• Thu. Jan 28th, 2021

Հեքիաթ երեք խոզուկների, ոսկեցե ձկնիկի ու Մատաղիսի անեծքի մասին

Լուրեր են տարածվում, թե Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել ՀՀ գլխ դատախազ, իսկ Արգիշտի Քարամյանը՝ ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, իսկ ես՝ չորս օր առաջ սովորեցի հեռուստացույցի հեռակառավարման վահանակով դրա անջատվելու ժամը սահմանել՝ 60 րոպեից, 90 րոպեից, կամ 15 րոպեից։ Շնորհավորեք ինձ։

Մինչեւ հասկացա, որ նման բան կա, փորփրեցի, տեւեց 3 ժամ, չեմ չափազանցնում։ Առաջ, օրինակ, երբ չգիտեի, արդեն համարյա 20 տարի, քնում էի միացրած թողած, համարյա ոչ մի կինո մինչեւ վերջ նայած չկամ, համարյա ոչ մի կինո սկզբից նայած չկամ, կինո կա՝ 30 անգամ տարբեր կտորներով եմ նայել, էն օրը առաջին անգամ 3+2-ի սկզբի ճախրող խնձորը տեսա Հենրիկ Հովհաննիսյանի նկարած․․․։ Այդպես 20 եւ ավել տարի շարունակ արթնանում էի ինչ-որ աղմուկից, հիմնականում առավոտյան կողմ, պարզվում էր՝ միացած էի թողել հեռուստացույցը, անջատում էի, ու պարզվում էր՝ չէի կարողանում քնել, նորից միացնում էի, որ այդ ձայների տակ քնեմ, սովորել էի, հետո արթնանում էի Կուբայի մասին երազով, տեսնեմ National geo-ով Խոզերի ծովածոցի մասին գիտավերլուծական ֆիլմ է, կամ արթնանում էի գլաուեսիմինչ թթվի մասին քիմիական փորձեր դնելիս, պարզվում էր կանանց համար ինչ-որ քսուք են գովազդում ․․․ էս չորս գիշերները, երբ գտել եմ ձեւը ու հեռուստացույցին ծրագրում եմ անջատվել 1 ժամից, դրանից 10 րոպե անց վեր եմ թռնում՝ ոչ մի երազ, անդորրր, լռությունը, պարզվեց, չի թողնում քնել, միացնում եմ ցանկացած ալիքի վրա ու էդ աղմուկի ընկերությամբ քնում, հետաքրքիր է, որ խոսխորաթի տակ ավելի լավ եմ քնում, քան երաժշտության կամ տոկատա ֆուգայի, ֆուգաների, ֆուգանների, հանց կասեր պապս ատաղձագործ։ Ինչ էի ասում․ Էն վերի երկու անունների շրջանառությունը կամ նշանակում է, որ Հայաստանում մնացած մյուս հնարավոր հավակնորդները կամ ավելի խոցելի անցյալ ունեն դատախազ լինելու համար, կամ ավելի բազմազարմանազան մասնագիտացում ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ լինելու համար, մինջներից ամենամասնագիտացածին են գտել կոռուպցիայի դեմ պայքարում։

Մենք պատասխանատու պիտի լինենք նրանց համար, ում քվե ենք տվել։ Նույնիսկ, եթե չենք տվել, այդպիսին է ժողովրդաիշխանության բնույթը։ Շատեր են թռել էդ պատասխանատվությունից, ես չեմ թռել։ Էն միջոցին, երբ քվե էինք տալիս սերժիկներից ազատվելու օրերին, ոչ հասցրեցինք հասկանալ, թե ուրիշ ինչ քաղաքական ուժեր ու գաղափարներ կան ընտրել-չընտրելու համար, չհաշված գազաններին, քչերս հասկացանք միայն, որ տասնամյակներով վառել ու թափել էին քաղաքական դաշտը, իրենք հղփացել, ուռել, տակներով արել ու ավիրել էի քաղաքականն էլ, տնտեսական էլ, մշակութային էլ, էն հույսով, որ իրենցից հետո ոչ մի ջրհեղեղ չի էլ լինի, իրենցից հետո ընդհանրապես ոչինչ գոյություն չի էլ ունենալու։ Էդ նեղ միջոցին ելանք ու քիչ թե շատ հայտնի, երեւացած ու գազանների դեմ կոնկրետ կռվի ելածներին ընտրեցինք։

Էս ընդհանրացման համար կներեք, խոսքը ընտրությունների գնացած 10-ից 7-ին է վերաբերվում։ Նրանք էլ մտածել տվին, թե ինչ էլ, որ չգիտեն, կհարցնեն, կիմանան, կսովորեն, կանեն հանուն Հայաստանի Հանրապետության։ Չխաբեցին, ինչ չգիտեին՝ հարցրին, ավելի ճիշտ՝ ինչ գիտեին, թե չգիտեն՝ հարցրին, ինչքան կարեցան՝ սովորեցին, ինչ կարեցան՝ արեցին, հանուն Հայաստանի Հանրապետության։ Առանց հեգնանքի։ Ինչքան հասկացան, այդքան արեցին, ինչքան ուժերը պատեց, այնքան արեցին։ Ինչպես հեռավոր 2001-2002 թվականներին ծավալուն հետազոտություն էին անում 2020-ի մասին ու թիթեռնիկներով, զարդանկար Հայաստան էին նկարում բոլորը մեր օրերի մասին, ու հիմա կզած ենք ման գալիս, որ մենք մեզ չքրֆենք հայելի կամ հաստ շուշով խանութ պատահելիս, այնպես էլ, արդար ու մաքուր ընտրված իշխանությունը չէր պատկերացնում, թե ինչ փշրանքներ էին ստացվելու իրենց ու մեր պատկերացրած երազներից ընդամենը երկու տարի անց, նույնիսկ մինչեւ պատերազմը։

Ստացվեց այսպես, որովհետեւ գործը գործով է արվում, որովհետեւ երեք խոզուկների հեքիաթ կա գրած, կարդացված ու չհասկացված՝ անորակ շինարարության մասին, որովհետեւ փոցխերը չեն փռում գետնին, որովհետեւ սեփական փոցխերի վրա մեր դարում չեն սովորում, սովորում են, իհարկե, բայց այդպես սովորողները դեռ երկար են սովորելու, իսկ երկիրն այդքան ժամանակ չունի, ստացվեց այսպես, որովհետեւ հայտնի խոսք կա, թե պատմական հնարավորությունները այցելում են բոլորին, բայց ոչ բոլորն են կռահում, թե պատահել են նման հնարավորության։ Ու մեր պատմական հնարավորությունը հանցագործության դեմ պայքարի ու ամենազարհուրելի չարիքի պայքարի դաշտում խորհրդանշորեն սահմանափակվում է Ջհանգիրյանի ու Քյարամյանի պաշտոնավարման մեջ, փաստորեն։ Իրենց մասնագիտական կարողություններից պատկերացում չունեմ, հավանաբար փայլուն գիտելիքներ ունեն, բայց անկարողություններից եմ տեղյակ։ Առաջինի մասին առնվազն Մատաղիսի գործով մեղադրյալներից հարցրեք, եւ հարցրեք, թե ոնց էր հայրենիքը պաշտպանում Քոչարյանի ժամանակ, չէ էդ երկրորդը մի հարցրեք, կասի՝ ես իմ պարտականություններն էի կատարում, այդպես շատերն են ասում, բայց եթե հարցնեք՝ համարո՞ւմ է, որ 1998-ին եւ 2003-ին Քոչարյանը իր նախագահական առաջադրմամբ սահմանադրություն է խախտել, ու ասի՝ այո, հարցրեք՝ բա ինչ գործ ուներ սահմանադրախախտի մոտ որպես դատախազ, եթե կասի՝ չի խախտել, առողջություն մաղթեք եւ երկար տարիների կյանք․․․, իսկ երկրորդին հարցրեք՝ ախպեր ջան, ի՞նչ գործ ես ուզում անել, միանգամից ասա՝ սիրտդ ինչ է ուզում՝ աղի կարամելով նապոլեո՞ն, թե՞ չալաղաջը դեղձով, ուզածը մատուցեք։

Ամեն անգամ, այսպիսի նշանակումներից հետո, մտածում էի, լավ, կարող է՞ Նիկոլը մի կարեւոր հնարք է մտածել, մի խորամանկ բան է անելու, մենք՝ ավանակներս գլխի չենք ընկնում, այ հետո կհասկանանք, ու ամեն անգամ հետզհետե էդ մտածմունքը դառնում էր ողորմելի, ավելի չնչին, ու ավելի էի համոզվում, որ Ոսկե ձկնիկը կարդալը մի բան է, հասկանալը այլ բան։ Ամեն ինչ տվեցինք, ես ամեն ինչ տվել եմ ու առաջարկել, բացի պաշտոն զբաղեցնելու կարողությունիցս, որովհետեւ չունեմ այդ կարողությունը, ունենայի՝ կզբաղեցնեի, ու ամեն ինչ ունեցել է նոր իշխանությունը համայն հայության ակնկալածն անելու համար, ու չի արել, որովհետեւ ․․․ , թող ինքն ասի, ինչու չի արել։

Ոչ մեկը թող ինձ ու իմպես տգետներին չասի, թե՝ բա նոր ջոկեցի՞ր, բա նոր հասկացա՞ր, բա որ ասում էինք, արդեն ասացի, որ ես իրենցից տգետ եմ։ Նոր ընտրություններն ամենալուրջ մարտահրավերն են տգետների ու գիտունների համար, նոր ընտրությունները մեր կորցրած ժամանակը ետ չեն բերելու, ոչ էլ հողերը, ոչ էլ կյանքերը, նոր ընտրությունները նորից մի հնար են հույս ունենալու որ ազգային ու ժողովրդական նպատակներ կկարողանանք իրականացնել, նախանձելի ապագա կառուցելու շանս են, ոչ թե՝ սփյուռքի ընդլայնման։ Ամենավատ ընտրությունը լինելու է հանցագործների եւ ձախողվածների միջեւ ընտրությունը, ամենավատ ընտրությունը լինելու է անհավասար դիրքերից ընտրությունը, երբ մի կուսակցությունը տիրելու է բազմապատիկ առավել ֆինանսատնտեսական միջոցների, քան մյուս բոլոր կուսակցությունները մեկտեղ վերցրած, ամենավատ ընտրությունը լինելու է անձանց եւ ոչ թե գաղափարների ու իրատեսական ծրագրերի ընտրությունը, ամբոխահաճության եւ ամբոխավարության քոքը պիտի տալ այս անգամ, իրենց պաձեզդից էնկողմ չերեւացած, կենացից բացի խոսք չասած ու որեւէ հանրային բարիք չստեղծած մարդիկ Հայաստանի իշխանություն չպիտի լինեն։ Տասնամյակներով Հայաստանը կերած ու մեր ազատությունները բռնաբարած հանցագործների հետ քաքակերության գիտական աստիճան ստացած ոչ մեկը չպիտի լինի իմ հարկերից վճարվող պաշտոնյա։ Բոլորը պիտի հատուցեն հանցագործությունների համար, թող ասեն՝ էս ի՜՞նչ անհանդուրժողականություն է, էս ի՞նչ չարություն է, էս է։ Շատ բան ե՞մ ուզում, բարդ բան ե՞մ ուզում, անհնարինն ե՞մ ուզում։

Մինչեւ ընտրությունը այդ մասով այս իշխանությունը առնվազն մի քանի բան է պարտք, սարսափելի պարտք է, բառ չեմ գտնում պարտքի չափը նկարագրելու համար․ (1) նոր, արդար ընտրական օրենսգիրք, (2) կուսակցությունների ունեցվածքի քննազտում/վեթինգ, եւ (2․1) նրանցից՝ ունեցողների ապօրինի գույքի առգրավում, (3) պատշաճ քարոզարշավ, հանրային հեռարձակողի բոլոր ալիքների ծավալուն օգտագործմամբ, բոլոր հավակնորդների իրավունքների պաշտպանությամբ եւ (4) մաքուր քվեարկություն, այնպես, որ ոչ մի կասկած չլինի նոր խորհրդարանի օրինավորության։ Ու սա պիտի արվի ամենաշատը 4-6 ամսում։ Եւ դա հնարավոր է, ով ասաց, թե անհնար է, կարճ է ժամկետը, թող ինձ անձնական եւ ամենաանտանելի թշնամի համարի։ Էդ 4-6 ամիսը էն 2 տարի 4-6 ամսվա մնացածն է։ Թե չէ՝ Ջհանգիրյան ու Քյարամյան, ԱԱԾ պետը փոխվեց ու էլի փոխվեց, դատարանը ազատ արձակեց ու ասաց՝ դուխդ չգցես, հետդ եմ, ախպեեեերս ․․․

Եւ վերջինը․ թող ոչ մեկը չթպրտա անհեթեթ ընդհանրացմամբ, թե <բոլորս ենք մեղավոր>, գլուխներդ պատով եք տվել, մեղքս ասեք՝ իմանամ։

Լևոն Բարսեղյան, Ֆեյսբուք

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •