• Mon. Mar 8th, 2021

Մինչև հունվարի 11-ը Ալիևը վարանում էր այցելել Շուշի, որի ապագա ճակատագրում եղել են անորոշություննե՞ր

Ալիևների ընտանիքը ճանապարհվել է Շուշի, որտեղից արդեն հրապարակել են լուսանկարներ: Նրանք եղել են նաև իրենց իսկ թիրախավորած Ղազանչեցոց եկեղեցում: Շուշիում վանդալների խրախճանք է, որը հաջորդում է հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ քննարկմանը: Պատահակա՞ն է արդյոք, որ Ալիևը Շուշի է այցելում հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից հետո:

Շուշին Արցախի դեմ պատերազմում և հետպատերազմյան իրողություններում ունի առանցքային նշանակություն: Բացի քաղաքի անկման շուրջ խորհրդապահական մթությունից՝ անկասկած է նաև, որ քաղաքը ունի ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ռեգիոնալ անվտանգային համակարգի լայն համատեքստում: Մինչև հունվարի 11-ը Ալիևը վարանում էր այցելել Շուշի, ինչը թերևս նշանակում է, որ քաղաքի ապագա ճակատագրի առնչությամբ եղել են անորոշություններ: Արդյոք դրանք վերացե՞լ են Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպման արդյունքում, և Բաքվի ղեկավարը որոշել է ցուցադրել իրեն Շուշիում:

Բանն այն է, որ կա մի առանձնահատկություն՝ ադրբեջանցիները չունեն Շուշի տանող ճանապարհ: Բոլոր ճանապարհները անցնում են ռուս խաղաղապահների ենթակայության տակ գտնվող հատվածներով: Կա, այսպես կոչված, ռազմական ճանապարհը, որով ադրբեջանական ստորաբաժանումները հասել էին Շուշիի մատույցներ՝ Հադրութից: Ալիևը այդ ճանապարհո՞վ է հասել Շուշի, թե՞  նրան ճանապարհ են տվել ռուս խաղաղապահները: Ալիևը Շուշի է հասել Ռուսաստանի հետ համաձայնեցված տարբերակով և քաղաքական համաձայնությունների արդյունքո՞ւմ, թե՞ նա Շուշի է հասել Ռուսաստանի հետ անհամաձայնությունների բերումով, որոնք վերաբերում են Արցախի հետագա ճակատագրին, Արցախ-Հայաստան հարաբերությանը, Ռուսաստանում Արցախի ծրագրերին:

Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման համատեքստում նշմարվեց, որ համաձայնություններից բացի՝ կան ոչ պակաս, իսկ գուցե խորքային առումով ավելի անհամաձայնություններ: Թուրքիան ու Բաքուն ոչ բացահայտ, սակայն ավելի ու ավելի են ակնարկում ռուս խաղաղապահների ներկայության առնչությամբ դժգոհություններ: Ալիևյան այցը այդ իմաստով դեմարշ է Ռուսաստանի պլանների դե՞մ, թե՞ «բանավոր համաձայնության» մի նոր դրսևորում: