Ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ տնօրենի օգնականը, որը նաեւ խանութի սեփականատիրոջ որդին է, հաճախորդին դանակահարել է վիճաբանության ժամանակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ:
Հաղորդագրության համաձայն, քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 42-ամյա բնակիչը Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ:
Խանութի տնօրենի օգնականը, որը նաև խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:
Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է և իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը: Վերջինս, ի պատասխան իր նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի, վիրավորվելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից, նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խանութից նախապես վերցված կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակով հարվածել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
1
1