմում պարտությունից հետո եղավ՝ 1990-1991 թվերին, երբ լուծարվեց ԽՍՀՄ-ը: Բոլոր հանրապետությունները, բացառությամբ Ռուսաստանի, հռչակեցին իրենց անկախությունը, անկախության հանրաքվեներ անցկացրին, գործարկեցին ինքնիշխանության բաղադրիչները. դրամանիշ, բանակ, անձնագրեր, արտաքին հարաբերություններ եւ այն: Նույնիսկ ինքնավար հանրապետություններ ոտքի ելան անկախություն նվաճելու համար: Այդ շարքից հատկանշական էր Չենիան, կամ ինչպես իրենք էին կոչում իրենց՝ Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը, որ գոյատեւեց 9 տարի՝ 1991-2000 թթ.: Ռուսաստանը հասկանալիորեն չճանաչեց Իչկերիան, 1994-1996 թթ. անհաջող պատերազմեց (Առաջին չեչենական պատերազմ), հետո հանեց զորքերը այդ տարածքից, ապա 1999-2000 թվականների երկրորդ պատերազմով վերացրեց այն որպես պետական միավոր, եւ փաստացի Չեչնիան վերադարձրեց ՌԴ կազմ:

Ընդհանրապես հյուսիսային Կովկասում ազգային/էթնիկական խմբերը վաղուց են պայքարել անկախության համար, արդեն գրեթե երկու հարյուրամյակ, իսկ Ռուսաստանը հետեւողականորեն պայքարել է անկախացման շարժումների դեմ, այդ թվում հատկանշական է կես միլիոնից ավելի չեչենների եւ ինգուշների 1944 թ. տեղահանությունը Ղազախստան եւ Ղրղզստան՝ գերմանական օկուպացիոն զորքերի հետ համագործակցության, հակասովետական քարոզչի ու բանդիտիզմի պատճառաբանությամբ: Կայսրությունների պահպանման կամ փրկության կամ մաշման նվազեցման տեսանկյունից Չեչնիայի անկախացման նախադեպը ռիսկային էր եւ է, այն կարող էր օրինակելի դառնալ հյուսիսային Կովկասի մյուս ինքնավարությունների եւ ՌԴ կազմում ընդգրկված այլ ինքնավարությունների համար:

Կայսրության պահպանման եւ մաշումից փրկության հրամայականի տեսանկյունից Ռուսաստանի գործողությունները բացառիկ կամ աննախադեպ չեն: Աշխարհում եղած բոլոր կայսրությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի մետրոպոլիայի եւ գաղութների հակամարտության՝ Հին Հռոմից ու Արաբականից սկսած, վերջրացրած Բրիտանականով եւ Օսմանյանով: Շատ զարմանալի կլիներ, որ մաշվող կայսրությունները չպայքարեին մաշման դեմ եւ տիրույթների վերականգնման, կամ գոնե ազդեցության պահպանման համար: Որքան հնարավորություն ունեն, պահպանում են, ետ են նվաճում, նորից առնում են իրենց ազդեցության տակ, բոլոր հնարավոր դեպքերում՝ միացնում են իրենց, իսկ արդի աշխարհում՝ գոնե ենթակա կամ տիկնիկային/դրածո կառավարմամբ դարձնում են այնպես կառավարելի, որքան կկամենան: Այդ ամենը կայսրությունները արել են եւ անելու են «մարդասիրության», «փոխադարձ օգնության», «խաղաղության պարտադրման» հնչեղ տիտղոսագրերով: Այդ ետնվաճումներն ու ավելի խոշոր կորուստները պարբերաբար հաջորդում են իրար:
