• Thu. Jan 28th, 2021

Հայաստանի ներքաղաքական կոնյունկտուրան մտնելու է նոր փուլ

Հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ ձևաչափի հանդիպումն ըստ ամենայնի բացի արտաքին քաղաքական և անվտանգային ասպեկտներից՝ կապված Արցախի հարցի հեռանկարի և հայ-ադրբեջանական հարաբերության ու ռեգիոնալ համակեցության զարգացումների հետ, թերևս ունենալու է նաև որոշակի անուղղակի ազդեցություն Հայաստանի ներքաղաքական իրողությունների վրա:

Դրա մասին վկայող հանգամանքներից է թերևս այն, որ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը արմատական ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Այդ հանդիպումից հետո արմատական ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե որոշ պատասխաններ իրենց բավարարել են, որոշների պարագայում մնացել է անորոշությունը: Միաժամանակ, արմատական ընդդիմությունը հայտարարեց, որ Հայաստանի շահին հակասող որևէ համաձայնություն կլինի առ ոչինչ, եթե իրենք գան իշխանության:

Սա հատկապես հետաքրքիր հանգամանք է՝ նկատի ունենալով այն, որ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի առումով արմատական ընդդիմությունը չի հնչեցրել այդպիսի հայտարարություն, այլ հակառակը՝ ասվել է, որ չեն համակերպվի, սակայն ընդունելու են որպես իրողություն: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ փոխելու մասին հայտարարություն չեն արել նաև նոյեմբերի 9-ի առնչությամբ, չէ՞ որ այն Հայաստանի շահին, մեղմ ասած, պակաս չի հակասում, քան որևէ սպասվող համաձայնություն: Կամ՝ ինչո՞ւ հունվարի 11-ի վերաբերյալ չեն հայտարարում կամ չեն սպասում՝ հետո հայտարարելու համար, որ ընդունում են ի գիտություն, որպես իրողություն՝ չհամակերպվելով դրա հետ:

Այստեղ պատճառը կարող է լինել այն, որ արմատական ընդդիմությունը, չնայած իր իսկ խողովակներով տարածվող տագնապալի սպասումներին, այդուհանդերձ ունի համոզում, որ հունվարի 11-ին չի սպասվում առանձնապես վտանգավոր որևէ համաձայնություն: Դա էլ թույլ է տալիս մշտապես ռուսական լոյալության տիրույթում գործող արմատական ընդդիմությանը անել ՌԴ համաձայնությամբ ձեռք բերվելիք անցանկալի հայտարարությունը չեղարկելու կոշտ հայտարարություն: Հետո կասվի, որ հենց այդ կոշտությունն է կանխել անցանկալի համաձայնությունները: Դա կփորձեն գումարել իրենց ակտիվին: Հասկանալի քաղաքական պահվածք է, և մեծ հաշվով այդ պահվածքը բխում է նաև պետական հետաքրքրությունից՝ անկախ քաղաքական խմբային կոնյունկտուրայից:

Միևնույն ժամանակ լայն իմաստով ակնառու է, որ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանի ներքաղաքական կոնյունկտուրան մտնելու է նոր փուլ, ներքաղաքական մրցակցության կամ պայքարի տրամաբանությունը թևակոխելու է նոր փուլ: Սա ավելի առարկայորեն կախված է իհարկե մոսկովյան քննարկումների բովանդակությունից և համաձայնությունների բնույթից, սակայն ակնառու է, որ այդ պարագայում մեկնակետը այլևս նոյեմբերի 9-ից տեղափոխվում է հունվարի 11: Եթե Ռուսաստանին այդ իմաստով հաջողվի զարգացնել իր ռազմավարությունից բխող տրամաբանությունը, ասել կուզի՝ ռեգիոնալ համակեցության գործընթացի առարկայացում, ապա դա թերևս էապես կբարդացնի արմատական ընդդիմության գործունեության կամ պայքարի առանց այդ էլ ոչ պարզ միջավայրը՝ հաշվի առնելով այն, որ այդ պայքարի առանցքում քաղաքական մեկ գիծ է՝ Ռուսաստանի հետաքրքրությունները բավարարելու առավել մեծ պատրաստակամություն կամ հուսալիություն:

Հայաստանում 2007-08-ից ի վեր խոշոր հաշվով դա է եղել ներքաղաքական պայքարի առանցքային հանգրվանների տողատակային բաց կամ կիսաբաց առանցքը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •