• Thu. Jan 28th, 2021

Մոսկովյան հանդիպումը ունեցել է հարաբերական արդյունք, քանի դեռ պարզ չեն հանգամանալից մանրամասներ

Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը միանգամայն հասկանալիորեն բուռն քննարկման է արժանացել Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Իշխանության շրջանակը խոսում է թեկուզ փոքր, թույլ, բայց հաջողության մասին, ընդդիմությունները՝ չափավոր թե արմատական, խոսում են անհաջողության և Հայաստանի շահերի անտեսման մասին:

Մոսկովյան հանդիպումը, սակայն, բավականին պարզունականում է հաջողության կամ անհաջողության, այլ կերպ ասած՝ սև կամ սպիտակ դիտարկման պարագայում: Մի բան կասկածից վեր է, որ անհաջողության է մատնված Հայաստանի համար այս պահի կարևորագույն հարցը՝ գերիների վերադարձի և անհետ կորածների հարցը: Ակնառու է, որ Բաքուն չի զիջել: Իհարկե, չի զիջել նաև Երևանը, եթե չի լուծվել գերիների հարցը, բայց այստեղ գնահատականի առանցքային ելակետը մեկն է՝ հարցը լուծված չէ, և դա դրա լուծման համար պատասխանատու քաղաքական իշխանության անհաջողությունն է:

Ակնառու է, որ Մոսկվան էլ բավարար ջանք չի գործադրում հարցը լուծելու համար: Այստեղ էլ չկա զարմանալի ոչինչ: Մոսկվան լուծում է իր, ոչ թե Հայաստանի հարցերը: Հայաստանի հարցերը լուծում է այնքանով, որքանով համահունչ են իր շահերին կամ չեն վտանգում իր շահերը: Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի համար գերակա խնդրի առնչությամբ գժտվել կամ լարում առաջացնել Ադրբեջանի հետ հարաբերությունում, որն առանց այդ էլ խորքային, բազմաշերտ լարման տիրույթում է շատ վաղուց՝ դեռևս պատերազմից առաջ: Ռուսաստանը չի ցանկանում այն տեղափոխել ավելի հրապարակային և ռիսկային հարթություն:

Միաժամանակ, հայ ռազմագերիների հարցը նաև Թուրքիայի խաղաքարտերից մեկն է: Անկարան ունի դրա կարիքը: Պատերազմը կանգնել է, իսկ բանն այն է, որ Անկարայի աշխարհաքաղաքականության ծիրում առավել արդյունավետ գործիքը հենց ռազմականն է, ռազմական շանտաժն ու ավանտյուրան: Այդ իմաստով Թուրքիան վերցրել է թերևս առավելագույնը, որ կարող էր: Այժմ Անկարան պատկերացնում է, որ ավելին ստանալու համար կա՛մ պետք է այլ ուղղություններով ճնշում բանեցնի Մոսկվայի վրա, կա՛մ ապահովի իրեն խաղաքարտերով, որոնք շատ թե քիչ թույլ կտան ակնկալել արդյունավետ խաղ նաև պատերազմից հետո: Այդ հարցում Թուրքիան որպես խաղաքարտ դիտարկում է վարձկաններին և հայ ռազմագերիներին:

Այստեղ Հայաստանն ունի լրջագույն խնդիրներ ու բարդություններ, դա պետք է խոստովանել: Ընդ որում, աներկբա է, որ Հայաստանը պետք է այդ հարցում աշխատանքային նախաձեռնողականություն դրսևորի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ մասնավորապես: Նրանք, իհարկե, ինքնամոռաց չեն օգնելու մեզ, սակայն ունեն շահեր, որոնց ուղղությամբ հնարավոր է աշխատել: Համենայնդեպս, ակնառու է, որ այդ հարցում հայկական սուբյեկտությունը ավելի մեծ հնարավորություն ունի Մինսկի եռանախագահության, քան ռուս-թուրքական ձևաչափում:

Մնացյալ հարցերի առումով մոսկովյան հանդիպումը ունեցել է հարաբերական արդյունք, քանի դեռ պարզ չեն, իհարկե, ավելի հանգամանալից մանրամասներ: Տրանսպորտային հաղորդուղիների բացման ուղղությամբ պայմանավորվածություններն ու աշխատանքային խմբի ձևավորումը խոշոր հաշվով հարաբերականության արտացոլում են: Ռուսաստանի համար սա լարվածության թուլացմանը միտված միջոցառում է, ինչը Մոսկվայի համար բավականին կարևոր է: Երևանն ու Բաքուն էլ փորձելու են, չհակառակվելով Մոսկվային, օգտագործել նաև այդ հարթակը քաղաքական խնդիրներ սպասարկելու համար: Երևանի համար դրանց շարքում առանցքայինն անշուշտ մնալու է ռազմագերիների հարցը: Համենայնդեպս, այդ առումով Հայաստանի կարմիր գիծը հստակ է՝ քանի դեռ վերադարձած չէ վերջին ռազմագերին, և իրականացված չէ անհետ կորածների լիարժեք որոնում, չի կարող լինել ռեգիոնալ ապաշրջափակում, որքան էլ այն շատ կարևոր է նաև Հայաստանի տնտեսական ներուժի համար:

Այդ իմաստով նաև կարևոր է այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում, ներքաղաքական պայքարին զուգահեռ՝ միմյանց հասցեին կոշտ քննադատությամբ, լիներ ընդհանուր կոնսենսուս նոյեմբերի 9-ի համաձայնագրի, այսպես ասած, մոդերատորի պատասխանատվության կոշտ հարցադրումների շուրջ: Խոսքը Ռուսաստանի պատասխանատվության մասին է: Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակիցները պետք է դնեն այդ հարցը Ռուսաստանի առաջ՝ Հայաստանի իշխանության հասցեին կոշտ քննադատություններին զուգահեռ: Որովհետև այստեղ պատասխանատվություն ունի նաև Ռուսաստանը, ի վերջո՝ ինքն է ստանձնել այդ պատասխանատվությունը, որի դիմաց ստացել է Արցախում ռազմական ներկայության հնարավորություն:

Հետևաբար եթե ներքաղաքական դերակատարներին հետաքրքրում է ոչ միայն իշխանության համար պայքարը՝ թող պայքարեն որքան ուզում են, ի վերջո՝ դա է նաև քաղաքականության նպատակը, այլև հենց ռազմագերիների հարցի լուծումը, ապա նրանք պետք է դնեն նաև մոդերատորի պատասխանատվության հարցը, ոչ թե լուծեն նրան պատասխանատվությունից ազատելու հարցեր:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •