• Mon. Mar 8th, 2021

Նավալնին գալիս է Ռուսաստան որոշակի «իմունիտետ» ձեռք բերա՞ծ․ Թեժ կիրակի ․․․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հանկարծ հայտարարել է, որ կայացրել է կիրակի Մոսկվա վերադառնալու որոշում: Նավալնին, ինչպես հայտնի է, Բեռլինում է, որտեղ տեղափոխվեց անգիտակից, գրեթե մահամերձ վիճակում՝ Ռուսաստանում թունավորումից հետո: Գերմանիայում հաստատեցին, որ Նավալնուն փորձել են թունավորել «Նովիչոկ» տեսակի հայտնի մահաբեր քիմիական նյութով:

Փաստորեն ստացվում է պատկեր, որ Նավալնուն փրկեցին հրաշքով: ՌԴ նախագահ Պուտինն այդ առնչությամբ դեկտեմբերի վերջին հայտարարեց, թե՝ եթե հատուկ ծառայությունները ուզեին սպանել Նավալնուն, ապա նա չէր մնա ողջ: Այդուհանդերձ, մնում է բաց, թե հատկապես ինչ է ՌԴ նախագահի խոսքի տողատակում. Նավալնին ողջ է, որովհետև նրան հատուկ ծառայություննե՞րը չեն թունավորել, թե՞ ողջ է, որովհետև նրան թունավորել են, սակայն ամենևին ոչ սպանելու նպատակով: Պատմությունն իսկապես բավականին խորհրդավոր է, նաև այն առումով, որ թունավորելով հանդերձ, հատուկ ծառայությունները չէին հոգացել, որ ուշանար բժշկական օգնությունը: Չէ՞ որ կարող էին, եթե ցանկանային: Թե՞ համոզված էին, որ չի լինի այսպես ասած՝ վրիպում, և ոչ մի բժիշկ էլ չի օգնի, եթե գա ժամանակին: Միևնույն ժամանակ, հատկանշական էր, որ Ռուսաստանի իշխանությունը թույլ տվեց Նավալնուն տեղափոխել Գերմանիա, թերևս լավ պատկերացնելով, որ այնտեղ ընդամենը հաստատելու կամ պնդելու են թունավորումն ու վերագրեն ՌԴ իշխանությանը:

Ի դեպ, օրինակ, 2000 թվականին «Կուրսկ» սուզանավի աղետի ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը տևական ժամանակ խուսափել էր արևմտյան երկրների տեխնիկական օգնությունից, այսպես ասած՝ ռազմական գաղտնիքներ չբացահայտելու համար: Մինչդեռ կարծիք կար, որ այդ օգնությունը ժամանակին ընդունելու դեպքում հնարավոր կլիներ փրկել նավաստիներից շատերի կյանքը: Իսկ ահա Նավալնու դեպքում ռուսական կողմը շատ արագ համաձայնեց նրան Գերմանիա տեղափոխելուն: Այդ մանրամասները դիտարկելը կարևոր է, որովհետև անկասկած է, որ այստեղ անձի խնդիր չէ: Նավալնին երևույթ է, ակնհայտորեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև զարգացող որևէ քաղաքական երևույթ, առայժմ անհասկանալի նպատակով կամ հեռանկարով: Անհասկանալի է ընդհանրապես ՝ Նավալնի երևույթը նպատակո՞վ երևույթ է, թե՞ այն երևույթ է, որի կարևորությունն, այսպես ասած, գործընթացն է, իսկ նպատակը՝ «հետո կտեսնենք» տարբերակով: Բոլոր դեպքերում, հենց դրանով հանդերձ Նավալնի երևույթը դիտարժան պետք է լինի նաև Հայաստանից, որովհետև այն իրենով շոշափում է թե՛ Արևմուտք-Ռուսաստան, թե՛ ներռուսական հարաբերությունների կարևոր և նուրբ շերտեր:

Ահա այդ իմաստով էլ ուշադրության է արժանի Բեռլինից Մոսկվա վերադառնալու Ալեքսեյ Նավալնու որոշումը, որի մասին նա ազդարարեց նախօրեին: Թերևս կասկածից վեր է, որ Նավալնին «մահապարտ» չէ, որպեսզի վերադառնա մի տեղ, որտեղ նրան սպասում է հետապնդում: Նոր մահափորձի մասին խոսել, թերևս, չարժե, ՌԴ իշխանությունը եթե անգամ արել է մեկը ու չի ստացվել, ապա համաշխարհային արձագանքից հետո երկրորդը չի անի հաստատ: Այդ պարագայում, Նավալնին գալիս է Ռուսաստան որոշակի «իմունիտետ» ձեռք բերա՞ծ: Որովհետև դժվար է պատկերացնել նաև, թե Կրեմլին կարող է պետք լինել նրան իրավական հետապնդման ու ազատազրկման ենթարկելը տեղի ունեցածից հետո: Դա, բացի Կրեմլի համար նոր խնդիրներից, հազիվ թե հանգեցնի այլ լուծումների: Հետևաբար, եթե Նավալնին վերադառնում է Ռուսաստան, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Ռուսաստան է վերադառնում բոլորովին այլ Նավալնի: Իսկ դա տալիս է բազմաթիվ այլ մտորումների առիթ, Ռուսաստանում ներքին զարգացումների տեսանկյունից: Ընդ որում, խոսքն, անշուշտ, այն մասին չէ, որ Նավալնին կվերադառնա և հենց օդանավակայանից կսկսի ինչ-որ հեղափոխություն: Իհարկե՝ ոչ: Նավալնու վերադարձը ավելի շուտ ենթադրելու է նաև Ռուսաստանի կառավարող շրջանակների միջև խմորումների նոր մակարդակ, հետո միայն, զուգահեռ՝ հանրային տրամադրությունների, այն էլ կախված հենց էլիտայի ներսում խմորումներից: Բայց, անկասկած է, որ Նավալնու վերադարձը ենթադրում է ոչ միայն նոր, այլ նաև հանգուցալուծման մոտեցող փուլ: Այն վերջինն է, թե ոչ, իհարկե բարդ է ասել, սակայն որ մեկ քայլ է այդ ուղղությամբ, թերևս, անկասկած: