ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը քննարկվել է վարչապետի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի մանրամասները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հանդիպումը հերթականներից էր, որոնք սովորաբար ամսական կտրվածքով անցկացնում ենք ըստ նպատակահարմարության: Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ արդեն պաշտոնապես շրջանառվել է, մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ, իսկ առաջիկա անելիքների վերաբերյալ այն հատվածով, որ արդեն կլինի, հրապարակային կներկայացնենք»,- ասաց Մակունցը:
Միաժամանակ, նա նշեց, որ այսօրվա հանդիպմանն առաջին հերթին քննարկվել է ռազմագերիների հարցը: «Այդ առումով նորություն չկա, եթե լինի՝ կառավարությունը կհայտարարի»,- ասաց նա:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: Այդ մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ կա՞, Մակունցը պատասխանեց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»:
1
1