• Mon. Jan 18th, 2021

Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: 

«Հանդիպում ենք Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն, որի հիմնական կետը տարածաշրջանում կապերի ապաշրջափակումն է: Մեր այսօրվա հանդիպման նպատակն է արտգործնախարարի հետ վերլուծել հանդիպման ու հայտարարության արդյունքները և քննարկել մեր կենտրոնական առաջնահերթությունը` մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ:

ԱԳ նախարար Արա Այվազյանն ասաց, որ Արցախում հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի ՊԲ զինծառայող։ «Արցախի ՊԲ-ն ու ԱԳՆ-ն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը և որպես եռակողմ հայտարարությունն ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։ Այս խախտումները վերաբերում են նախ և առաջ հայտարարության առաջին և ութերորդ կետերին, որոնց համաձայն կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց։ Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող»,- ասաց Արա Այվազյանը։

Նախարարի խոսքով՝ հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։ «Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը»,- հավելեց նա։

Այվազյանը նշեց, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձի խնդիրները։ «Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով։ Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա։

ԱԳ նախարարը նաև հավելեց, որ Հայաստանը մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է։ Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ։ Ուժի կիրառումը կարող է հակամարտության մեջ ձևավորել նոր փուլ։ Սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը։ Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլոր իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների ու հետևանքների վերացման համար։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման դիրքերից։ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը»,- հայտարարեց Այվազյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •