• Wed. Jan 20th, 2021

Ինչ է ստացվելու Նիկոլ Փաշինյանի օրակարգից Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ, ինչպես արդեն հայտնի է պաշտոնապես, տեղի է ունենալու հանդիպում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով: Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է այն օրակարգի մասին, որով Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: Ըստ այդմ՝ օրակարգում են գերիների և անհետ կորածների հետ կապված հարցերը, որոնք առաջնահերթություն են Երևանի համար, և հարցեր տնտեսական գործակցության հետ կապված, մասնավորապես ռեգիոնալ հաղորդուղիների բացման:

Ինչպես հայտնի է, այդ հարցը Երևանը դիտարկում է փաթեթային տրամաբանությամբ, այսինքն՝ բոլոր հաղորդուղիներն են բացվում, կամ չի բացվում որևէ տրանսպորտային ուղի: Այստեղ մասնավորապես խոսքը Նախիջևան-Ադրբեջան կապի մասին է: Միաժամանակ հայտնի է, որ Հայաստանը տրանսպորտային հաղորդուղիների հարցի քննարկումը կապում է ռազմագերիների և անհետ կորածների խնդրի լուծման հետ: Ինչ է ստացվելու այդ օրակարգից Մոսկվայում: Հարցն իհարկե բավականին անորոշ է:

Երևանը նշել է, որ նախատեսված չէ որևէ համաձայնագրի կամ պայմանագրի ստորագրում, որը կենթադրի նոր բովանդակություն: Մյուս կողմից՝ արդյոք կարո՞ղ ենք ընդհանրապես բացառել որևէ փաստաթղթի ստորագրություն՝ մասնավորապես, նոյեմբերի 9-ի համաձայնագրի հայտնի դրույթների հետագա ավելի հստակեցման և ժամանակացույցերի ու մեխանիզմների սահմանման տրամաբանությամբ:

Անորոշություններն իսկապես շատ են, սակայն ակնառու է թերևս մի բան, որ Մոսկվայում սպասվում են կարևոր և էական քննարկումներ: Դրա վկայությունը նախապատրաստական աշխատանքի մեխանիկան է: Նախ՝ ինքնին այն, որ կազմակերպվում է հանդիպում Փաշինյան-Ալիև համատեղ մասնակցությամբ, վկայում է, որ քննարկման առարկան լինելու է շատ կարևոր: Երկրորդ՝ կարևորության մասին է վկայում այն, որ նախօրեին Պուտինը թեմայի առնչությամբ անցկացրել է խորհրդակցություն ուժային բլոկի ներկայացուցիչների հետ՝ պաշտպանության նախարար Շոյգու, արտգործնախարար Լավրով, Անվտանգության ծառայության պետ Բորտնիկով, Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշև և Արտաքին հետախուզության պետ Նարիշկին: Մոսկովյան հանդիպմանն ընդառաջ երկու հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների միջև, Նախիջևանի հետ սահմանին և Սյունիքում՝ Շուռնուխ և Որոտան գյուղերի հատվածում: Դրան զուգահեռ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նախօրեին էլ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտին-Մակրոն ձևաչափով, որի ժամանակ քննարկվել են մոսկովյան հանդիպմանն առնչվող հարցեր:

Նախապատրաստական շրջափուլը բավականին բուռն է, ինչը վկայում է, որ քննարկվող հարցերը լինելու են նշանակալի և էական, ինչպես նաև ակնկալվում են կարևոր համաձայնություններ: Այստեղ անշուշտ առանցքային խնդիր է այն, որ ի տարբերություն նոյեմբերի 9-ի՝ Երևանը որևէ գրավոր կամ բանավոր համաձայնության հանգի չպարտադրված, և այդ գրավոր ու բանավոր որևէ համաձայնությունում Հայաստանի շահը արտահայտվի ավելին ստանալու, ոչ թե ավելին չկորցնելու տրամաբանությամբ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •