• Thu. Jan 28th, 2021

Բայդենն է Ռուսաստանին շտապեցնում ամրացնել դիրքերը Թուրքիայի հետ պայմանավորվածությունների շրջանակում

Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպումը հայկական կողմի համար փաստորեն չլուծեց գլխավոր հարցը՝ ռազմագերիների վերադարձը և անհետ կորածների լիարժեք որոնողական աշխատանքի իրականացումը: Դա մի կողմից նշանակում է, որ հանդիպման ընթացքում Ալիևը դրել է պայմաններ, որոնք արժանացել են Փաշինյանի մերժմանը, ինչի հետևանքով էլ գերիների հարցում Բաքվի ղեկավարը շարունակել է մնալ իր մերժողական դիրքում, մյուս կողմից նշանակում է, որ Հայաստանի վարչապետին չի հաջողվել լուծել Հայաստանի համար օրակարգային իր իսկ հռչակած առաջնահերթությունը:

Իհարկե, հետո երկկողմ ձևաչափի հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը Փաշինյանին հույս է հայտնել, որ կհաջողվի գտնել բոլոր, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների շուրջ համաձայնություն, բայց առայժմ փաստն այն է, որ հունվարի 11-ին առնվազն այդ հարցում Փաշինյանին չի հաջողվել հասնել անհրաժեշտ լուծման: Հարց է առաջանում, իսկ ինչ է հաջողվել: Մեծ հաշվով, թվում է, որ ոչինչ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այսպես ասած կողմերի ելման դիրքերը և հայկական կողմի իրավիճակը պարտությունից հետո, հնարավոր է եզրակացնել, որ Փաշինյանը դնելով առավելագույնը, գնում էր նվազագույնը նոր զիջումներ չանելու, նոր զիջումների, ադրբեջանական կամ ադրբեջանա-ռուսական, կամ ռուս-թուրքական տրամաբանությունից բխող նոր պայմանների չընդառաջելու նպատակադրմամբ: Եթե դա ստացվել է, ապա մխիթարական է, իհարկե շատ թույլ, քանի որ վերադառնում ենք գլխավոր հարցին՝ ադրբեջանական մղձավանջից մեր տղաների վերադարձի խնդրին: Դա պետք է լուծել, դրա համար պետք է անել ամեն ինչ, իհարկե, բացառությամբ հայկական կենսական շահեր ու իրավունքներ զիջելու: Շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտինի և Ալիևի ներկայությամբ բարձրաձայնեց, որ հակամարտությունը լուծված չէ, և պետք է որոշվի Արցախի կարգավիճակը: Մյուս կողմից, այստեղ չի նշմարվում հայկական օրակարգի հեռանկար, համենայնդեպս, քանի դեռ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը չի աշխուժացել և առաջ չի բերել կարգավիճակի հարցը: Դա կախված է ԱՄՆ վարչակազմից՝ նոր վարչակազմից, որից ակնկալվում է Թրամփի, այսպես ասած, մեկուսացման քաղաքականության վերանայում և վերադարձ ակտիվության նաև արցախյան հարցում, ինչպես Օբամայի նախագահության շրջանում, որի վարչակազմում ներկայիս ընտրված նախագահ Բայդենը փոխնախագահ էր և ակտիվ ներգրավված անձանցից էր այդ հարցում:

Բայդենի պաշտոնամուտին մնացել է մի քանի օր: Բոլորովին պետք չէ բացառել և այն, որ հենց այդ հանգամանքն է Ռուսաստանին շտապեցնում ամրացնել դիրքերը Թուրքիայի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ձևավորված հետպատերազմական ստատուս-քվոյի ընթացքում, որից հետո Ռուսաստանը կունենա մի կողմից հենց նույն Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից՝ ԱՄՆ հետ ավելի ճկուն և ինքնավստահ խոսելու հնարավորություն: Մոսկովյան հանդիպումը, սակայն, այդ իմաստով, կարծես թե, եթե անհաջողություն չէր, ապա դժվար է նաև Պուտինի համար դիտարկել հաջողություն, համենայնդեպս դատելով հանդիպմանը հաջորդած հայտարարություններից: Ամբողջ հարցն այն է նաև, որ ստեղծված իրադրությունում, քանի դեռ առաջին ջութակի դերում ռուս-թուրքական տանդեմն է, Պուտինի համար անհաջողությունը անխուսափելիորեն վերածվում է անհաջողության նաև Հայաստանի համար, առնվազն կարևորագույն՝ ռազմագերիների հարցում: Միևնույն ժամանակ, սակայն, սա, իհարկե, առավելապես Հայաստանի քաղաքական ղեկավարության տիրույթում գտնվող անհաջողություն է: Հայաստանը պետք է փնտրի հարցի լուծման նոր ճանապարհներ և ուղղություններ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •