• Thu. Jan 28th, 2021

Բաքվի վիլայեթի ղեկավարը հասկանում է, որ Մոսկվան չի հաշտվելու կորստի հետ

Հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով հանդիպմանը Բաքվի ղեկավարի դեմքի արտահայտությունն անկասկած հաղթական չէր: Բաքվից Հայաստանի և Փաշինյանի հասցեին հոխորտացող Ալիևը բավականին լարված և անհարմարավետ դեմքի արտահայտություն ուներ Պուտինի առաջ, ինչը խորքային առումով վկայում է, այսպես ասած, հաղթանակի այն ամբողջ ծանրությունը և բարդությունը, որ ընկել է Ալիևի վրա:

Ալիևը հիանալի է պատկերացնում, որ պարտվել են Փաշինյանն ու Հայաստանը, սակայն հաղթել է ոչ թե ինքը, այլ բավականին բազմաշերտ աշխարհաքաղաքական իրողությունը: Ալիևը թերևս լավ է պատկերացնում, որ այդ իրողության համատեքստում Հայաստանի ու Արցախի հանդեպ «իր», այսպես ասած, հաղթանակը իրականում հաղթանակ է Ռուսաստանի նկատմամբ, նրա աշխարհաքաղաքական մրցակիցների և առերևույթ ռեգիոնալ գործընկեր Թուրքիայի հաղթանակը ՌԴ նկատմամբ: Ալիևը պատկերացնում է, որ Պուտինը չի ներելու դա: Իհարկե հնարավոր է, որ Պուտինը չհասցնի պատժել, սակայն այս դեպքում ՌԴ հավաքական վերնախավ «Պուտինի» մասին է խոսքը:

Ռուսներին հաջողվեց Թուրքիայի պարտադրած պատերազմում գտնել, այսպես ասած, արանք և միջոց այն կանգնեցնելու համար, երբ հետագա ընթացքը այլևս սպառնալու էր Կովկասից Մոսկվայի լիովին դուրսմղումով: Ռուսաստանը ռազմական ներկայություն հաստատեց Արցախում, սակայն կորցրեց իր համար առանցքային գոտին՝ Արցախի հարավը, որը սահմանակից է Իրանին: Խոշոր հաշվով, այդ գոտին էր արցախյան հակամարտության աշխարհաքաղաքական ամբողջ կռվանը կամ այդ կռվանի առանցքը անցնող երեք տասնամյակում՝ կարգավորման գործընթացում: Իհարկե միակը չէր, սակայն դա էր առանցքայինը, և Ռուսաստանը կորցրեց այն: Գոնե առայժմ:

Միաժամանակ, Բաքվի վիլայեթի ղեկավարը հասկանում է, որ Մոսկվան չի հաշտվելու այդ կորստի հետ, հետևաբար առաջին իսկ հնարավորության դեպքում անելու է ամեն ինչ այն հետ բերելու կամ վերականգնելու համար: Ալիևը հասկանում է, որ ինքն, այսպես ասած, հաղթող է օտար պատերազմում: Իսկ դա նշանակում է, որ այդ հաղթանակը չունի բացարձակապես որևէ երաշխիք՝ տարածական և ժամանակային: Հատկապես, երբ Թրամփի պարտությունից հետո երաշխիքային խնդիրներ են հասունանում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որը փորձում է փնտրել Բայդենի հետ ընդհանուր եզրեր: Բոլորի հիշողության մեջ է թերևս թարմ 2016 թվականին Անկարայում Բայդենի իրավաքաղաքական լիկբեզը Էրդողանի համար՝ Գյուլենի արտահանձնման թեմայով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •