• Thu. Jan 28th, 2021

Արա Աբրահամյանի խայտառակությունը Մոսկվայում

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա ժամանման կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Փաշինյանի այցի առիթը հանդիպումն է Պուտինի և Բաքվի ղեկավար Ալիևի հետ: Հայտնի են նաև օրակարգային հարցերը՝ կապված նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, ինչպես նաև մտահոգություններ՝ կապված այն բանի հետ, որ հանդիպմանը Հայաստանին կարող են պարտադրվել անցանկալի և ռիսկային համաձայնություններ: Այդ ամենը հասկանալի է:

Անհասկանալի է այն, թե ինչի՞ են ուզում հասնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առաջ կազմակերպված, թերևս առանց չափազանցության՝ ամոթալի կամ խայտառակ, ակցիայի մասնակիցները կամ կազմակերպիչները: Այն, որ ինչպես ցանկացած հայ, նույն կերպ նաև նրանք ունեն մտահոգություններ, ունեն նաև ներկայիս իրավիճակի, Հայաստանի իշխանության, վարչապետի հասցեին իրենց գնահատականները՝ հասկանալի է: Այդ գնահատականները կարող են լինել ամենատարբեր, իսկ մտահոգությունները՝ միանգամայն հիմնավոր: Ամբողջ հարցն այն է, որ ակցիայի, այսպես ասած, պաստառների բովանդակությունը խոսում է ոչ թե մտահոգությունների և դրանց կանխման ջանքի, այլ ընդամենը Հայաստանի վարչապետի դեմ ընդգծված կոշտ վերաբերմունքի մասին, որն այլ տպավորություն, քան պարզապես հայաստանյան ներքաղաքական պայքարի մոսկովյան «մասնաճյուղի» դրսևորում, դժվար է գնահատել կամ բնութագրել:

Անգամ քաղաքական հարցերի գիտակ չլինելը բավարար է՝ հասկանալու համար, որ Հայաստանի վարչապետի հասցեին վիրավորական պաստառներով բողոքի ակցիան ի զորու է թուլացնել հենց Հայաստանին, տվյալ պահին Մոսկվայի հանդիպմանը Հայաստանի առաջին դեմքի կարգավիճակով ներկայացող Փաշինյանին, բայց բոլորովին ոչ այն քաղաքական ճնշումները կամ ռիսկերը, որոնք, ըստ ակցիայի կազմակերպիչների, կարող են լինել մոսկովյան հանդիպմանը: Իսկ ակցիայի կազմակերպիչը, ըստ Տելեգրամ ալիքներով նախօրեին տարածված տեղեկության, Ռուսաստանի հայերի միությունն է, որը, ինչպես հայտնի է, գլխավորում է հանրահայտ Արա Աբրահամյանը:

Հայտնի են նաև Արա Աբրահամյանի կապերը Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ: Այդ կապերը անշուշտ նրա իրավունքն են, ինչպես և նրա իրավունքն է բողոքի որևէ ակցիա: Ամբողջ հարցը ակցիայի բովանդակությունն ու տրամաբանությունն է, երբ թեկուզ մի փոքր խումբ ռուսաստանահայեր թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպումից առաջ զբաղված են սեփական պետության կամ հայրենիքի ղեկավարի անձնական վարկաբեկումով: Ի դեպ, մի բան, որով հայաստանյան քաղաքական ուժերից մեկի արտերկրի կառույցները ինտենսիվ զբաղված էին նաև 2009 թվականին, երբ հայ-թուրքական արձանագրությունների թեման Սփյուռքում քննարկելու համար մի քանի, այդ թվում՝ մոսկովյան համայնք էր այցելել Սերժ Սարգսյանը: Ընդ որում, նա չէր հանդիպում որևէ ղեկավարի հետ, նա հանդիպում էր հենց հայկական համայնքների հետ, սակայն անգամ այդ պարագայում անձնական թիրախավորումով բողոքի ակցիաները բացարձակապես չէին կարող բխել Հայաստանի շահերից:

Նույն կերպ՝ ներկայումս տեղի ունեցողով ում շահերն է սպասարկում Ռուսաստանի հայերի միությունը: Միության կազմակերպած ակցիայի սակավամարդությունը վկայում է, որ Ռուսաստանի հայերը, մեղմ ասած, չեն ցանկացել մասնակցել այդպիսի խայտառակության: Եվ դա ոչ այն պատճառով, որ նրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետևորդներ են: Նրանք պարզապես կարողացել են անհրաժեշտ պահին տարբերակել Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքն ու գնահատականը և Հայաստանի Հանրապետության խնդիրները:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 13
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 13
  •