• Tue. Jan 19th, 2021

Թեժ քննարկում ՀՀ կառավարությունում՝ տնտեսական նոր բարեփոխում Հայաստանում

Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է և ոչ բյուրոկրատիան, ոչ էլ նույնիսկ նախկինում եղած կոռուպցիան, ոչ էլ հարկերը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից, չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային և վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, և այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- ասաց Քերոբյանը։

Հայաստանում այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել ներդրումային ֆոնդի վերաբերյալ որոշումն ընդունելով։ «Այսինքն՝ մենք պնդում ենք, որ ընկերությունն անպայման պետք է գնա բանկ, վարկավորում վերցնի նաև բանկից։ Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողը հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ կառավարություն ներկայացված նոր որոշման նախագծով մենք թույլ ենք տալիս, որ ընկերությունները հնարավորություն կստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ»,- ասաց Քերոբյանը։

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում։

Ուժը կորցրած ճանաչվեց այն  կետը, համաձայն  որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից։ Մյուս պահանջն այն էր, որ ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը պետք է ստանար առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։ Այս երկու դրույթն էլ չեղյալ արվեց։

Քերոբյանն ասաց, որ այս պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը։ «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»,- ասաց Քերոբյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդդիմացավ․ «Մենք հանրային միջոցներ ենք ծախսում, իսկ պետական բյուջեի գործառույթն այնպիսի ենթակառուցվածքներում ներդրումն է, որտեղ մասնավորը երբեք ներդրում չի կատարում։ Այս միջոցառումն ունեցել է հակաճգնաժամային բնույթ։ Եվ եկեք այդ գաղափարախոսությունը պահպանենք, որ պետությունը չի կարողանում ռիսկերը կառավարել։ Եթե հիմա ինչ-որ բան է փոխվել, և մենք համարում ենք, որ պետությունը այսուհետ կարողանալու է, ուրեմն եկեք հավանություն տանք ու գնանք առաջ։ Մեր խորին համոզմամբ՝ պետությունը չի կարողանալու գնահատել ռիսկերը, դրա համար է բանկն այստեղ ներառված, որպեսզի գնահատի վարկունակությունը, սուբյեկտի տնտեսական գործունեության կենսունակությունը, և ըստ դրա պետությունը մասնակցի պարոն Քերոբյանի ասած ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու պրոցեսին»,- ասաց Ջանջուղազյանը։

«Մենք ասում ենք պետություն, բայց ասվեց, որ կա ինվեստիցիոն կոմիտե։ Այսինքն՝ ըստ էության այդ որոշումները ոչ թե պետական մարմինն է կայացնելու, այլ արտապատվիրակվել է այդ գործողությունը»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման ընդունմանը դեմ արտահարտվեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Բուռն քննարկումից հետո որոշումն ընդունվեց։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •