• Mon. Mar 8th, 2021

Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն հարցերում կդադարեն արտաքին խաղարկումները

Ադրբեջանցիները հրապարակել են հաշվարկ, ըստ որի՝ Հայաստանի տարածքով Նախիջևանից Բաքու երկաթուղի կառուցելու համար կպահանջվի ավելի քան 435 միլիոն դոլար: Մոսկվայում հունվարի 11-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի հաղորդուղիների բացման վերաբերյալ առաջարկներ:

Մինչ այդ, ռուսական մամուլը ներկայացնում է քարտեզներ՝ հաղորդուղիների հետ կապված: Միևնույն ժամանակ, Հայաստանում աշխուժորեն քննարկվում է այն, թե ինչպես է, որ գերիների հարցը չլուծված, Երևանը ստորագրել է հաղորդուղիների վերաբերյալ փաստաթուղթ: Դա այն դեպքում, երբ պաշտոնապես անգամ ակնարկվել է, որ չի կարող լինել նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի իրագործում, եթե չի լուծված 8-րդ կետը՝ գերիների և անհետ կորածների որոնման հարցը: Այդ հարցադրումը միանգամայն իրավացի ու կարևոր հարցադրում է: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ խոսք չկա հաղորդուղիների բացման որոշման մասին: Խոսք կա դրա շուրջ քննարկումներ սկսելու մասին, ինչը ինքնին չի հակասում Հայաստանի շահին ու անվտանգությանը: Հակասությունը կարող է սկսել այն ժամանակ, երբ 9-րդ կետի լուծման հարցում կլինեն կոնկրետ որոշումներ, առանց 8-րդ կետի լիարժեք լուծման:

Հետևաբար, հաղորդուղիների ուղղությամբ պետք է աշխատել, սակայն այդ աշխատանքը ավելի ու ավելի հստակ կապակցելով գերիների խնդրի լուծմանը և առավել ևս չբացել որևէ հաղորդակցություն՝ չունենալով գերիների հարցում Հայաստանին լիարժեք բավարարող որևէ լուծում: Ընդ որում, այդ հարցում պետք է գալ ներհայաստանյան լիարժեք կոնսենսուսի, բոլոր քաղաքական ուժերի մակարդակով, անկախ քաղաքական դիրքավորումներից: Առանցքային նշանակության հարցերում այդպիսի դիրքորոշումը Հայաստանին դարձնում է արտաքին մարտահրավերների հանդեպ առավել կենսունակ, երբ արտաքին խաղացողներին պարզ է դառնում, որ հարցերը հնարավոր չէ խաղարկել ներքաղաքական պայքարի կամ դիմակայության հանգամանքից օգտվելու միջոցով: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի հայկական քաղաքական դաշտը որևէ կերպ գտնի այդ կոնսենսուսին գալու հնարավորություն, ինչպես նաև այդպիսի կուռ կոնսենսուս ենթադրող կամ պահանջող մյուս առանցքային հարցերի ցանկը ձևավորելու և դրա շուրջ էլ կոնսենսուսի գալու հնարավորություն: Մեկը կարող է պայքարել մյուսի դեմ, բոլորը կարող են պայքարել իրար դեմ, սուր և կոշտ պայքար կարող է լինել իշխանության դեմ, իշխանության համար, սակայն այդ ամենն անելով հանդերձ, պետք է ձևավորվեն ներկայիս բարդ իրավիճակում նվազագույն ապահովագրական գոտիներ, որոնք Հայաստանի Հանրապետության շահը՝ բնականաբար ներառյալ Արցախը, և Հայաստան-Արցախ անվտանգությունը զերծ կպահեն ներքաղաքական պայքարից բխող որևէ ռիսկից: Դա, անշուշտ, բացարձակ երաշխիք չէ, որ Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն հարցերում կդադարեն արտաքին խաղարկումները, և այդ հարցերը օգտագործելով՝ Հայաստանին ինչ-ինչ քաղաքական զիջումների մղելու փորձերը: Դրանք չեն դադարի, պարզապես պետք է բարձրացնել դրանց հանդեպ երկրի դիմադրունակությունն ու նվազեցնել արտաքին միջավայրում այդպիսի հնարավորությունների շրջանակը:

Օրինակ՝ կարելի է անվերջ պնդել վարչապետի հրաժարական և հայտարարել, թե մինչև դա չլինի, Հայաստանը չի կարող պաշտպանել իր շահը: Միևնույն ժամանակ ակնառու է, որ ինքնին այդ հայտարարությունները չեն բերում հրաժարականի, մինչդեռ, եթե խնդիրն ավելի շատ և շուտ Հայաստանի շահն է, քան դրա անվան տակ սեփական քաղաքական շահեր կառուցելը, ապա պետք է վարչապետի պաշտոնանկության և իշխանության համար պայքարին զուգահեռ Հայաստանի շահի ընթացիկ սպասարկման և պաշտպանության համար քայլերը: Դրանցից առանցքայինը կարող է լինել հենց մի քանի հարցերի շուրջ շատ հստակ և սկզբունքային, թեկուզ մեկ սեղանի շուրջ չբարձրաձայնված կոնսենսուսի գալը: Իհարկե, դատելով ներհայաստանյան միջավայրից և քաղաքական դերակատարների մի մեծ մասի վարքագծից, դա թվում է Հայաստանի շահին արվելիք աներևակայելի ռևերանս: