• Tue. Jan 19th, 2021

Կառավարությունում հանդիպել են Գուրգեն Արսենյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. ինչ հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Հանդիպումից հետո Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի հրավերով էր եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաեւ վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին:

«Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով՝ քննարկել են նաեւ հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը:

«Նաեւ քննարկել ենք ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետեւ նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ»,- ասաց նա։

Խոսելով Հայաստանի ապաշրջափակման հեռանկարի մասին՝ Սարգսյանն ընդգծեց՝ աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. «Որեւէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետեւ այն ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք՝ այո, բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է ուշադրություն դարձնել»։

Ըստ նրա՝ կա հոգեբանական, ազգային խնդիր. «Ադրբեջանն էլ այդտեղից չի հեռանալու, եւ ոչ էլ մենք ենք հեռանալու։ Այնպես չէ, որ բազմաբնակարան շենք է, մենք երրորդ հարկում ենք, չորրորդ հարկի հարեւանը գլխներիս ջուր է լցնում, ասենք՝ հոգնեցինք, տունը վաճառենք, գնանք ուրիշ տեղ ապրենք»։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ պիտի փորձել իրավիճակները հարթել, իրավիճակներին ճիշտ լուծումներ տալ։

«Այստեղ մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, տնտեսություն ունենանք, կարողանանք հարիր զինել մեր բանակը, որովհետեւ Ադրբեջանը մեզ կյանքում չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ, հետեւաբար՝ մենք էլ պետք է օգտվենք հնարավորություններից, մեր զինվորի խիզախությունն էլ հետը գումարած՝ նորից կսկսեն մեզ հետ հաշվի նստել, հաշվի առնել։ Հայը, որը կասի, որ մենք դրա հնարավորությունը չունենք, լավ հայ չէ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ունենք այդ հնարավորությունը, եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ։

Նրա խոսքով՝ պետք է յուրաքանչյուրն իր ասելիքները, առաջարկություններն անի՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի գործող իշխանության, ոլորտի պատասխանատուի հանդեպ։

Անդրադառնալով վարչապետի Մոսկվա այցի եւ օրակարգի տապալման մասին՝ Սարգսյանն ասաց, որ Մոսկվայում տապալվել է նաեւ Ադրբեջանի օրակարգը, երբ Ալիեւը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլեւս չկա եւ հղում է անում ՌԴ նախագահին. «Այդ հանդիպումը եռակողմ էր, չէր մասնակցում Թուրքիան, իսկ դա Թուրքիայի համար էլ լուրջ հարված է։ Թուրքիան մտածում է՝ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր է անում։ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես համարում է, որ խնդիրն իսկապես լուծված չէ. Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 12
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 12
  •