Կայսրությունների ռեստավրացիաների դեմ եւ ինքնիշխանության համար պայքարող տիրույթներում/պետություններում ոտքի ելածներին, կոշտ կամ փափուկ, զինված կամ անզեն պայքարի ելածներին կայսրությունները համարել եւ հայտարարել են թշնամիներ, օտար երկրների գործակալներ, լրտեսներ, նոր ժամանակներում՝ ահաբեկիչներ եւ այլն: Էլի զարմանալի կլիներ, եթե կայսրությունները հեշտուհանգիստ անկախություն կամ ինքիշխանություն շնորհեին իրենց գաղութներին, ոչ մի պետական միավոր կամ, մանավանդ, կայսրություն, որտեղ կա «ավագ եղբայր եւ կրտսերներ» դրվածք, չի դիմել ու չի դիմելու կայսրության ինքնասպանության, հրաժարվելով իր մասից: Նայեք Անգլիա-Հնդկաստան/Պակիստան երկարատեւ պայքարն ու լուծումը:
Թուրքիան, որպես Օսմանյան մաշված կայսրության իրավահաջորդ, չի տարբերվում այս տեսանկյունից, չի էլ կարող տարբերվել այլ մաշվող կայսրությունների ռազմավարությունից: Ոչ մի ջանք չի խնայում ու բոլոր հնարավորություններն օգտագործում է ե՛ւ աշխարհագրության, ե՛ւ ազդեցության վերականգնման համար: Առաջինը, հաշվի առնելով աշխարհի արդի դրվածքը, բարդ է՝ գրավել եւ տարածք միացնել իրեն, բայց գրավել, ազդեցության տակ պահել ու չմիացնել՝ խնդրեմ: 5-6 հարյուրամյակ կայսրության ընդարձակումից, ապա վերջին 150 տարում տարածքների կորստից եւ աննախադեպ նվազումից հետո հետո առաջին հատկանշական «վերականգնումը» Հյուսիային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծումն էր 1974 թվականին, երբ «Աթիլլա» ռազմական գործողությամբ ներխուժեց Կիպոսի հանրապետություն, գրավեց տարածքի 36 տոկոսից ավելին եւ հայտարարեց, որ դա անում է հանուն թուրքական փոքրամասնության փրկության: Թեպետ իրենից բացի այլ երկիր չի ճանաչել ՀԿԹՀ-ն, դա իրեն չի խանգարում ռազմական բազա է պահել հյուսիսային Կիպրոսում, հանքային հետախուզական աշխատանքներ իրականացնել շրջակա եւ ոչ իրեն պատկանող ջրերում, թելադրական ազդեցություն ունենալ թուրքական Կիպրոսի կառավարման վրա, ոչ մի տեղ Կիպրոսում չի կարելի տեսնել թուրքական Կիպրոսի դրոշը առանց Թուրքիայի դրոշի զուգակցության: Թուրքական կայսրության կորցրած տիրույթների վերականգնման բաղադրիչներից են նաեւ Լիբիայում, Իրաքում եւ հատկապես Սիրիայում ռազմական ներխուժումները եւ օկուպացիաները:
Մեր օրերում Ռուսաստանը իր կայսրության վերականգնումը սկսեց դեռ ավելի վաղ, քան Խորհրդային միությունը կփլուզվեր: Ուկրաինայի ու Մոլդովայի արանքում 1990 թվականին ստեղծվեց Ռուսաստանի հովանավորչությունը վայելող Մերձդնեստրյան Մոլդովական հանրապետությունը, 1991-ին՝ Հարավային Օսեթիան, 1994-ին՝ Աբխազիան, 2014-ին՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ռուսական ազդեցության տակ լիակատար անցումը իրականացվեց 2008թ. օգոստոսի Վրաց-Ռուսական հնգօրյա պատերազմից հետո, մի քանի տարի անց այն բանից, երբ Ռուսաստանի նախկին գաղութ Վրաստանը վերջնականապես որոշեց դուրս գալ կիսագաղութային ազդեցությունից եւ ընտրել Եվրամիությանը միանալու ճանապարհը: ԼԺՀ եւ ԴԺՀ պետաիրավական նորագոյացությունները ձեւավորվեցին Ռուսաստանի անմիջական ջանքով եւ մնում են նրա լիակատար ազդեցության ու թելադրանքի տակ: Այդ զարգացումներն ու Ղրիմի անցկացումը Ռուսաստանի ենթակայության տակ տեղի ունեցան այն բանից հետո, երբ 2013-ի վերջին ու 2014 թ. սկզբին Ուկրաինան նույնպես որոշեց դուրս գալ Կրեմլի ազդեցության տիրույթից եւ Վրաստանի պես ընտրել եվրաինտեգրման ճանապարհը: Աբխազիան, Հվ. Օսեթիան, ԴՆՀ-ն եւ ԼՆՀ-ն աշխարհագրորեն չմիացվեցին Ռուսաստանին, դրա կարիքը չկար ու անեքսիայի կամ զավթման գնահատական կստանար:
Արցախում, ի տարբերություն վերոհիշյալ օրինակների, Կրեմլի ուղիղ ազդեցություն չի եղել անկախացումից ի վեր մինչեւ 2020 թ. նոյեմբերի 10-ը, այստեղ շրջանառու դրամանիշը ռուբլին չի եղել, քաղաքացիները ՌԴ անձնագրեր չեն ունեցել, ռուսական զորք չի եղել, ֆինանսական օգնություն չի ստացվել Ռուսաստանից: Հասկանալի է, որ Հայաստանում Ռուսաստանին կատարելապես հնազանդ իշխանությունների առկայությունը էապես բավարարում էր մաշվող կայսրության հավակնությունները, էապես, բայց ոչ լրիվ: ԽՍՀՄ անկումից հետո մեր տարածաշրջանում Ռուսաստանի թելադրական ազդեցությունից դուրս շարունակում էր մնալ Ադրբեջանը, իսկ Արցախը կամ ավելի ճիշտ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված սառեցված ու այդպես էլ չլուծվող կոնֆլիկտը մնում էր բարեհաջող եւ մշտառկա հնարավորություն ռազմական եւ այդով ռազմաքաղաքական ներկայության վերականգնման համար:
Սա Թուրքիան չէր կարող անտեսել ու իր համար էլ չհամարել որպես համանման հնարավորություն: Երկու մաշվող կայսրություններն էլ շուրջ երեք տասնամյակ ջանք էին դնում այս հնարավորությունը իրենց օգտին լուծելու համար, Թուրքիան ճանապարհներ փակելով ու Ադրբեջանին սնելով հյուծում էր Հայաստանն ու Արցախը, Ռուսաստանը զենք էր վաճառում երկու կողմին՝ ինչքան ուժը կպատեր, ռազմավարական համարվող դաշնակից Հայաստանին պատմում էր, որ դա ընդամենը բիզնես է, ասես զենքը գնում էին չօգտագործելու պայմանով, Հայաստանից ստանում էր կենսական եւ ռազմավարական նշանակության համակարգերը, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նորանոր դիրքեր էր գրավում ու թելադրում, քաղաքականության մեջ բազմաթիվ դրածոներ ու կամակատարներ ուներ եւ ունի: Այդ ընթացքում Արցախից ու Հայաստանից անթաքույց կոչեր էին հնչում՝ միանալ Ռուսաստանին, ստորագրություննէր էին հավաքում, նամակներ էին գրում Կրեմլ: Այս դրսեւորումները նույնպես նորություն չեն կայսրությունից անջատվող կամ անջատված գաղութների պատմության մեջ: Գաղութատերը շարունակ ահաբեկչական կամ գոյապահպանական տեսանկյունից անցանկալի պատմույթ է մատուցում ու իրեն ներկայացնում որպես գաղութի միակ փրկիչ եւ ապավեն:
ԱՄՆ, ԵՄ կամ արեւմտյան ազդեցությունը այդ տիրույթում այնքան հեռակա եւ նվազ է եղել, որ այս պատառի համար մղվող պայքարում փայատերեր նրանք չէին կարող համարվել: Արեւմուտքին ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները բառի շատ խորհրդանշական իմաստով կթել են, կեղծավորաբար պնդելով, թե ժողովրդավարություն են կառուցում, բարեփոխում են ընտրական, դատաիրավական, կրթական եւ այլ համակարգերը: Արեւմուտքը ֆինանսական եւ խորհրդատվական հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին, պատրաստակամ է եղել աջակցելու բարեփոխումներին դատաիրավական, իրավունքի պաշտպանության, տնտեսական, շուկայի ինտեգրացման, կոռուպցիայի նվազեցման եւ այլ ոլորտներում, պայմանով, որ այս երկրները կամենան, չի պարտադրել որեւէ բարեփոխում կամ ստիպել ստանալ որեւէ օժանդակություն: Այդ ընթացքում հաճախ հանդուրժել են իշխանությունների զանգվածային հանցագործությունները համակարգային, այդ թվում ընտրական եւ այլ, կոռուպցիոն դեպքերում: Իսկ, երբ երկու մաշվող կայսրությունները թեւերը քշտած անցան պրոքսի պատերազմի՝ պատերազմի ուրիշի դաշտում, ինչը տարածված ռազմավարություն է մեր օրերում, արեւմուտքը հասկացնել տվեց, որ ինքը տարածքային եւ զորքերի տեղաբաշխման հավակնություններ չունի, բավարարվեց խաղաղասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանության կոչերով, մինչեւ կպազվի, թե մաշվող կայսրություններից որ մեկն է տիրում դրությանն ու տարածքին:
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը արձանագրեց նախ Ռուսաստանի հաղթանակը, ապա՝ Ադրբեջանի, հետո Թուրքիայի՝ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներն այդպես բաշխվեցին: Հայաստանին բաժին հասավ ծախսերը փակելը: Պատճառները բազմաթիվ են, բայց ամենից առաջ՝ երկրի տեւական հյուծումը համարյա բոլոր բաղադրիչներով. հանքեր, կրթություն, գիտություն, արդյունաբերություն, կառավարում, իրավական համակարգ, արդարադատություն, ժողովրդագրություն, սոցապահովություն, քաղհասարակություն եւ այլն՝ զարգացման փոխարեն, ինքնիշխանության պետական գաղափարախոսության բացակայությունը՝ դրա կառուցման եւ փառաբանման փոխարեն, կոռուպցիոն կառավարումը՝ արդար կառավարման փոխարեն, կենսունակ եւ ինքնաբավ պետության վարդապետության ստորադասումը դաշնակցին ապավինելու հիմարությանը: Արդյունքում պետության ձախողված լինելու ապացույց ստացանք, ու բնականաբար, շատ թանկ գնով: Կամ միամտություն է միայն Նիկոլին ու իր թիմին վերագրել այս խայտառակ պարտությունը, կամ՝ հատուկ քարոզչական դիտավորություն:
Անշուշտ, Ադրբեջանն էլ ուներ նույն պրոպբլեմներից, եւ պարտության պատճառները Հայաստան+Արցախ/Ադրբեջան հարթության մեջ որոնելը կոպիտ սխալ է: Պատճառները պիտի որոնել ինչպես մաշվող կայսրությունների ռեստավրացիայի համար իրենց ներդրած հսկայական ջանքերի, այնպես էլ կայսրությունից երկրորդ անգամ անջատված պետության անհեռանկար, որոշ դեպքերում ինքնահռչակ կառավարիչների լավագույն դեպքում կարճատեսության, իսկ վատագույն դեպքում թերահավատության մեջ, թե կարելի է հզոր ու մարտունակ պետություն կառուցել համարյա ավերակների վրա, երբ չորս հարեւանիցդ երկուսը մահդ են ուզում: Իսկ ամենազարհուրելի դեպքում՝ գաղութացման հետեւողական քաղաքականություն վարելու մեջ է պետք փնտրել պատճառը: Ոչ ոք նախկին-ներկա իշխանություններից չհավատաց, որ կարելի է ապրել, զարգանալ ու հաղթել, անգամ, եթե բոլոր հարեւաններդ են մահդ ուզում: Գուցե սխալվում եմ, ներողություն: Դրա համար արդար կառավարում էր, պետք, արդար կառավարման համար արդար իշխանություն, արդար իշխանության համար՝ խելքի եւ կամքի գերազանցություն: Եւ, ոչ թե մեկը՝ ընտրություն է կեղծում, որ մնա թախտին, մյուսը թքում է սահմանադրության վրա, երկրի ունեցվածքը ջրի գնով սաղացնում ու միլիարդատեր դառնում, երրորդի երեսին թքում են, ինքը քնած է ձեւանում, իսկ փեսան՝ դեսպան, չորրոդը՝ ասում է աշխատում ենք ու չի աշխատում:
Այդ ինչպես եղավ, որ Ադրբեջանը, որ իբր թե ուրորէ հաղթում ու բնաջնջում էր Արցախը, որոշեց չհաղթել ու չբնաջնջել Արցախը, այդ ինչու պիտի ինքն իր կամքով կասեցներ իր հաղթարշավը, եթե իսկապես հաղթանակի եւ Արցախում հայության իսպառ ոչնչացման հնարավորություն ուներ, ինչու որոշեց կանգնել ու իր տարածքում (Արցախն իր տարածքն է համարում) տեղ տալ ռուսական զորքին: 27 տարի հայրուորդի բոլոր ձեւերով ճղում էին իրենց, խոստանում էին վերադարձնել Արցախը, մի բան էլ ավել, ու գալիս հասնում է այդ պահը իրենց եւ, նույնիսկ, Հայաստանի իշխանությունների ասելով, մեկ էլ որոշում են նահանջել իրենց մուրազից: Ասում են, իբր Արցախում Ադրբեջանին հայեր էին պետք, որ աշխարհը չասեր՝ ցեղասպանություն արեց, այդ պատճառով ստիպված եղավ զինադադար ստորագրել: Բայց չեն ասում, թե աշխարհին ծախած, ետ առած ու նորից ծախած Ալիեւն ում խոսքից էր սարսափելու, այդ ինչ պատժամիջոց էր, որ իրեն ետ պահեց, իսկ ում չէր առել ու ծախել, վաղուց թքած ուներ, թե ինչ կասեն՝ մարդու իրավունքներից կխոսեն, թե գերիներից ու բնակավայրերի հրթիռակոծությունից: Այս հանգամանքը լրացուցիչ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը կարողացավ իր օգտին «լուծել» Արցախի հարցը: Մարտավարության մանրամասներին չանդրադառնամ: Այդ արանքում Թուրքիան էլ որպես բրոնզեմեդալակիր ստացավ Ադրբեջանում զորքեր տեղակայելու իրավունքը: Այսինքն երկու մաշվող կայսրությունները ավելի քան մոտեցան ռազմական առերեսմանը: Հաջորդ անգամ արդեն պրոքսիպատերազմ չի լինելու: Երկուսն էլ հաջորդ անգամը ձգելու են այնքան, մինչեւ մեկը հասկանա, որ կարող է հաղթել:
Մեր հարեւան երկու կայսրությունները աշխարհագրության բերումով կայսրությունների գոնե փոքրիշատե վերականգնման համար պայքարել եւ պայքարում են սահմանային ազդեցությունների տիրույթում, բոլոր հնարավորությունները օգտագործելու են Կովկասում, Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում, Բալկաններում եւ այստեղ գոնե հարաբերական գերիշխանության համար: Թուրքիան իր տարածքի արեւելքում հայկական գործոնը եւ այդով իր տարածքային կորստի ռիսկը, վերացրել է այդ եւ նույնիսկ նախընթաց տարիներին աշխարհում կիրառված հնարքով՝ էթնիկական տարրի բնաջնջմամբ եւ տեղահանմամբ՝ Ցեղասպանությամբ, համանման գործողություններով նվազեցրել է նաեւ այլ ազգային փոքրամասնությունների տարածքային հավակնությունները: Ռուսական կայսրությունը պարբերաբար դիմել է տեղահանության հնարքին:
Չնայած այս ամենին, կայսրությունները մաշվելու են մինչեւ վերջ, մեր հարեւանների դեպքում կարող է տեւել մինչեւ 50-100 տարի, անհարմար է գուշակություններ անել, դա կախված է բազմաթիվ գործոններից, իրենց գաղութների նկատմամբ վերաբերմունքից, գաղութացման ձեւերի եւ ձեւափոխությունների իրենց ընկալումներից, այլ մեգապետությունների առաջացման տեմպից, խոշոր համաշխարհային ցնցումներից, համավարակներից ու բնական ռեսուրսներից, ինքնաբավության ռազմավարությունների մրցակցային որակներից եւ այլն, մաշվելու են մինչեւ, այսպես կոչված, հիմնական էթնոսների բուն տիրապետության տարածքներ: Եւ մաշվող կայսրությունների եզրերին առաջանալու են իրական ինքնավարություններ, ապա դրանք վերածվելու են կիսանկախ, հետո անկախ պետությունների, լինելու է ե՛ւ քրդական պետություն, ե՛ւ հյուսիսային Կովկասում են անկախանալու, վախենամ, մենք երեւի վերջիններից մեկն ենք լինելու՝ հասկանալու, որ հողը ոչ թե հուշերում է լինում, իսկ պատկերը՝ պատերին 10 մլն մարդու բնակարանների, այլ նրանը, ով ապրում է այդ հողում եւ պաշտպանում է ամեն գնով, այդ թվում՝ խելքի եւ զենքի: Սա լավ հասկանում են այդ կայսրությունների իշխանությունները, իշխանական եւ ազդեցիկ վերնախավերը:
Այսպիսով որոշ տարածքների վերադարձը, կամ որոշ տարածքներում իրենց վերադարձը կայսրության վերջնական փլզումը եւ նոմինալ պետության վերածումը հետաձգելու հետեողական եւ անխուսափելի ջանքեր են, ջանալ այնքան երկար հետաձգել, որքան հնարավոր է: Եթե այս տեսակետը հիմնավոր է, ուրեմն ոչ թե կայսրությունների փլզումն է հարց, այլ այն, թե այդ փլզումների ժամանակ, որ գաղութը/կիսագաղութը կենսունակության ինչ ներուժ կունանա, կկարողանա՞ պաշտպանված ու զորավոր լինել այնքան, որ ոտքի կանգնի ու կայանա որպես ինքնիշխան պետություն, թե՞ փլատակների տակ կմնա, կդառնա մեկ այլ պետության կիսագաղութ: Այս տեսանկյունից կարող է շատերին գայթակղիչ թվալ հարցը, թե լավ, որ այդպես տխուր է, ապա՝ ում գաղութը լինել: Սա քաղաքացիական միտք չէ, որի փայլատակումներին ականջալուր ենք լինում շատ վաղուց եւ ամոթալի չափով հաճախ, այլ՝ ինքնության պակաս չզգացող ճորտի:
Անկախության եւ ինքնիշխանության տենչը, որպես ազգային զարթոնքի եւ երջանկության միակ ճանապարհի ոգու, ոչ մի հակասություն չունի հարեւանների, այդ թվում թշնամի հարեւանների եւ ոխերիմ բարեկամների հետ հաղորդակցվելու անխուսափելիության հետ: Սա միայն Հայաստանին չէ, որ վերաբերելի է: Տարրական հաշվենկատությունը նույնիսկ ամենապարզունակ մտածողներին պիտի հուշի, որ բոլոր կոնֆլիկտների լուծման նախաքայլը հաղորդակցությունն է: Աշխարհը միջնորդների համակարգ է առաջարկում պարբերաբար, շատ հաճախ, եթե չասեմ միշտ՝ անհաջող եւ ձախողակ: Վերջին պատերազմը դրա ապացույցն է: Չբացառելով միջնորդության կարողությունները, Հայաստանը դատապարտված է մի օր սկսել ուղիղ հաղորդակցվել ինչպես կիսագաղութ հարեւանի, այնպես էլ կայսրությունների հետ: Ջանալ եւ հասնել արժանապատիվ հարաբերությունների կառուցման: Դա շատ բարդ բան է, բայց այլընտրանք չկա, այլընտրանքը միջնորդված հաղորդակցությունը շարունակելն է ու կիսագաղութային վարքին հավատարիմ մնալը: Այն ինչ տեղի է ունենում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, դժվար է գործընկերային համարել, Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ չեն եղել ու չկան, կան միջնորդված հարաբերություններ՝ «մեծ ախպերը կխոսի, կկազմակերպի…»:
Կրեմլը, որպես այստեղ ազդեցությունը վերականգնելու եւ ամրապնդելու փափուկ միջոց, պահում, պահպանում եւ զարգացնում է տեղական գործակատարների կամ արտահաստիքային գործակալների ցանցը: Անհիշելի ժամանակներից հայտնի է, որ այստեղ իշխանության հավակնորդները պարտադիր պիտի Մոսկվա գնան, Կրեմլի մերձակա անձանց հետ զրուցեն, համաձայնություն ստանան, կամ գոնե առարկություն չստանան, հետո գան, մի բան անեն, որպեսզի «փրկեն» երկիրը կործանումից: Վաղուց, եւ, մանավանդ, հիմա Կրեմլի ուղղակի եւ անուղղակի հովանավորչության տակ ծլում, ծաղկում եւ զարգանում են ոչ միայն այստեղ գուբերնատորական կամ տիկնիկային որակի իշխանության ձգտողներ, այլեւ պրոպագանդիստական խմբեր, հասարակական կարծիքի փոխման վրա տառապող քարոզիչներ, որոնց թիրախներից են անկախականները, մարդու հիմնարար իրավունքները, ազատությունները, ժողովրդավարությունը, իշխանության ձեւավորման ժողովրդավարական եղանակը պնդողները: Սուտը, զրպարտությունը, վիրավորանքն, բռնության ու մահվան քարոզը հասարակական եւ հատկապես քաղաքական գործիչների եւ հաստատությունների հասցեին, արդարության արժեքների նկատմամբ անվստահության սերմանումը, ժողովրդաիշխանությունը սխալ եւ վատ բան լինելու, բարոյազրկվածության եւ պարտվողականության քարոզը սրանց հիմնական օրակարգն է սահմանված: Չեմ զարմանա, որ պարզվի, թե այս գործակատարները նույնիսկ անվճար են մատուցում իրենց ծառայությունները, օրնիբուն հարվածելով առանց այն է հյուծված ինքնիշխանությանը: Թող պարզունակ չհնչի, բայց Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների եւ քաղաքական իրավունքների դեմ խոսքով եւ գործով պայքարողները իրականում պայքարում են ինքնիշխանության եւ պետության կայացման դեմ: Ինքնիշխանությանը վնասող քարոզիչներին, Հայաստանի իբր ողորմելի լինելու, ներուժ չունենալու, անպայման ուրիշներին ապավինելու քարոզիչներին պետք է վերաբերվել որպես գաղութային համակարգի վերականգման գործիքների, որպես Կրեմլի հանձնարարության կատարողների, կայսերամետ խոսնակների, թող նրանց հայահունչ անուն-ազգանունները ոչ մեկին չմոլորեցնի, Սարգիս Կասյանն էլ էր հայ, Ղուկաս Ղուկասյանն էլ, Ասքանազն էլ Մռավյան: Դրանց անուններով դեռ փողոցներ կան Հայաստանում, անկախության հռչակումից 30 տարի անց:
Լեւոն Բարսեղյան
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •