• Thu. Jan 28th, 2021

ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ այսօր իրենք կներկայացնեն համապատասխան առաջարկը և առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը:

Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ խմբակցությունը չի նախաձեռնում Նիկոլ Փաշինյանին թեկուզ իրենց թիմից այլ անդամով փոխարինելու գործընթաց։ Օրինակ՝ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասել էր, որ խմբակցությունում ոմանք առաջադրել էին Արարատ Միրզոյանի թեկնածությունը։

«Մեր ներքին քննարկումների հետ կապված ունենք այս արդյունքը։ Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումներն այս պահին հրապարակել։ Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ։ Հիմնավորումներից ամենաառաջինն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել։ Հետևաբար, արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա, և ըստ այդմ կշարժվենք» ,- ասաց նա։

Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության տեքստը գործողությունների մտադրության մասին է, որտեղ արտացոլված են նաև ՀՀ շահերը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը չպետք է կապել կոմունիկացիաների հարցի հետ։

«Նախապես հայտարարությունը սահմանում էր, որ Մոսկվայում նաև քննարկումներ կարող են ընթանալ ճանապարհների ապաշրջափակման մասին, ինչը տեղի է ունեցել։ Դուք տեղյակ եք նաև, որ արդեն նշվել է՝ 4 ժամ տևած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին։ Նշվել է արդեն, որ դա կարևոր հարց է, և բոլոր ջանքերը, բոլոր հարթակներով պետք է գործադրվեն՝ հումանիտար հարցը լուծելու համար»,- ասաց Մակունցը։

Հարցին, թե ինչո՞ւ գերինեի վերադարձի հետ կապված հայկական կողմը եռակողմ փաստաթղթերում ժամկետներ առաջ չի քաշել, Մակունցը պատասխանեց․ «Վարչապետը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ արդեն երկու անգամ նշեց գերիների վերադարձի առաջնահերթության մասին։ Հայտարարության տեքստը, որը ստորագրվեց Մոսկվայում օրեր առաջ, որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունանալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին։ Այսինքն՝ դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ, ինչի մասին և նշվել է։ Խնդիրների լուծումը մեկը մյուսով չպետք է պայմանավորել»։

«Մենք նման խնդիր այս երկուսուկես տարիների ընթացքում մեր առջև չենք դրել, ինչի վառ վկայությունն են բազմաթիվ փաստեր։ Որևէ նման խնդիր չի դրվում, և չի կարող դրվել այս իշխանության պարագայում։ Ես ասացի արդեն մենք ինչով ենք առաջնորդվում, և հենց այդպես էլ շարժվում ենք»։

Մակունցը հիշեցրեց՝ ԲԴԽ-ում տևական ժամանակ մեկ թափուր տեղ կար, հետո ավելացավ երկրորդը։ «Դատական խորհրդի թեկնածուի չափանիշները հրապարակային են և հանրային։ Եվ այդ չափանիշները համապատասխանելու պարագայում խմբակցությունը կաշկանդված չէ որևէ թեկնածուի առաջադրելու, ինչով և առաջնորդվել ենք»։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Ջհանգիրյանից, Մակունցը նշեց՝ ակնկալիքները իրենք չեն սահմանում։ «Կան չափանիշներ, գործառույթներ, որոնք Բարձրագույն դատական խորհդի անդամը պարտավոր է կատարել, և դա պայմանավորված չէ որևէ քաղաքական ուժի ակնկալիքներով»։

Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված ևս որոշակի քննարկումներ են տեղի ունեցել։ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում: Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են նրա 65 տարին լրանալու հաջորդ օրը:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մակունցը նշեց, որ ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան-գիտնականների պահանջները տարբեր են։

«Դատավորների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան-գիտնականների համար այդ տարիքային սահմանափակումը չկա։ Պատահական չէ, որ տարիներ առաջ նաև հենց այդ հիմքով ընտրվել է դատավոր, որի պարագայում որևէ խնդիր նաև այն ժամանակ չի առաջացել»,-նշեց Մակունցը՝ հավելելով, որ խոսքը վերաբերվում ԲԴԽ նախկին նախագահ  Գագիկ Հարությունյանին։

«Հայկական ժամանակի»-ի հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ևս մտահոգություն էր հայտնել Գագիկ Ջհանգիրյանի տարիքի վերաբերյալ, Մակունցը նշեց։ «Այդ հարցի մեկնաբանությունը ես չէ, որ պետք է տամ։ Կարծում եմ՝ հենց իրեն պետք է ուղղեք, և եթե կա խախտում, կամ եղել է խախտում, ապա նաև այդ պարզաբանումը պետք է տա այն անձը, ում ուղղված է խոսքը»։

Մակունցը նաև ասաց, որ ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածուի հետ կապված նույնպես քննարկումներ են իարկանացնում։ «Առաջիկայում կհանդիպենք նրանց հետ, խմբակցություն երբ կկայացնի որոշում, անպայման իհարկե կտեղեկացնենք։ Չեմ բացառում, որ մյուս քառօրյային ևս երկրորդ թեկնածուին առաջադրենք»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •