• Mon. Jan 18th, 2021

Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում

«Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում»,  – կառավարության այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ արդեն ԱԺ քննարկմանն են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ օրենքի և Հակառուպցիոն վերաքննիչ դատարանի ձևավորման մասին նախագծերը։

«Առաջիկայում մենք սպասում ենք Պարեկային ոստիկանության ձևավորմանը։ Եվ այս փաթեթն էլ մեր բարեփոխումների շատ կարևոր մաս է։ Ինչի՞ մասին է խոսքը, մենք ըստ էության կալանքի և ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի  որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի գործերը։ Այդ գործերն առանձնացնում ենք, սա աշխարհում ընդունված պրակտիկա է, որպեսզի այսպիսի մասնագիտացված բաժանումներ լինեն։ Եվ դատավորների ընտրության և նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը լայնորեն քննարկվում է։ Մենք պետք է երաշխավորված լինենք, որ իսկապես այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվի»,- հավելեց նա։

Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը կառավարությունն անհետաձգելի է համարում ու ուղարկում Ազգային ժողով։

2019 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատարաններում քննվում են կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրեական գործեր։ Իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողութուն։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Այս թվերից կարելի է եզրակացնել, որ կոռուպցիոն հանցագործությունների ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի։ Եվ մասնագիտացման ու այդ գործերի տարանջատման կարիք կա»,- ասաց նախարարը։

Այս փաթեթով ներդրվում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն անցկացնող դատավորների մասնագիտացումը։ Նաև ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուստը։

«Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը։ Եվ մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում էր, որ պետք է ներդրվեր նաև մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների մասով»,- ասաց նա։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։ Դատավորների թվակազմի ավելացում է նախատեսվում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Մինչև 21 դատավորի հաստիք կավելանա առաջին ատյանի դատարանում, 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

«Դատավորների թվաքանակի առումով դատական համակարգում մշտապես մտահոգություններ են հնչել, որ 100 հազար բնակչին բաժին ընկնող դատավորների քանակով մեր վիճակագրությունը բացասական առումով տարբերվում է ԵԽ այլ երկրներից։ Այսինքն՝ դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Երկրորդ, անընդհատ հասարակությանը հուզում է մանավանդ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերի օբյեկտիվությունը։ Կարծում ենք, որ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստի, որ նշված դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն»,- ասաց Բադասյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •