• Tue. Mar 2nd, 2021

    Պատերազմը Ռուսաստանն է հրահրել ու կառավարել

    Հայ ժողովրդի աննկուն բարեկամ, ՌԴ պատգամավոր, Կրեմլի «պրոհայկական» ուղղության գործիչ Կոնստանտին Զատուլինն ասում է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշակի փուլում, եթե ուզում եք, թույլ տվեց պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում: Հետո գալիս է ավանդական դարձած պատճառաբանությունը Հայաստանի եւ ՌԴ իշխանությունների միջեւ անվստահության եւ այլնի մասին, որով լի են ռուսական ու հայկական զլմ-ները:

    Միջազգային ու ներռուսական հարթակներում սեպտեմբերի 27-ից ի վեր քննարկվում է հարցը, որ Ռուսաստանը հանձնել է իր դաշնակից Հայաստանին, կամ պատժել է Հայաստանին: Այդ պնդումների համար առիթ էին պատերազմի սկզբից Մոսկվայի հայտարարությունը չմիջամտելու, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում պաշտոնական Երեւանի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու մասին դիմումը «ցրելու» հանգամանքը: Թեեւ, իրողությունները միայն դրանցով չեն սահմանափակվում:

    Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը ծրագրավորված է մեղքը բացառապես Հայաստանի վրա դնելու սխեմայով: Թեեւ, ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը զուգահեռ դա ավելի ու ավելի դժվար է դառնում: Առավել եւս զավեշտալի են դառնում պատերազմ սկսելու եւ այն կանգնեցնելու շուրջ հյուսված լեգենդները:

    Ի վերջո, Հայաստանին պատժելու թեզն էլ խիստ խոցելի է, քանի որ եթե Հայաստանն իսկապես դաշնակից է եւ պետք է Ռուսաստանին, իշխող ռեժիմի հանդեպ վերաբերմունքը չի կարող Հայաստանը ոչնչացնելու պատճառ դառնալ, առավել եւս, որ Ռուսաստանն անսահման լծակներ ուներ եւ ունի Հայաստանն իր ուղեծրում պահելու համար: Ամեն ինչ շատ ավելի բարդ ու միաժամանակ պարզ է՝ իրականացվում է ռուս-թուրքական ծրագիր, «տաշեղների» հարցում էլ նետվում են քարոզչական թեզեր:

    Ներկայում Ռուսաստանում բարդ իրավիճակ է, իշխանության տրանզիտի ներկայիս փուլում սրվել է իշխող վարչակարգի տարբեր խմբավորումների միջեւ պայքարը, որը պատճառ է դարձել տեղեկատվական արտահոսքերի: Սա առնչվում է նաեւ Ռուսաստանի «ղարաբաղյան» քաղաքականությանը, եւ պետք է սպասել արտահոսքերի նաեւ այս ուղղությամբ, թեեւ արդեն իսկ եղած տեղեկատվությունը, պաշտոնական շրջանակների հայտարարությունները բավականաչափ լույս են սփռում տեղի ունեցածի վրա: Պարզապես ուշադիր լսել ու տեսնել է պետք, մի կողմ դնելով դրանց «հեղինակային մեկնությունները»: Ինքնին քարոզչական նման ուղղվածությունը շատ բանի մասին է վկայում:

    Կոնստանտին Զատուլինի հայտարարությունն անշուշտ այս իրողությունների արտահայտությունն է, առաջին լուրջ «բացահայտումը» պաշտոնական մակարդակում:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 1
    •