• Tue. Mar 2nd, 2021

    Թուրքիան փորձում «անկախացնել» Նախիջևանը և որոշակի իմաստով նաև՝ Ադրբեջանը Իրանից

    Իգդիր-Նախիջևան գազամուղը, որի երկարությունը կլինի մոտ 82 կմ, նախատեսվում է կառուցել մինչև տարեվերջ: Դրանով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կհասնի Նախիջևան: Նախագծի մասին հայտնի դարձավ Արցախի դեմ պատերազմից հետո, որի արդյունքներից մեկը Թուրքիայի համար այն էր, որ Անկարան փաստորեն հայտնվեց իրանա-ադրբեջանական սահմանին, առայժմ Արաքսի հյուսիսային ափում:

    Ինչու առայժմ, որովհետև կան մի շարք հանգամանքներ՝ ենթադրելու կամ եզրակացնելու, որ Թուրքիան ունի լուրջ հավակնություն Արաքսից դեպի հարավ: Դրա վկայություններից մեկն էլ թերևս Իգդիր-Նախիջևան գազամուղի գաղափարն է, որ հայտնվեց պատերազմից հետո, և փաստորեն դրա իրականացման նախատեսվող արագությունը՝ մինչև 2021 թվականի վերջ:

    Բանն այն է, որ այդ գազամուղը Նախիջևանը, առնվազն գազամատակարարման իմաստով, կտրելու է Իրանից: Ներկայումս Նախիջևանի գազամատակարարումը իրականացվում է ադրբեջանա-իրանական սվոփ պայմանավորվածությամբ: Այսինքն՝ իրանական գազը գնում է դեպի Նախիջևան այլ խողովակով, իսկ մեկ այլ խողովակով էլ Իրանը դրա դիմաց գազ է ստանում Ադրբեջանից: Ընդ որում, հատկանշական է, որ այս տարիների ընթացքում Բաքուն չի փորձել նախաձեռնել Իրանի տարածքով ուղիղ գազամատակարարման ենթակառուցվածք դեպի Նախիջևան:

    Իգդիր-Նախիջևան գազամուղի կառուցումը կնշանակի, որ Ադրբեջանը կստանա դեպի Նախիջևան ուղիղ գազամատակարարում իրականացնելու հնարավորություն, այսպես կոչված՝ ՏԱՆԱՊ գազամուղով: ՏԱՆԱՊ-ը, ինչպես հայտնի է, Եվրամիության գազամատակարարման ծրագիր է, որով ադրբեջանական գազը նախատեսվում է հասցնել Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Ընդ որում, դա ակնհայտորեն նաև ռուսական գազին այլընտրանքային ծրագիր է: Այժմ փաստորեն Թուրքիան ու Բաքուն այլընտրանք են ստեղծում նաև Նախիջևանին Իրանի միջոցով գազամատակարարման համար՝ այդպիսով գնալով առնվազն այդ հարցում Իրանից «անկախանալուն»: Իսկ դա կարևորագույն հարց է՝ հաշվի առնելով էներգետիկայի էական նշանակությունը:

    Իսկ թե ինչու է Թուրքիան փորձում «անկախացնել» Նախիջևանը և որոշակի իմաստով նաև՝ Ադրբեջանը Իրանից, թերևս այդքան էլ բարդ չէ եզրակացնել կամ դիտարկել, այդ թվում նաև Իրանի էլիտային, որը մեծ հաշվով լուռ հետևում էր Արցախի դեմ թուրքական գրոհին և իհարկե որոշակիորեն այլ իմաստով ու տրամաբանությամբ, սակայն նաև Արցախը իրենից կտրելուն:

    Spread the love
    •  
    •  
    •  
    •  
    • 6
    •