• Mon. Mar 8th, 2021

Փողոց փակողները երկիրը քանդողներն են, շնորհակալություն մեր զինվորին, որ թուրքերը Երևանում չեն

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, Լեոնիդ Ազգալդյանի անվան ջոկատի հրամանատար Վոլոդիա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ, ՊՆ-ի հովանու ներքո պայմանագրային հիմունքներով մինչև այս ամսի 25-ը աշխատավարձով մեկնելու են 1 ամսով հայրենիքի սահմանները պաշտպանելու: 22-55 տարեկան ցանկացողները կարող են դիմել և միանալ նախաձեռնությանը:

Վոլոդիա Ավետիսյանն` անդրադառնալով այս նախաձեռնությանը, ասաց, որ միայն կարող է ասել, որ պաշտպանության նախարարության համաձայնությունը կա, բայց այլ մանրամասներ չի կարող ասել, քանի որ պետական կամ ռազմական գաղտնիքի տարրեր կան:

Ավետիսյանն ասաց, որ նորմալ է, երբ քաղաքացին կամավորության հիմունքներով գնում է ծառայության, նորմալ է, որ դրա դիմաց աշխատավարձ ստանա․ «Պաշտպանության նախարարության հետ քննարկվել է ամեն ինչ, թույլտվությունը տվել են, և մինչև հունվարի 25-ը արդեն գնալու ենք: Ուրիշ բան չեմ կարող ասել, որովհետև սաղ գաղտնիք է»,- ասաց Ավետիսյանը՝ չպատասխանելով հարցին, թե ծառայությունը որտեղ է լինելու՝ Հայաստանի սահմանների՞ն, թե՞ Արցախում:

Վոլոդիա Ավետիսյանը պատերազմից հետո էլ իր ջոկատի հետ շարունակում էր ծառայությունը Լիսագորի հատվածում: Այսօր ասաց, որ մի քանի օրով իջել են դիրքերից, հանգստացել են և կրկին մեկնելու են այլ ուղղությամբ ծառայության: Ավետիսյանն ասաց, որ լարվածությունը սահմաններին դեռ պահպանվում է, քանի որ սահմանների ճշգրտման աշխատանքները դեռ չեն ավարտվել․ «Կապանի ուղղությամբ դեռ սահմաններ են ճշտում, ճանապարհահատվածներին դեռ խնդիրներ կան: Լարվածություն միշտ էլ կա: Կյանքը շարունակվում է, պատերազմներ եղել են, լինում են և դեռ կլինեն: Մենք մեկ խնդիր ունենք լուծելու՝ միշտ պատրաստ պետք է լինենք պատերազմելու»,- ասաց Ավետիսյանը:

Մեր զրուցակիցը համաձայն չէ, որ բանակի հանդեպ վստահությունը նվազել է: Նրա խոսքերով՝ մեր բանակը իր հնարավորությունների սահմաններում միշտ էլ իր առաջ դրված խնդիրը գերազանց կատարել է։ «Մենք ամեն օր շնորհակալ պետք է լինենք մեր բանակին, մեր զինվորին, որ թուրքերը հիմա Երևանում չեն չափում-ձևում: Մնացած խնդիրները անվստահություն, վստահության պակաս և այլն, դրանք ժամանակի հարց են: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերականգնվի: Ծնողներին էլ կարելի է հասկանալ, նրանք երեխաներ են կորցրել պատերազմի ժամանակ, զոհեր են տվել մեր իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով: Բայց այնպես չէ, որ պետք է միշտ սխալվենք: Ինձ թվում է՝ այս ամեն ինչից դասեր կքաղենք ու լավ կլինի: Լավ է լինելու, ու դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, կանգնենք մեր զինվորների կողքին, մեր բանակի կողքին, ժամանակավոր փոխարինենք մեր զինվորներին, ու ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով. «Այս ամենը անելու փոխարեն պետք չէ քաղաքի փողոցներում հայ ու այն կողմ անել, սուտի հայրենասիրություն քարոզել, կոկորդ պատռել:

Այսօր փողոց փակողները, նախկին իշխանավորները բոլորը այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուներն են, մեր երկիրը քանդողներն են: Նրանք հիմա բոլորը խաղ են խաղում մեր ազգի գլխին: Դրա համար մեր ազգը պետք է խելացի լինի ու նրանց հետ գործ չունենա: Նրանց 90 տոկոսը թալանչի են, որոնք ազգ, պետություն հասկացողություն չգիտեն: Պետք լինի՝ կգնան Բաքվում էլ կապրեն: Նրանց համար հայրենիք գոյություն չունի: 30 տարի մեր աչքի առաջ քանդեցին ու թալանեցին մեր երկիրը: Դրա մասին ժամանակին բարձրաձայնեցի, գնացի 4 տարի էլ բերդ նստեցի, բայց չընկճվեցի ու շարունակում եմ պայքարել»:

Ազատամարտիկի խոսքերով՝ պատերազմից հետո բանակը ոտքի կանգնեցնելու համար մեկ բան է հարկավոր՝ ունենալ հայկական իշխանություն․ «Հայկական իշխանություն ունենանք՝ ամեն ինչ էլ կլինի, կունենանք նաև հզոր բանակ»,- եզրափակեց Ավետիսյանը: