• Tue. Jan 19th, 2021

Բաքուն գերիների հարցը ձգձգում է հատուկ նպատակով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։

«Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում դեկտեմբերի 28-ին հասցեագրել է նամակ՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Կիզակետում Շիրակի մարզից 62 հայ զինծառայողների հարցն էր։ Մեր տղաների հետ կապված ներկայացվել էր, որ Ադրբեջանն իրականացրել է Պաշտպանության նախարարության և անվտանգության ծառայությունների համատեղ հակաահաբեկչական միջոցառում, հայտնաբերել են 62 հայ զինծառայողների, որոնք, իրենց ձևակերպմամբ, գլխավորապես Շիրակից են։ Նրանք ձերբակալված են, նրանց նկատմամբ իրականացվում են քննչական վարույթներ։ Եվ նշվում է, որ նրանք Հայաստանից ուղարկվել են, իրենց ձևակերպմամբ, Ադրբեջանի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Եվ դրա հիման վրա արվում են նաև քաղաքական եզրահանգումներ։ Այդ եզրահանգումների թվում է այն, որ կոչ է արվում ՄԱԿ-ին համոզել Հայաստանին, որպեսզի չխախտի իրենց տարածքային ամբողջականությունը։ Այդ թվում՝ նաև հարց է բարձրացվում, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն ակնհայտ քաղաքականացնում է հայ գերիների հարցը։ Անթույլատրելի է հետպատերազմական այս փուլում մարդասիրական ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա արդեն իրենից ներկայացնում է կոպիտ խախտում։ Միջազգային պահանջների համաձայն՝  ռազմագերիները կամ քաղաքացիական գերիները ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելն ու ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է։ Ավելին, ըստ պաշտպանի, այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա նույնպես պատերազմական հանցագործություն է։ Այս ամենն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով և հատկապես 1949 թ. Ժնևի երրորդ կոնվենցիայով, որի պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ։

«Կարևոր է ընդգծել, որ գերիների հետ կապված հարցի քաղաքականացումը բացարձակապես անթույլատրելի է։ Իրականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ասում է՝ կողմերն իրականացնում են գերիների և կողմերի մոտ պահվող անձանց փոխանակում։ Շատ վատ է, որ ժամկետ չկա, նաև անհապաղը չկա այդ փաստաթղթում։ Բայց այստեղ կարևորը հենց դա է, որ այս պահանջը մյուսներից անկախ է ոչ միայն այն առումով, որ կապ չունի քաղաքականության հետ, այլ որ այս պահանջը նաև միջազգային պահանջ է։ Եթե տարածքային և մյուս հարցերում կողմերը կարող են պայմանավորվախություններ ձեռք բերել, փոխել ժամկետները, աշխատել, այս հարցով չկա նման բան, սա միջազգային իրավունք է»,- հավելեց նա։

Թաթոյանի խոսքով՝ այսօր, սակայն, Ադրբեջանը այն գիծն է տանում, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը վերաբերում է միայն նոյեմբերի 10-ից առաջ եղած իրավիճակների նկատմամբ։ Սա նույնպես անթույլատրելի է, հայտարարության՝ գերիների վերաբերյալ կետը նաև նոյեմբերի 10-ից հետո իրավիճակի վրա պետք է կիրառելի լինի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերն ունեն գերիներ, որոնք մեծ հաշվով կապված են այս պատերազմական գործողությունների հետ։

«Իրենք իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում։ Ինչո՞ւ, որովհետև իրավական արհեստական գործընթացներով քողարկում են նրանց վերադարձի հարցերը։ Ավելին, իրենք մեր տղաների ձերբակալությունը փորձում են ներկայացնել, որ իբր Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը։ Ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական մարմիններն են խախտել այդ եռակողմ հայտարարությունը, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ նրանց պահվածքը հակասում է այդ հայտարարությունն ստորագրած երեք կողմերի մտադրություններին։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցեց չէ՞ Քարվաճառում այն երկու հանցանք կատարած և դատապարտված անձանց։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգել է գերիների վերադարձը։ Նրանք դա անում են հատուկ նպատակով՝ մեր հասրակաությանը հոգեկան տառապանք պատճառելու, լարվածություն առաջացնելու համար»,- հավելեց նա։

Պաշտպանն ասաց, որ բոլոր միջոցները գործադրում են գերիների վերադարձի ուղղությամբ։ Նա նշեց, որ օրերս իր այցը Ռուսաստան ևս այս հարցի հետ էր կապված, սակայն չի կարող մանրամասներ փոխանցել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ասուլիսի ընթացքում ասաց, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած ճանապարհային հատվածների հետ կապված մի շարք խնդիրներ կարգավորված չեն։

«Դուք պատկերացրեք այդ տարածքները, որոնք ադրբեջանական համարվող տարածքներ են, և այդտեղից մեր քաղաքացիները, ովքեր երթևեկում են քաղաքացիական մեքենաներով (խորհուրդ է տրվում շատ արագ քշել անցնել և չկանգնել այդ հատվածներում, որովհետև կարող դիտվել սադրանք, բայց պատկերացնենք), օրինակ, ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու, եթե այդ ճանապարհատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ Եթե, օրինակ, ոչ միայն հայկական մեքենաների միջև ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի ունենա, այլ նաև, օրինակ, ադրբեջանական և հայկական մեքենաների»:

Պաշտպանը մի շարք հարցեր բարձրացրեց։ «Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, հանցագործություն տեղի ունենա, ի՞նչ կլինի, եթե, օրինակ, մարդ պարզապես վթարի ենթարկվի, կամ, օրինակ, մարդու մեքենան փչացել է, անսարք է, պետք է կանգնի և այդ հատվածում մեքենա նորոգի։ Հատկապես այդ երթևեկության կանոնների խախտումների, պատահարի, հանցագործության հետ կապված, եթե համարում ենք Ադրբեջանի տարածքը, ի՞նչ է նշանակում՝ պետք է Ադրբեջանի քննչական մարմինները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթներ իրականացնեն, մի հատ էլ ենթարկեն բերման իրենց բաժիններ»։

Թաթոյանի խոսքով՝ այս հարցերը հրատապ լուծման կարիք ունեն։ «Մեր ծառայողները, նաև ոստիկանության ծառայողները նրանց հետ միասին անձնուրաց հերոսական ծառայություն են իրականացնում այդ դիրքերը պահելու և այլ տեսանկյունից, բայց այս հարցերը իրավական հարցեր են, որոնցով որևէ հարց կարգավորված չէ, իսկ այս դեպքերը կարող են տեղի ունենալ ամեն օր, ամեն պահի, հետևաբար այս հարցերը հրատապ լուծումների կարիք ունեն, որովհետև սրանք մարդու իրավունքների կարևորագույն խնդիրներն են»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •