• Thu. Jan 28th, 2021

Արցախում 18-ամյա զինծառայող է մահացել. Զոհված 7 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սիրտ-թոքային անբավարարվածությունն է։

Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,-հայտնեց Թադևոսյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •