• Mon. Jan 18th, 2021

Հայ-վրացական ռազմաքաղաքական երկխոսության առավել նպաստավոր պայմաններ

Հայաստանում, Արցախում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունները կլանում են ամեն ինչ, ուշադրությունից դուրս թողնելով իրողություններ, որոնք ուղղակիորեն չառնչվելով Հայաստանին ու Արցախին, ունեն հայկական պետությունների համար էական նշանակություն: Մասնավորապես, այդ շարքին է պատկանում թերևս այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու որոշման մասին: Իվանիշվիլին թողնում է կուսակցության նախագահի պաշտոնը, վերադառնում է այսպես ասած՝ սովորական կյանքին: Սա, անշուշտ, նոր էջ է Վրաստանի քաղաքականության պատմության մեջ, որն իր ազդեցությունն է ունենալու Վրաստանի հասարակական-քաղաքական, պետական կյանքի վրա: Իվանիշվիլիի հեռանալը, մեծ հաշվով, վրացական քաղաքականությունը հանձնում է ներկայիս վարչապետ Գեորգի Գախարիային և նրա թիմին: Նախորդ տարեվերջին Վրաստանի խորհրդարանի ընտրությանը «Վրացական երազանքի» հաղթանակը զգալիորեն հենց նրանց հաղթանակն էր, ոչ թե Իվանիշվիլիի: Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է, ըստ այդմ՝ Վրաստանի ներքաղաքական կյանքը և ուժերի հարաբերակցությունն ունի կարևորագույն նշանակություն նաև Հայաստանի համար: Արցախի դեմ պատերազմում Վրաստանը ծառայեց որպես ադրբեջանական մատակարարումների տրանզիտ, ինչը, անշուշտ, մեղմ ասած անցանկալի էր Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, սակայն, հարևան երկրում բավականին մեծ է թուրքական և ադրբեջանական ազդեցությունը, միաժամանակ կա Վրաստանի խնդիրը Ռուսաստանի հետ: Երևանը պետք է հաշվի առնի այս հանգամանքները Վրաստանի հետ հարաբերությունը կառուցելիս: Այդ իմաստով, հայ-վրացական հարաբերությունը մշտապես եղել է իրողություններին համարժեք, սակայն, միևնույն ժամանակ, նվազ համարժեք է եղել երկու պետությունների ռազմա-քաղաքական անվտանգային խնդիրներին: Երկու բնական դաշնակիցները գտնվում են տարբեր աշխարհաքաղաքական բլոկներում և գրեթե չեն գործակցում ռեգիոնալ հեռանկարով: Մինչդեռ, ռեգիոնում ստեղծված իրադրությունը նոր մարտահրավեր է հայ-վրացական հարաբերության համար, նաև նոր հնարավորություն:

Բանն այն է, որ Ռուսաստանի հովանու ներքո սկսված ապաշրջափակման գործընթացը կարող է ստեղծել մի վիճակ, երբ Վրաստանը հայտնվի այսպես ասած՝ խաղից դուրս վիճակում, երբ, օրինակ, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են հաղորդակցվել Նախիջևանով՝ Հայաստանի տարածքով, Հայաստանն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի տարածքով: Այստեղ արդեն Վրաստանի դերը էապես նվազում է, մնալով լոկ էներգետիկ տարանցիկության տրամաբանության շրջանակում: Մյուս կողմից, սա մի իրավիճակ է, երբ Թբիլիսին գուցե հակված կլինի առավել հանդարտ և ոչ, այսպես ասած, բարձր դիրքերից խոսել Հայաստանի հետ, քանի որ զուգահեռ հաղորդուղիների պայմաններում, Վրաստանի համար մեծանալու է թե՛ թուրքական, թե՛ ռուսական էքսպանսիայի դերը:

Դա է նաև պատճառը, որ Թբիլիսին փորձում է շահագրգռել ամերիկացիներին ռազմակայանի հաստատման հարցում: Նոր իրավիճակում, ըստ ամենայնի, կարող են ձևավորվել հայ-վրացական ռազմաքաղաքական երկխոսության առավել նպաստավոր պայմաններ: Այդ իմաստով, ինչ ազդեցություն կթողնի Վրաստանում Իվանիշվիլիի հեռանալն ու փաստորեն երիտասարդ վարչապետի և նրա քաղաքական թիմի գերակա դերակատարումը: Վրաստանում ԱՄՆ ներկայության ընդլայնումը բխում է անշուշտ նաև Հայաստանի շահերից, որովհետև Կովկասը լոկ ռուս-թուրքական ակտիվության գոտի թողնելը Հայաստանի համար մեծ մարտահրավեր է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •