• Tue. Jan 19th, 2021

Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը

Սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դադարեցում մինչ այս պահը չի եղել եւ եթե, ըստ պլանավորվածի գնա, չի էլ լինի։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Նշենք, որ երեկ ՏԿԵ նախարարությւոնը հայտնել էր, որ հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչեւ հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի եւ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ՝ պայմանավորված վթարավերականգնողական աշխատանքներով։

«Դադարեցվել է միայն ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը, իսկ Երեւան ՋԷԿ-ի գազամատակարարումը իջեցվել է նվազագույն մակարդակի՝ սեփական կարիքները հոգալու համար»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը պարզապես նախազգուշական էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա, հնարավոր է անջատումներ լինեն։

«Մենք ենթադրում էինք, որ եթե վթարավերականգնողական աշխատանքները պլանավորվածից շեղվեն, միգուցե եւ անջատումներ լինեն։ Բայց, փառք Աստծո, մինչ այս պահը ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ է առաջացել համակարգում, Վարդանյանը պատասխանեց. «Լինում է, չէ՞, գնում ես բժշկի, ասում են՝ պետք է վիրահատվես, բայց կարող ես նաեւ առաջիկա 6 ամսվա ընթացքում վիրահատվել։ Լինում են նաեւ դեպքեր, որ ասում են՝ հենց հիմա պետք է վիրահատենք։ Հիմա սա այդ դեպքն է։ Մինչ այս եղել են խնդիրներ, որոնք հնարավոր է եղել տեղում չլուծել եւ, օրինակ, լուծել գարնանը կամ ամռանը, երբ գազի սպառումն ավելի քիչ է։ Իսկ այս դեպքում պետք էր խնդիրը տեղում կարգավորել»։

Փոխնախարարը նշեց, որ խնդիրը գազամատակարարման հետ է կապված, խցանում է առաջացել գազի խողովակներում, եւ հունվարի 9-ից թողունակությունը մոտավորապես 3-4 մլն խորանարդ մետր պակասում էր։ Իսկ գազի ճնշման պակասելու դեպքում ՋԷԿ-երը ամբողջությամբ կանջատվեին, եւ հոսանքի դեֆիցիտ կարող էր առաջանալ։

«Եթե նախկին նմանատիպ դեպքերի պես քիչ լիներ պակասումը, ապա կարող էինք դիմանալ՝ մինչեւ կգար տաք եղանակ, եւ խնդիրը կկարգավորեինք։ Այս անգամ հրատապ անհրաժեշտություն էր, եւ խցանման բնույթն այնպիսին էր, որ ամեն վայրկյան կարող էր ամբողջությամբ խցանվել»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ նախատեսված ժամկետում՝ մինչեւ վաղը՝ ժամը 07։00-ն, խնդիրը կկարգավորվի։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •