• Tue. Jan 19th, 2021

Պոպովը Փաշինյանի գրածը կոնտեքստից հանել է, վարչապետն այլ բան է ասել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում գրվածը կոնտեքստից հանել է, կառավարության ղեկավարն այլ բան է ասել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել»,-հայտարարել է նախարարը:

Այվազյանը նշել է նաև՝ միանշանակ համաձայն է Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը՝ ավելացնելով՝ «այն եղել և մնում է»:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, եթե այնտեղ ամփոփված չեն բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես, Արցախի կարգավիճակի հարցը։

Արա Այվազյանը հակասություն չի տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարություններում: Այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ տեսնում հակասություն, ես ասում եմ, որ տարբեր հայտարարություններ են եղել և կոնտեքստից կտրված պետք չէ ներկայացնել»,- ասաց Այվազյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին: Նա նշել է, որ վարչապետը հունվարի 11-ին և՛ եռակողմ, և՛ երկկողմ ձևաչափերում անդրադարձել է գերիների խնդրին, և այն մեզ համար առաջնային խնդիր է:

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն նույնպես յուրաքանչյուր առիթն օգտագործում է, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվեն խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման պետք է վստահության մթնոլորտ ձևավորել: Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունը կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները, դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»,- ասել է Այվազյանը՝ կոչ անելով վստահել իրենց ջանքերին: Նախարարը հույս է հայտնել, որ այդ հարցը կստանա իր դրական լուծումը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •