• Thu. Jan 28th, 2021

Արցախի դեմ պատերազմից հետո իրավիճակը շոշափելիորեն փոխվում է հայ – չինական հարաբերություններում

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղ նրան մաղթել է արագ ապաքինում և առողջություն: Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը տոնական օրերին ոտքի վիրահատության է ենթարկվել Լոնդոնում:

Չինաստանի նախագահի նամակի մասին տեղեկություն է տարածել նախագահի նստավայրը: Նամակն այլ բովանդակություն և մանրամասներ պարունակել է, թե ոչ, հայտնի չէ: Նամակը եղել է Սի Ցզինպինի և տիկնոջ անունից, Հայաստանի նախագահին և նրա տիկնոջը:

Չինաստանի նախագահի նամակի փաստը բավականին հատկանշական է, ու չնայած քաղաքական բովանդակության և առիթի բացակայությանը, այն, անկասկած, պարունակում է զգալի քաղաքական տողատակ: Չինաստանը բավականին պասիվ էր Արցախի դեմ պատերազմի արձագանքների համատեքստում, բավարարվելով ընդամենը խաղաղության մի կոչով: Միաժամանակ, սակայն, ակնառու է, որ Հարավային Կովկասը Պեկինի համար ռազմավարական նշանակության ուղղություն է:

Այն դիտարկելի է մի քանի համատեքստով՝ թե՛ Մետաքսի ճանապարհի չինական ծրագրի, թե՛ ռազմա-քաղաքական այլ գործոնների: Այդ իմաստով, Հայաստանը Չինաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն: Միաժամանակ, սակայն, հայ-չինական հարաբերությունը չունի դրան համարժեք բովանդակություն: Երևանը ավելի շատ զբաղվել ու զբաղվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև համակեցության ռեժիմի փնտրտուքով, չկենտրոնանալով կամ չգտնելով Չինաստանի ուղղությամբ կենտրոնանալու ռեսուրս: Արցախի դեմ պատերազմից հետո, սակայն, իրավիճակը շոշափելիորեն փոխվում է:

Հայաստանը հայտնվում է ռուսական գերիշխանության ընդգծված շրջափուլում, ինչը իր հետքն է թողնելու Արևմուտքի հետ հարաբերության ծավալման հեռանկարի իմաստով: Երևանին այդ առումով անհրաժեշտ է բազմազանություն ռուսական գերիշխանությունը թուլացնելու հնարավորության համար: Այդ բազմազանությունն ապահովելը լինելու է շատ բարդ, սակայն, մեծ հաշվով, ընտրությունը լայն չէ՝ Հայաստանը կամ անում է դա, ավելի շուտ փորձում անել դա, կամ հայտնվում է ռուսական քաղաքականության լուսանցքի դերում: Չինաստանը Հայաստանից ակնկալում է ավելի մեծ ուշադրություն, միաժամանակ, իրավիճակը Հայաստանից պահանջում է գտնել Չինաստանին ավելի մեծ ուշադրություն դարձնելու ռեսուրս:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •