• Wed. Jan 20th, 2021

Պատմության ներկայում մենք դեռ չենք գիտակցել՝ իրականում ի՞նչ ու ինչո՞ւ կատարվեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի չորրորդ հանրապետության իր պատկերացումները՝ հիմնավորելով երրորդի ավարտի պատճառներն ու նորի անհրաժեշտությունը: Նախագահի հրապարակման հիմքում 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտության և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուք է:

Պատմական էքսկուրսից հետո նա բացատրում է անկախության տարիների գլխավոր սխալների պատճառները՝ իմիտացիոն գործունեություն՝ պետական կառավարման բովանդակային քայլերի փոխարեն, համահայկական գույքագրման բացակայություն՝ տնտեսության իրական հնարավորությունները զարգացնելու համար… Միով բանիվ՝ անկախության տարիներին մենք չհասանք ինքնանույնականացման ու չստեղծեցինք մեր արժեքային համակարգը՝ ազգային շահի պատկերացմամբ:

Արմեն Սարգսյանը առաջարկում է ստեղծված ճգնաժամի իր լուծումը՝ նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Սա է նրա հոդվածի մեխը: Նա նաև թվարկում է այդ կառավարության երեք նպատակները: «Առաջինը՝ պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար: Երկրորդը՝ պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում: Երրորդը՝ խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում»:

Միանգամայն տրամաբանական և ընդունելի նպատակներ: Խնդիրը մեկն է՝ ինչպե՞ս: Նախագահի առաջարկած մեխանիզմները, որ նույնպես տրամաբանական են, ունեն մեկ հիմնական թերություն՝ չկա «ինչպե՞ս»-ի մեկնությունը: Այո, 2020-ի նոյեմբերի 10-ից մենք ապրում ենք նոր իրականության մեջ, որի բարոյահոգեբանական հետևանքների, ազգային նոր չափորոշիչների ու նույնիսկ պետական սահմանները դեռ չեն ուրվագծվում: Ավելին՝ հասարակությունը կարծես տրամադիր էլ չէ ներքին հաշտության ու չափազանց ներկա ու ցավոտ անցյալի հաղթահարման, ելքերի գիտակցման: Ուստի գլխավոր հարցը դառնում է՝ ինչպե՞ս այստեղ ու հիմա այս վիճակից դուրս գանք: Շրխկոցով փակելով երրորդ հանրապետության դռները ու հայտարարելով չորրորդ հանրապետություն՝ ի՞նչ հարց ենք լուծում: Ի՞նչ է փոխվում: Միանգամից ինչպե՞ս ենք մի կողմ դնելու «ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը և անհետևողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ»:

Փաստացի պատմության ներկայում մենք դեռ չենք գիտակցել՝ իրականում ի՞նչ ու ինչո՞ւ կատարվեց: Ու մինչև չունենանք հենց այդ հարցերի պատասխանները, Հայաստանը նույնիսկ «Երկիր Ավետյաց» անվանելու դեպքում դրախտ չի ստեղծվելու: Մեզ պետք է չոր, պրագմատիկ ու արտաքին քաղաքական մարտահրավերների հաշվարկով ԾՐԱԳԻՐ: Առաջինը՝ տնտեսության զարգացման, երկրորդը՝ բանակի վերականգնման, երրորդը՝ բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխութան: Իսկ այդ ծրագրի ցանկացած կետի համար պետք է ինքնիշխանության ու ինքնանույնականացման ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ:

Ու միայն այդ ծրագրի հաջողությամբ իրականացումից հետո կարող ենք ակնկալել, որ երրորդ հանրապետությունը ավարտել է իր պատմական առաքելությունը, և ժամանակն է նոր որակի ու նոր մակարդակի պետության՝ գուցե նաև Չորրորդ Հանրապետության: Անվանումը իսկապես կարևոր չէ, կարևորը մեխանիզմներն են, թե ինչպես ենք կարողանալու այդ խնդիրները լուծել՝ հաշվի առնելով թե՛ մթնոլորտը, թե՛ տնտեսության վիճակը, թե՛ աշխարհաքաղաքական մարտահրավերները:

Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը՝ նախագահի ինստիտուտի օգնությամբ, լավագույն մտադրությունների՞ շարքից է, թե՞ ռեալ ճանապարհ: Հարցի պատասխանը «ինչպե՞ս»-ի մեջ է: Եվ «ինչպե՞ս»-ը ոչ միայն իրավական հարց է, այլև պետական կառավարման իրական հնարավորությունների ու արդյունքների:

Ի վերջո, նույն խնդիրների լուծումը իր առջև ունի և՛ ներկա կառավարությունը, և՛ ունենալու է ցանկացած կառավարություն, որ ձևավորվելու է հերթական կամ արտահերթ ընտրություններից հետո:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 15
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 15
  •