• Thu. Jan 28th, 2021

Ինչո՞ւ չեք շոշափում Խաչատուրյան, Կոստանյան անունները, նրանք արել են այն, ինչ ես

Բարձրագույն դատական խորհրդի «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը անդրադառնալով որպես զինդատախազ իր կենսագրության հետ կապվող ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկին՝ Մատաղիսի գործին, ասաց, որ այսօր էլ այն համոզմանն է, որ զինվորների սպանության մեջ մեղավոր էին հենց այն նույն երիտասարդները, որոնք, ըստ զինդատախազության մեղադրանքի, կատարել էին հանցագործություններ: 

«Նույնիսկ այդ արդարացումից անմիջապես հետո լրագրողների հավաքի ժամանակ հայտարարել եմ, որ իմ կարծիքը չեմ փոխում, այդ անձնավորություններն են հանցագործները»,- ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով, թե կասկածելով չէր կարող մարդկանց տանել երկարատեւ ազատազրկման:

Նա, սակայն, իր զարմանքը արտահայտեց, թե այդ գործի առնչությամբ ինչու է միայն իր անունը շոշափվում.

«Երբ դատապարտյալներն ազատվել են կալանքից եւ բաց են թողնվել, ես արդեն պաշտոնավարել եմ գլխավոր դատախազությունում, եւ զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը: Լրացուցիչ նախաքննության արդյունքներով նոր զինդատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացություն՝ նույն հոդվածներով եւ ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինդատախազը եղել է Կոստանյան Գեւորգը, եւ ինքն իր մեղադրողներով գործը տարել է մինչեւ վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում, ասենք, Խաչատուրյան, Կոստանյան եւ այլ անունները. չէ՞ որ երկու դատախազներ արել են նույնը, ինչ Ջհանգիրյանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար:

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մատաղիսի գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, գործն ուղարկվել է նոր նախաքննության՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին:

Նախորդ տարի հայտնի դարձավ, որ Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության քրեական գործը վերաբացվել է։

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ: Բա հիմա 2 տարի քննչական դեպարտամենտում էդ գործը քննվում է: Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, եւ ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում եւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, որ ես էդտեղ հանցագործություն եմ արել… Չէ՞ որ 2008թ.-ին էլ ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար: Բա թող գտնեին մի լուրջ մեղադրանք, պաշտոնական դիրքի չարաշահում, սպանությունների կոծկում եւ ինձ դատապարտեին»,- ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:

ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում հանդիպեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, որոնցից առաջարկ է ստացել խմբակցության կողմից առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու:

Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում իրավաբան-գիտնականն ասաց, որ թեեւ առաջադրվել է իշխող խմբակցության կողմից, սակայն չի պատրաստվում քաղաքական թիմի անդամ դառնալ: Նա պնդեց, որ ինքը առաջարկը ստացել է խմբակցությունից եւ ոչ վարչապետից: Վաղը պատրաստվում է հանդիպել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, մյուս օրն էլ հույս ունի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ:

«Սահմանադրության եւ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան գիտնականը որեւէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց: Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, ձայները չեն բավարարելու, որովհետեւ ընտրության համար 3/5 է պահանջվում, դրա համար համաձայնել եմ մեծամասնական խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց նա՝ հավելելով՝ ուրախ կլինի, որ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի կողմից էլ առաջադրվի:

Լրագրողներից մեկը նախկին պատգամավորին հիշեցրեց պատգամավոր եղած տարիների մի միջադեպ, երբ ներկայումս վարչապետ, իսկ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծերից մեկին Ջհանգիրյանը անգրագետ որակումն էր տվել: Փաշինյանն էլ ասել էր, որ ով իր նախագիծն անգրագիտություն որակի, անգրագետն ինքն է:

Ջհանգիրյանն այս առնչությամբ ասաց. «Ես հիմա նման գայթակղություններին չեմ տրվի, նման անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ եւ Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր՝ գործունեության մասին եւ այլն, բայց դրա ժամանակը չէ: Խարդավանքներին հիմա չեմ ուզում տրվել»:

Փոխարենը՝ նախկին քաղբանտարկյալը հիշեց, որ անազատության մեջ գտնվելիս Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում» մի հոդված էր հրապարակել, որում գրել էր, թե գտել է գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի: Այս առիթով խոսելիս Ջհանգիրյանը հիշեց, որ իրեն այս ընթացքում մամուլը ինչ պաշտոնի ասես՝ «նշանակել է»:

Հաջորդ թեման, որի մասին խոսեց նախկին զինդատախազը, իր տարիքն է: Արդեն երկու օր է՝ տարբեր լրատվամիջոցներով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ակնարկում է, թե Ջհանգիրյանի ընտրվելը ԲԴԽ անդամի պաշտոնում օրենքի խախտում կարող է լինել, քանի որ 65 տարին լրանալուց հետո նա իրավունք չունի դատավոր լինել:

Ի պատասխան նման դիտարկումների՝ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել դատական օրենսգիրքը: Ըստ նրա՝ ՍԴ նախկին նախագահը (Գագիկ Հարությունյանը) 70 տարին լրանալուց հետո նշանակվել է ԲԴԽ նախագահ: Ըստ Ջհանգիրյանի՝ տարիքի մասին պնդումներ անողները Դատական օրենսգիրքը մեկնաբանում են մի հոդված կարդալով, ոչ թե ամբողջությամբ: «Դատավորների համար տարիքային սահմանափակում նախատեսվում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահմանափակում նախատեսված չէ… 65 տարին իրավաբան-գիտնականի համար ո՛չ Դատական օրենսգրքով, ո՛չ Սահմանադրությամբ նախատեսված չէ»:

Ի պատասխան իրեն ուղղված հարցի՝ Ջհանգիրյանը հերքեց մամուլի հրապարակումները, թե դատավորներին բռի մեջ հավաքելու խնդիր է դրված իր առջեւ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •