• Fri. Apr 23rd, 2021

Առաջարկել են այնպիսի թեկնածու, ով անցողիկ չէ, հեռանկարային չէ և գործը տանում է դեպի ձախողում

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենքի փրկության շարժումը» սկսել է մարզային այցեր, առաջինը եղան Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։

Մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասավ Գյումրի ու հայտարարեց, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։

«Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», – ասել է ընդդիմության միասնական թեկնածուն։

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դատապարտել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը.«Դատապարտելի է վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում։ Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում», – ասված է տարածած հաղորդագրությունում: Թաթոյանի խոսքերով՝ մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական պայքարի երկու կողմերն իրար արժանի են. «Երկուսն էլ միասնականության կոչեր են անում, պետության զարգացման, պետությունը փոսից դուրս բերելու մասին, մինչդեռ նրանց հայտարարությունները իրականության հետ որևէ աղերս չեն ունենում։Այդ պատճառով ևս մեկ անգամ համոզվում ենք, որ անհրաժեշտ է երրորդ ուժային կենտրոնի ձևավորումը, որը մենք փորձում ենք անել, բայց դանդաղում ենք»։

Մակեյանը հիշեցրեց որոշ ժամանակ առաջ արված իր հայտարարությունը, թե Վազգեն Մանուկյանը 17 ուժերի հնարավորինս քիչ խոցելի թեկնածուն է.«Բայց պարզվեց, որ նա ևս մտավ նույն լեքսիկոնի մեջ։ Նման բառապաշար օգտագործելով դարձավ ավելի խոցելի։ Դժվար թե իրենք կարողանան Վազգեն Մանուկյանից ավելի լավ թեկնածու ունենալ, բայց այս պարագայում նույնիսկ Վազգեն Մանուկյանը դարձավ շատ ավելի խոցելի, քան կար մինչև քարոզարշավային այս պայքարի վերջին երկու ամիսների փուլը։ Եթե այսպես շարունակվի Նիկոլ Փաշինյանը կպաշտոնավարի մինչև 2023 թվականի վերջը, իսկ դա կործանարար է մեր երկրի համար։ Ես Նիկոլի համար անձնական մեծ ցավ եմ ապրում։ Այն, ինչ կատարվում է իր հետ՝ ինձ համար ևս ցավ է, բայց իր ամեն օրվա մնալը ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը ու երկիրն ավելի խորը ճահճի մեջ թաղում»։

Այս իշխանությունը պետք է լավագույն դեպքում ժամանակավոր անցումային կառավարություն ձևավորի, այդ ժամանակահատվածում հրատապ խնդիրները լուծի ու անցկացնի արտահերթ ընտրություններ՝ «առանց մուկուչյանական թվանկարչության»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով՝ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը շատ հարմար է որպես ձախողման խորհրդանշան. «Քանի որ ես հեղափոխության կողմնակից եմ, դեմ եմ նախկինների քաղաքականություն վերադառնալուն, կարծում եմ, որ հարկավոր է նրանց առաջարկել այնպիսի թեկնածու, որն անցողիկ չէ, հեռանկարային չէ և գործը տանում է դեպի ձախողում։ Այդ իմաստով՝ Վազգեն Մանուկյանը շատ հարմար է, կարելի է ողջունել նրա թեկնածությունը։ Իհարկե Կարելի էր ավելի հարմարը ընտրել, բայց նրանք ընդհանրապես ներկայանալի չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ ձախողման համար Վազգեն Մանուկյանն ամենահարմար թեկնածուն է. «Եվ ես նրան բարի երթ եմ ցանակնում դեպի վերջնական տապալում ու անդունդ»։