• Thu. Jan 28th, 2021

Արմեն Սարգսյանը Հայաստանը դնում է նոր իրողության, նաև նոր էջից սկսելու հրամայականի առաջ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է հրապարակել, որում խոսում է պայմանական Չորրորդ հանրապետության կամ, այլ կերպ ասած՝ նոր Հայաստանի մեկնակետի մասին՝ արձանագրելով, որ արցախյան ավերիչ և պարտված պատերազմը Հայաստանը դնում է նոր իրողության, միաժամանակ նաև նոր էջից սկսելու հրամայականի առաջ:

Արմեն Սարգսյանն արձանագրում է, որ նախորդ մոտ երեք տասնամյակի էջերը լցվել են անորակ համաշխարհային զարգացումներին և մեր պետական խնդիրներին, նպատակներին, ազգային երազանքներին և մարտահրավերներին անհամարժեք բովանդակությամբ և որակով: Այդպիսով, Արմեն Սարգսյանն իր հոդվածով գործնականում անուղղակի, սակայն նրբորեն համաձայնում է վարչապետ Փաշինյանի օրերս հրապարակած հոդվածին, որն արցախյան խնդրի, պատերազմի անխուսափելիության և մեր սխալների մասին էր: Փաշինյանն այդ հոդվածում ևս արձանագրել էր նախորդ համակարգի անորակության և արցախյան հարցում անարդյունավետ, վատ քաղաքականության հանգամանքը: Արմեն Սարգսյանն, իհարկե, ի տարբերություն դրա, իր հոդվածում արձանագրում է նաև հետհեղափոխական իշխանության անբովանդակությունն ու ապագաղափարականությունը՝ նշելով, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն, նոր որակով, համաշխարհային իրողությունների հանդեպ համարժեք բովանդակությամբ: Ըստ նրա՝ դրա միջոցով է հնարավոր պայմանական Չորրորդ հանրապետության կառուցումը, որը որակով էապես կտարբերվի պայմանական Երրորդ հանրապետությունից:

Շոշափվող խնդիրները, անշուշտ, կարևոր են, ամբողջ հարցն այն է, սակայն, թե որն է դրանց հասնելու ճանապարհը: Արմեն Սարգսյանը Չորրորդ հանրապետության պայմանական բնորոշումը առաջին անգամ չէ, որ շոշափում է: Նա դա արել էր դեռևս նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, երբ հանդիպում էր հին համակարգի խորհրդարանական ուժերին: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 2018-ի փետրվարին տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը խոսել էր Չորրորդ հանրապետության մասին և իրենց համար դա ողջունելի մեկնակետ է: Հետո Արմեն Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ նախագահն է, այլ Չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Այդ ամենը, սակայն, մնացին պայմանականություններ, փոխարենը եղավ հեղափոխություն՝ նաև Արմեն Սարգսյանի միջնորդական մասնակցությամբ, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի, իսկ գուցե նաև նախկին իշխանության տարբեր թևերի և Նիկոլ Փաշինյանի միջև:

Ի վերջո` հիշենք ապրիլի 23-ի խորհրդակցության հայտնի դրվագը, երբ նախագահի նստավայրում սեղանի շուրջ նստած էին Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Դա նախկին համակարգի բազմաբևեռ ամբողջությունն էր՝ Արմեն Սարգսյանի նախագահությամբ սեղանի շուրջ քննարկում՝ թավշյա հեղափոխության գործընթացի քաղաքական հանգուցալուծումը: Հասարակությանը հայտնի են այդ քննարկման որոշակի արդյունք և, իհարկե, արարողակարգային դրվագներ, տեսագրություն, սակայն քննարկման բովանդակությունը հայտնի չէ: Արմեն Սարգսյանը ներկայումս խոսում է թե՛ նախկին, թե՛ նոր իշխանությունների պատասխանատվության մասին: Արդյո՞ք դա նշանակում է, որ նախագահ Սարգսյանն այժմ իրեն ազդարարում է 2018-ի ապրիլի 23-ի քննարկումների բովանդակությունից ազատ, տողատակում գուցե ակնարկելով օրվա կամ օրերի քննարկումների մանրամասներ և դրանց հետ կապված, այսպես ասած, պատասխանատվության թերացումներ կամ պայմանավորվածությունների խախտումներ: Սարգսյանը խոստացել է հաջորդիվ խոսել պայմանական Չորրորդ հանրապետության կամ իրական նոր Հայաստանի ճանապարհային քարտեզի, այդ նորին բովանդակային առումով հասնելու ճանապարհների մասին: Այլ կերպ ասած, դա, թերևս, հասարակության հետ պայմանավորվելու փորձ է: Ինչպիսին կլինի այդ փորձը՝ ի տարբերություն նոր ու նախկին «էլիտաների» հետ պայմանավորվածության, ըստ էության, չստացված փորձերի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •