• Tue. Jan 19th, 2021

Պահանջում ենք գործը վերաբացել, արտաշիրիմում անել. լրացավ Ավետիսյանների սպանդի 6-րդ տարին

Մյասնիկյան 188 հասցեում, այնտեղ, որտեղ 2015 թվականի հունվարի 12-ին սպանվեցին գյումրեցի Ավետիսյանները, այսօր լրագրողների հետ հանդիպեցին նրանց ժառանգները՝ Լուսինեն ու Անահիտը:

Շատ բան չունեին մեզ ասելու: Բայց իշխանություններին ուղղված պահանջ, բարեգործներից էլ խնդրանք ունեին:

Իշխանություններից պահանջում են իրենց հասցնել Եվրոդատարան, որպեսզի կարողանան տեղում հավաստիանալ, թե արդյոք ընտանիքի սպանդի գործը հասել է տեղ, իսկ եթե չկա, ապա կարողանան անձամբ այն հասցնել:

«Ես ուզում եմ գործը վերաբացել, անգամ արտաշիրիմմանն եմ համաձայն, ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ: Ուղղակի հնարավորություն չունեմ եվրոպա գնալու և եվրոդատարան հասնելու: Մենք համոզված չենք, թե արդյոք գործը Եվրոդատարանում է: Փաստաբաններն ասում են՝ հասել է, դե թող մի թուղթ ցույց տան, տեսնենք որ վարույթում է գործը: Չկա նման բան:

Խնդրում ենք, որ պետությունը մեզ ֆինանսապես ապահովի, կարողանանք գնալ Եվրոպա, որպեսզի էս գործն անձամբ մենք մեր ձեռքով տանք եվրոդատարան, որ բոլորիս էլ պարզ լինի՝ էս մութ անկյունը որտեղ է կոծկված: Ո՞վ է սրա հետևում թաքնված, քանի՞ հոգի է մտել բնակարան: Մեր հիմնական պահանջը դա է»,- ասաց Լուսինեն:

Բարերարներից էլ մեկ խնդրանք ունեն, որը 6 տարի շարունակ կրկնում են. վերանորոգել օր օրի քայքայվող իրենց հայրական տունը: «Ֆինանսական հնարավորություն ունենայինք՝ մենք կանեինք, բայց ես իմ ապրած տունը չեմ կարող նորոգել, 3 երեխա ունեմ, հազիվ եմ նրանց պահում, ես կարո՞ղ եմ էս տունը նորոգել: Գոնե օգնեն՝ դա անենք, մեծ բան չենք խնդրում, որ մեր երեխեքի ձեռքը բռնած կարողանանք մտնել մեր հայրական տուն: 7 հրեշտակների դպրոց բացին, մանկապարտեզ բացին, մեզ դա հետաքրքիր չէ, մեր համար էսօր կարևոր է, որ կարողանանք մեր հայրական տունը մտնենք, գոնե լույս վառենք»,- խնդրեց Լուսինեն:

Նկատենք, որ Ավետիսյանների բնակարանի հատակն ամբողջությամբ քայքայված է, և դռնից ներս մտնելը մեծ ռիսկ է պահանջում: Տան իրերը տեղաշարժված չեն, նույն դասավորությամբ և նույն տեղերում են մնացել, այնպես, ինչպես եղել է 6 տարի առաջ:

Հիշեցնենք, որ 6 տարի առաջ այս օրը Մյասնիկյան 188 տանը սպանվեցին գյումրեցի Ավետիսյանները: Մեծից փոքր՝ Հասմիկը, Սերյոժան, նրանց դուստրը՝ Աիդան, երիտասարդ ամուսիններ Արաքսյա եւ Արմեն Ավետիսյանները ու նրանց մանկահասակ աղջիկը՝ 2-ամյա Հասմիկը, գնդակահարվեցին: Ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժան, կյանքի հետ անհամատեղելի վիրավորումներ ստացավ սվին-դանակով:

Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման եւ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ:

2016 թվականի օգոստոսի 23-ի՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում 2017 թվականի մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը:

Դեպքից 6 տարի անց, սակայն, այս դատավճիռն Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը, համարում են ոչ հավաստի: Այսօր լրագրողների հետ զրույցում նրանք մեկ անգամ ևս փաստեցին՝ շուրջ 9 ամիս ՌԴ 102-րդ ռազմաբազայում անցկացված դատավարությունը, առավել ևս՝ դատավճիռը, երբեք իրենց չեն բավարարել:

«Մենք վսահ ենք, որ գործը քողարկել են: Պերմյակովին տարան, ո՞ւր տարան, արդյո՞ք տարան, մենք տեղյակ չենք: Ռուսաստանը փակ է, ես չեմ կարա գնամ տեսնեմ՝ խցում նստած է, թե չէ: Թող տային ես հրապարակում վառեի, ինչի տարան, եթե ինքն էր իրոք սպանողը: Ինքը մենակ չի եղել, ո՛չ: Ինքն էնքան վախկոտ է, որ ես դատարանում իրա ոտին խփեցի, վախից չգիտեր՝ ինչ ծակ ման գար մտներ, անհնար է, որ մենակ լիներ: Կարող է մասնակից էր: Ոնց կարող էր ինքը մենակ միաժամանակ բոլորին կրակեր, գոնե մեկը սենյակից դուրս կգար, չէ՞: Ես վստահ եմ, որ կրակոցները տարբեր զենքերից են արձակվել»,- ասաց Լուսինեն:

Սպանդի ենթարկված ընտանիքի ժառանգները, սակայն, մեծ անվստահություն ունեն ոչ միայն դատական նսիտերի, դատավճռի, այլ նաև բոլոր պաշտոնական հրապարակումների ու հաղորդագրությունների նկատմամբ: Մինչ օրս չեն ստացել իրենց մեկ և հիմնական հարցի իրական պատասխանը. Ինչո՞ւ հենց իրենց ընտանիքն ընտրվեց այդ ոճրի իրականացման համար, ինչո՞ւ հենց Մյասնիկյան 188 հասցեն: Տուն, որը փողոցից անգամ տեսանելի չէ, և մի բնակարան, որն անգամ սովորական գողերի համար չէր կարող գրավիչ լինել:

«Մեզ պետք է իմանալ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Ինչի համար հենց մեր տունը: Մենք ո՛չ խուլիգանք էինք, ո՛չ քրեական աշխարհից էինք, ո՛չ մի բան: Հասարակ ընտանիք, իրենց աշխատանքով ապրող մարդիկ, ամենասովորական կյանք ունցող»,- ընդգծեց Ավետիսյանների դուստրը՝ Անահիտը:

Քույրերն ասացին՝ վիրավորված են իրենց նկատմամբ իշխանությունների և, ընդհանրապես, բոլորի անուշադրությունից: «Ո՛չ հներն էին մի բան, ո՛չ նորերը: Դիմում գրեցինք, նույնիսկ չընդունեցին, որ դռնից ներս մտնեինք»:

«Հիմա, որ աթոռակռիվ է անում, թեկուզ ինքը՝ նույն Վազգեն Մանուկյանն ասաց՝ դեպք է, եղել է, հասկացանք, հասուն մարդ եք: Ուրեմն ծուխը մարեն, ասեն՝ դեպք է, եղել է, հա՞: Մենք չէինք գնացել Մանուկյանի մոտ, ինքն էր եկել Հանրային խորհուրդ, մենք ձեր կողքին ենք, ձեր ձեռքը բռնած ենք»,- պատմեց Անահիտը:

Անահիտը նաև տեղեկացրեց, որ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, գործը 5 տարի առաջ է ուղարկվել ՄԻԵԴ, ասել են՝ 5 տավա ընթացքում էլ պատասխանի սպասեն: «Արդեն 4 տարի անցել է, ձայն չկա: Փաստաբաններին դիմում ենք, ասում են՝ եթե նորություն լինի, մենք կզանգենք, մի զանգեք»,- զրույցը եզրափակեց Անահիտը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •