• Wed. Jan 20th, 2021

Մեկնարկում է ՀՀ վարչապետի կարճատեւ այցը Մոսկվա. այսօր նախատեսված է Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ այսօր կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Հանդիպումը տեղի կունենա Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ: 

Եռակողմ հանդիպման օրակարգում, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի քննարկումն է եւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Բացի այդ, ըստ նույն հաղորդագրության, հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ»,- նշում էր Գեւորգյանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:

Նշենք, որ բացի եռակողմ հանդիպումից՝ նախատեսվում է նաեւ Պուտին-Փաշինյան, Պուտին Ալիեւ երկկողմ հանդիպումներ: Կլինի նաեւ աշխատանքային ճաշ, որից հետո ՀՀ վարչապետը կվերադառնա Երեւան:

Ի դեպ, այսօր առավոտյան Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել դեպի Զվարթնոց օդանավակայան ճանապարհը՝ Փաշինյանին թույլ չտալու մեկնել Մոսկվա: Նիկոլ Փաշինյանին, սակայն, հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել դեպի Մոսկվա։ Ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, թե եթե Մոսկվայում Փաշինյանն ինչ–որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի, Հայաստանի օդը նրա վերադարձի համար փակ է լինելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել եւ լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ հավելելով, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •