• Mon. Mar 8th, 2021

Արցախում դասական իմաստով երկիշխանություն է

Արցախում Վիտալի Բալասանյանի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելուց և այդ մարմնին լայն լիազորություններ ընձեռելուց հետո մեծ թափ առան խոսակցություններն այն մասին, որ այժմ երկրում փաստացի ղեկավարը հենց Բալասանյանն է։

Հիշեցնենք, որ տարեվերջին հաստատված փոփոխություններով՝ երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող ցանկացած որոշում այսուհետ պետք է ստանա Անվտանգության խորհրդի հավանությունը։

Ինքը՝ Բալասանյանը, արդեն իսկ հայտարարել է մի շարք սահմանափակումների մասին։ Ըստ նրա՝ պետք է արգելվեր Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտագործումը պաշտոնատար անձանց կողմից։ Անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չպետք է Ֆեյսբուքում օգտահաշիվ ունենար։

Այս բոլոր քննարկումների ֆոնին կա ուշագրավ մեկ այլ տեղեկատվություն՝ առ այն, որ Վիտալի Բալասանյանին այդպես էլ չի հաջողվում Արցախում իշխանությունն ամբողջությամբ յուրացնել։ Ապացույցն էլ օրերս տեղի ունեցած «խղճուկ» խորհրդակցությունն է։ Հունվարի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ։ Ինչպես հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից՝ խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ընդգծվել է առկա տվյալներն ամբողջացնելուց հետո համապատասխան իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար ևս մի քանի անձ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Արցախում տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի և ընտրված իշխանությունների՝ Հայաստանի հետ կապված իշխանությունների դիրքերի որոշակի անկում: «Այսինքն՝ քաղաքական պրոցես տեղի ունեցավ, որը տարբեր ուղղություններ ուներ։ Անկման ժամանակաշրջանն այն ընթացքն էր, որի մասին մենք խոսել ենք նախկինում։ Դա այն ժամանակն էր, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ շուտով կլինեն արտահերթ ընտրություններ, ու ինքն այլևս չի առաջադրվի, և Վիտալի Բալասանյանին նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Միաժամանակ Վիտալի Բալասանյանը և Դաշնակցությունը համագործակցության համաձայնագիր կնքեցին Արայիկ Հարությունյանի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց փոփոխություն տեղի ունեցավ, և տարեվերջին Վիտալի Բալասանյանն ու Դաշնակցության Արցախի մարմինը նոր հայտարարություն տարածեցին, որ դուրս են գալիս այդ համաձայնությունից, քանի որ տեղի են ունենում նշանակումներ, որոնք իրենց հետ համաձայնեցված չեն»,- ասաց նա։

Այս իրողության հետևանքով, ըստ մեր զրուցակցի, կարող ենք ենթադրել, որ այնուամենայնիվ գործընթացը վերադարձել է այլ հուն. «Արայիկ Հարությունյանը և Հայաստանի իշխանությունների հետ որոշակի համաձայնության դաշտում գործող քաղաքական դերակատարները ուշքի են եկել հետպատերազմյան իրականությունում, և Արցախում իշխանությունն այլևս միակողմանիորեն չի գլորվում դեպի Վիտալի Բալասանյան ու իր մերձ շրջանակներ։ Այնտեղ կա իշխանության որոշակի բաշխում, ու այդ բաշխման արդյունքում մենք երկու թև ունենք, որոնցից մեկը ՀՀ ներկայիս իշխանություններին է հարում, մյուսը՝ նախկին։ Գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, չենք կարող նշել, թե որ կողմն ունի առավելություն»։

Դիտարկմանը՝ արդյոք կարո՞ղ ենք խոսել Արցախում երկիշխանության մասին, նա ասաց. «Չի կարելի ասել, որ դասական իմաստով երկիշխանություն է, որովհետև գործընթացը շարունակվում է, ու հաստատված չէ այս վիճակը։ Ամեն պահի կողմերից մեկը կարող է առավելություն ստանալ, ու կարող է նաև ձեր նշած երկիշխանությունը հաստատվել տևական ժամանակով։ Պարզապես կարող ենք այսպիսի արձանագրում կատարել՝ Արցախում տեղի է ունենում քաղաքական իշխանության բաշխման գործընթաց, որը տևում է բավական երկար»։