• Tue. Jan 19th, 2021

ՀՀ կառավարության տնտեսական քայլերը, մինչ ընդդիմությունը տեղապտույտի մեջ է

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:

Ըստ հիմնավորման, հաշվի առնելով Էներգետիկայի բնագավառում վերջին տարիների զարգացումները, տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև նպատակ ունենալով նախանշել և մեկտեղել էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ուղենիշները՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը):

«2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը:

Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:

Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները»,- ասված է հիմնավորման մեջ:

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջև «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ նախագծի հիմնավորման, դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 700 հազար եվրո որպես անհատույց աջակցություն։

«Աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացմանը, որը կուղղվի բացառապես Ծրագրի շրջանակներում վաճառված ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորմանը։ Աջակցության շրջանակում չեն ֆինանսավորվում հարկերը, տուրքերը և պետական մուծումների հետ կապված Ֆինանսների նախարարության կամ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ի կրած այլ ծախսերը։ Հարկ է նշել, որ նախ կօգտագործվեն համաձայնագրի նախագծով տրամադրվող 700 հազար եվրո միջոցները, որից հետո միայն KfW-ի կողմից տրամադրված միջոցները։ Նշված միջոցներից 524 հազար 139.38 եվրոն հատկացվում է առանց համամասնական սկզբունքի, իսկ մնացած 175 հազար 860.62 եվրո գումարը (KfW-ի ողջ ֆինանսավորման հետ միասին) պետք է վճարվի համամասնական սկզբունքով Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 5,000,000 եվրոյի հետ միասին»։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ և համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձևավորելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KfW-ի միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 201668458 դրամաշնորհային համաձայնագիրը, և 4,824,139.38 եվրո ՀՀ կառավարության կողմից հատկացված 5,000,000 եվրո միջոցների հետ միասին կուղղվեն գյուղատնտեսության ոլորտում ապահովագրավճարների սուբսիդավորմանը։

ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի և խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ցանքատարածությունները, 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունն ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը՝ ՀՀ  բոլոր մարզերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից ծիրանի, խաղողի ու դեղձի ապահովագրությունը ընդգրկում է Արմավիրի և Արարատի մարզերը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, և 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ 1546 շահառու ապահովագրել են շուրջ 2500 հա այգիներ և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Նախատեսվում է գյուղատնտեսական նոր պրոդուկտների ներառում ծրագրում։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •